«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում հասցրել է ավելացնել իր դրամական միջոցները: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2017 թ. սկզբին ունեցել է 50 հազար ամերիկյան դոլար ու 10 միլիոն դրամ դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ դրամով արտահայտված գումարը ավելացել է ևս 4 միլիոն 447 հազար դրամով:
Ըստ հայտարարագրի՝ հենց նույնքան էլ կազմել են Սարգսյանի տարեկան եկամուտները՝ 4 միլիոն 447 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է: Եթե պաշտոնյայի դրամական միջոցներին տարեվերջին ավելանում է ամբողջ մեկ տարվա ընթացքում ստացած աշխատավարձ, ստացվում է, որ Սարգսյանն իր աշխատավարձից գումար չի ծախսել:
Ըստ Սարգսյանի մեկ այլ հայտարարագրի, նրա սեփականությունն են համարվում բնակարանն ու երկու ավտոմեքենաները՝ «VOLKSWAGEN PASSAT 1.8 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում