«Մենք նաեւ քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Մենք լրջորեն ենք տրամադրված եւ հանձնառու ենք շարունակելու մեր համակարգային եւ հետեւողական ամենօրյա աշխատանքը կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը` որպես երկրի նախագահ այս տարվա հունվարի 24-ին մասնակցելով ԵԽԽՎ լիագումար նիստին: Եւ ընդհանրապես, պաշտոնավարման վերջին կես տարում Ս.Սարգսյանը հաճախ էր խոսում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որպես քաղաքական կամքի մասին վկայություն մատնանշում հենց ապօրինի հարստացումը քրեականացնելը: Բայց հազիվ թե Սերժ Սարգսյանը մտածեր, որ միջազգային կառույցների ամբիոններից իր գովազդած օրենսդրական փոփոխությունների համաձայն` առաջին քրեական գործերը կհարուցվեն հենց իր մերձավորների դեմ: Ինչպես հիշում եք, Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն արդեն կալանավորվել է ապօրինի հարստացման մեղադրանքով: Երկրորդ քրեական գործով էլ երեկ մեղադրանք էլ առաջադրվել է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին ու նրա զավակներին՝ Նարեկ եւ Անի Սարգսյաններին: ՀՔԾ-ն Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին: Փաստորեն, օրենքը, որի մասին առանձնահատուկ հպարտությամբ խոսում էր Սարգսյանը, իր պաշտոնավարման օրոք այդպես էլ չգործեց, փոխարենը թավշյա հեղափոխությունից հետո ականատես ենք լինում կոռուպցիոն բացահայտումների, որոնց կիզակետում Սերժ Սարգսյանի ազգականներն ու մերձավորներն են կամ նրա իշխանության օրոք բարձր պաշտոն զբաղեցրած անձինք: Բացահայտումները, որոնց ականատես ենք լինում այս օրերին, իրոք, ապշեցնող են իրենց ծավալներով, դրսեւորումներով. տարիներ շարունակ իշխանության ղեկին գտնված անձինք պարզապես աներեւակայելի կերպով թալանել են երկիրը: Եւ դժվար է ասել` դեռ որքան կխորանար այս ամենը, եթե տեղի չունենար թավշյա հեղափոխությունը: Բայց այս ամենի համատեքստում ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների լռությունն է: ՀՀԿ ներկայացուցիչներն ամեն առիթով այլեւս չեն փորձում խոսել նոր իշխանությունների կողմից իբր քաղաքական հալածանքների մասին, իսկ Սարգսյանի գրասենյակն էլ որեւէ կերպ չի մեկնաբանում կատարվողը:
«Էլայզեռ» ընկերության անունը շատերին հայտնի դարձավ դեռեւս անցյալ տարի, երբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտարարվեց, թե 2016-2017թթ. ընթացքում ՊՆ-ի կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն մարգարին ու սպրեդ է մատակարարվել: Այս գործով դեռ կալանքի տակ է ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Հայրապետյանը: Բայց նրա եղբոր՝ Արման Հայրապետյանի ներկայացրած փաստերից միանգամայն այլ պատկեր է ստացվում. Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման օրոք պաշտպանության նախարարության աշխատակազմը որոշել է, թե իբր մատակարարված կարագն իրականում սպրեդ ու մարգարին է, բայց հետո ՊՆ-ն օգտագործել է 180 տոննա ապրանքի զգալի մասը՝ 160 տոննան: Իսկ այս ողջ պատմությունը սարքվել է այն բանի համար, որ ՊՆ-ն խզի «Էլայզեռի» հետ մատակարարման պայմանագիրը եւ չվճարի դեռեւս չվճարված ապրանքի դիմաց: «Քանի որ ԱԱԾ կողմից կատարված փորձաքննություններից հետո ՊՆ-ն նոր փորձաքննությունների է ենթարկել այդ ապրանքը, այդ թվում` արտերկրում, որոնց արդյունքներով պարզվել է, որ այդ ապրանքն իրականում կարագ է, ուստի եւ տրամադրվել է անձնակազմին»,- «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է Ա. Հայրապետյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Աղվան Հովսեփյանի հրաժարականին` ասելով, թե ինքը նման հորդորով չի դիմել: Միաժամանակ, սակայն, Փաշինյանը հավելել է. «Աղվան Հովսեփյանը երեւի զգացել է, որ ինքը պետք է հեռանա, բայց կհորդորեի ես իրեն հրաժարական տալ եւ ուրախ եմ, որ տվել է»: Նկատենք, որ ինքը՝ Աղվան Հովսեփյանը, մասնակցել է ՀՀ դատախազության կազմավորման հարյուրամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվել է պատասխանել իր հրաժարականի մասին հարցերին: «Հիմա ազատ մարդ եմ, կարող եմ չպատասխանել Ձեր հարցերին»,- ասել է Հովսեփյանը: Հիշեցնենք, որ Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն է եղել 2008թ. իրադարձությունների ժամանակ, ասել է թե, պատասխանատվության իր բաժինն ունի մարտի 1-ի շինծու քրեական գործերի եւ դրանց շրջանակներում անմեղ մարդկանց դատապարտելով` ՀՀ-ում հարյուրավոր քաղբանտարկյալներ ունենալու անպատվաբեր խնդրում:
Ինչպես հայտնի է, հայ-նախիջեւանյան սահմանին վերջին օրերին լարվածությունն աճել է. հունիսի 30-ի երեկոյան եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջեւանյան ուղղությամբ՝ որոշ տեղամասերում, փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան` ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ էին բացել` թույլ չտալով հակառակորդին կատարելու իր խնդիրը: Արցախյան ազատամարտի մասնակից Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե այսպես Ադրբեջանը փորձում է պատերազմ սադրել:«Ադրբեջանն ամեն գնով ուզում է պատերազմի կամ շանտաժի միջոցով իր նպատակին հասնել:Եվ կարծում եմ` այսօր մենք մտածելու տեղիք ունենք, որովհետեւ եթե պատերազմն իրենք սկսեն, մենք պետք է պատրաստ լինենք ամեն կերպ հարված տալու»,- ասել է նա՝ հավելելով,- «բայց այնքանով է լավ իրավիճակը մեզ համար, որ մենք նախկին ռեժիմից ազատվել ենք եւ այժմ ի դեմս Հայաստանի` ունենք ուժեղ իշխանություն, ժողովրդի վստահությունն ունեցող իշխանություն»:
ԴԺՎԱՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋ
Արդեն տասը օր է՝ բնապահպանները շարունակում են բողոքի իրենց ցույցերն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման. նրանք պնդում են՝ հանքավայրի շահագործումը բնապահպանական անդառնալի վնասներ է հասցնում Հայաստանին: Բնապահպանները փակել են դեպի հանքավայր տանող ճանապարհները` արդյունքում զրկելով հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանը գործելու հնարավորությունից: Ի պատասխան՝ բողոքի ցույցեր են սկսել Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները: Նրանք էլ պնդում են, թե զրկվել են աշխատանքի հնարավորությունից, ավելին՝ հանքը շահագործող ընկերությունը պնդում է, թե չաշխատելու հետեւանքով արդեն հինգ միլիոն դոլարի վնաս են կրել: Կառավարությունից էլ այս կապակցությամբ նշել են, թե հանքերում իրականացվելիք ստուգումները սկսելու են հենց Ամուլսարից, ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ` Ամուլսարին վերաբերող հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա:
Եթե անկեղծ, ապա նկատենք, որ բոլոր կողմերն էլ ճիշտ են իրենց պնդումներում. մի կողմից հանքավայրի շահագործման հետեւանքով բնապահպանական խնդիրների լուրջ վտանգներ կան, չնայած «Լիդիան Արմենիա»-ի ղեկավարությունը հակառակն է պնդում: Մյուս կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանում վերջին տարիների խոշորագույն ներդրողներից մեկն է, եթե չասենք ամենամեծը: Նախորդ կառավարության օրոք ներդրումների ոլորտում որոշակի աճ հենց այս ընկերության հաշվին էին ցույց տալիս. հիշո՞ւմ եք օֆշորային Ջերսի կղզուց ՀՀ-ում արված ներդրումները:
Այնպես որ, այս հարցում Հայաստանի նոր կառավարության գործն իրոք բարդ է: Երկուստեք գոհացնող որոշումներ կայացնելը հեշտ չի լինելու: Առավել եւս, երբ փաստ է, որ նախորդ իշխանությունների որոշումները հատկապես նման դեպքերում առավել քան խնդրահարույց են եղել, ասել է թե՝ ստուգումների արդյունքում չի բացառվում, որ լրջագույն խախտումներ հայտնաբերվեն: Եւ սա` ոչ միայն Ամուլսարի հետ կապված, այլեւ ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտում: Իսկ այդ բոլոր որոշումները սրբագրելու ճանապարհին էլ չի բացառվում, որ հանքարդյունաբերող ընկերությունները պարզապես դադարեցնեն իրենց գործունեությունը` վնաս հասցնելով տնտեսությանը: Ի վերջո, արդեն տեւական ժամանակ է` Հայաստանի տնտեսությունը հենված է հենց հանքարդյունաբերության վրա: