Ինչպես հայտնի է, հունիսի 30-ի երեկոյան եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան` ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ էին բացել` թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող Վահագն Բաղդասարյանը: Երեկ հանրապետական կենտրոնական հավաքակայանում անդրադառնալով այս դեպքերին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ Նախիջեւանում իրավիճակը վերահսկելի է, եւ անհանգստանալու ոչինչ չկա: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչ, արցախյան պատերազմի հրամանատար Վահան Բադասյանի հետ:
-Պարո՛ն Բադասյան, Նախիջեւանում Ադրբեջանի ԶՈՒ-երի ակտիվությունն ի՞նչ է հուշում:
-Կարծում եմ` իրավիճակն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սադրանք է, որ Ադրբեջանն ամեն գնով ուզում է պատերազմի կամ շանտաժի միջոցով իր նպատակին հասնել: Եվ կարծում եմ` այսօր մենք մտածելու տեղիք ունենք, որովհետեւ եթե պատերազմն իրենք սկսեն, մենք պետք է պատրաստ լինենք ամեն կերպ հարված տալու: Բայց այնքանով է լավ իրավիճակը մեզ համար, որ մենք նախկին ռեժիմից ազատվել ենք եւ այժմ ի դեմս Հայաստանի` ունենք ուժեղ իշխանություն, ժողովրդի վստահությունն ունեցող իշխանություն: Ես նախորդ տարիներին նշել եմ, որ հնարավոր է` պատերազմն Արցախում չսկսվի, այլ Նախիջեւանի սահմանին սկսվի, քանի որ Թուրքիան հնարավորություն կունենա այդ ձեւով ներքաշվել պատերազմի մեջ եւ իր բանակն օգտագործել: Ես կարծում եմ` այդպես էլ լինելու է: Շատ մտածելու տեղիք չկա, եւ հիմա եթե պատերազմ է, պետք է այդ պատերազմն ընդունել: Մենք չենք կարող ուրիշ ձեւ ապրել: Մնում է միայն` հայկական կողմը պատրաստվի դրան:
-Իսկ արցախյան ուժերը պատրա՞ստ են դիմակայելու:
-Չնայած Արցախում ռեժիմը պահպանվում է, ես համոզված եմ, որ պատերազմը սկսելուն պես այլ իրավիճակ է լինելու, քանի որ արդեն գործում է հայաստանյան վստահելի իշխանության հանգամանքը, եւ Արցախում չեն կարող ուրիշ ձեւով վարվել: Անկարող կադրերը, անկարող ուժերը արդեն չքանալու, մի կողմ են քաշվելու: Արցախում էլ ամեն ձեւով պատրաստ են, անպատրաստ ոչինչ չկա: Այս պահին Արցախի հարավային ուղղությամբ ցուցադրական աշխատանքներ են հակառակորդի կողմից: Մեր ուժերը գտնվում են առաջնագծում եւ պատրաստ են դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգության: Համոզված եմ, որ հակառակորդի ցանկացած հարձակում` թեկուզ թուրքական ուժերի ուղեկցությամբ, ավարտվելու է իրենց պարտությամբ, եւ ստիպված են լինելու բանակցություններում ավելացնել եւս երկու շրջան Արցախին վերադարձնելու խնդիրը:
-Դուք ասացիք, որ Արցախում ռեժիմը դեռեւս պահպանվում է: Հայտնի է, որ կադրային փոփոխություններ եղան: Դրանք դրական ազդեցություն չունեցա՞ն:
-Այդ կադրերի նշանակումը չի կարող համակարգային փոփոխությունների բերել: Դրականն այն է, որ վախի մթնոլորտը եւ նախկին ռեժիմի կոշտ ու կոպիտ լինելն այլեւս գոյություն չունի: Բայց իշխանությունը համարժեք չէ մեր ազգային բնավորությանը: Տեսեք, 2016 թ. ապրիլին մենք համարժեք գործողություններ չտեսանք: Եվ պատճառներից մեկն էլ հայաստանյան եւ արցախյան ռեժիմն էր, որ մենք չկարողացանք պատշաճ կերպով անմիջապես հակահարված տալ հակառակորդին: Հիմա կարծում եմ` այդպես չի լինի, իրենք տեղի կտան, եւ մենք հնարավորություն կունենանք ավելի ակտիվ գործելու: Փոփոխություններ երեկ էլ եղան. Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանին նշանակեց խորհրդական, բայց դա չի նշանակում, որ Բակո Սահակյանի իշխանությունը ճգնաժամ չունի: Ունի ճգնաժամ, եւ որքան արագ Սահակյանը հրաժարական տա, եւ նոր նախագահ ընտրվի ԱԺ կողմից այս անցումային փուլում, այնքան ավելի իրադրությունը կլինի մեր օգտին:
-Այս ֆոնին ՀԱՊԿ-ը պե՞տք է միջամտի:
-ՀԱՊԿ-ը գոյություն չունի: Դա դեկլարատիվ մի կառույց է, որը հիմնականում ծառայում է Հայաստանի ժողովրդին հույսեր տալու եւ Ռուսաստանի դերը տարածաշրջանում մեծացնելու համար: ՌԴ-ն շարունակում է մնալ մեր ոխերիմ բարեկամը: Դա պատմական փաստ է:
«ԲՈԼՈՐԸ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՈՒ ՍՐԲԵՐ ԷԻՆ, ՄԵՋՆԵՐԻ ՍԱՏԱՆԱՆ ԵՍ ԷԻ»
2012թ. կալանավորվել, իսկ 2014-ին դատավճռով 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել այն ժամանակ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանը: Պատճառը պետբյուջեից 300 մլն դրամի յուրացումն էր: 2017 թ. սեպտեմբերի 28-ին, սակայն, Խաչիկյանն ազատ արձակվեց՝ Սերժ Սարգսյանի կողմից ներում ստանալով. կրճատվել էր նրա պատժաժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին զրուցել է Վազգեն Խաչիկյանի հետ:
-Պարո՛ն Խաչիկյան, երկրում քաղաքական իրավիճակ փոխվեց: Հիմա ձեզ որեւէ աշխատանքում պատկերացնում եք:
-Այս պահին ես ինձ պատկերացնում եմ միայն զբոսաշրջության մեջ: Իսկ պետական համակարգ վերադառնալու առումով նախեւառաջ ես ցանկություն չունեմ, երկրորդը` չեմ կարծում, որ նման ցանկություն կա այդ որոշումներն ընդունողների մոտ: Բայց եթե իմ կարիքը զգացվի, ես, իհարկե, միշտ պատրաստ եմ:
-Այլեւս չե՞ք ցանկանում քաղաքականություն վերադառնալ:
-Ո՛չ: Հայաստանում քաղաքականությունը նման է Այվազովսկու 9-րդ ալիքին: Ալիքները շատ մեծ են, եւ նավդ պետք է ամուր լինի, նավապետդ` վստահելի: Հիմա ես ո՛չ նավ ունեմ, ո՛չ վստահելի նավապետ: Այնպես որ, հանգիստ ինձ համար զբոսաշրջությամբ եմ զբաղվում:
-Սերժ Սարգսյա՞նն էր Ձեր նավապետը:
-Ո՛չ, անուններ չեմ ուզում տալ: Այս պահին գոնե ես դրա մասին չեմ էլ մտածում: Ես մտածում եմ, որ պետք է խաղաղվի քաղաքական դաշտը:
-Հեղափոխության փաստն ու Ս. Սարգսյանի հրաժարականն ինչպե՞ս ընդունեցիք:
-Ինչպես ասում են` Աստված բարին թող կատարի: Անկախ անձանցից, համակարգից` կուզեի, որ սա ծառայի ՀՀ-ին: Ով էլ ուզում է լինի վարչապետ, նախագահ, ես միշտ իմ պետության, իմ ժողովրդի կողքին եմ: Ավելին ասեմ` պատրաստվում եմ նամակ ուղղել կառավարությանը` կապված համայնքների զարգացման ուղիների եւ դրանում կառավարության մասնակցության հետ:
-Դուք 12 տարվա փոխարեն 3 տարի անցկացրիք ազատազրկման մեջ: Եվ շատերը բարձրացնում էին այն խնդիրը, որ ամբողջական պատիժ չկրեցիք:
-Լավ կլիներ, որ շահարկումներ լինեին այն ժամանակ, երբ ինձ 12 տարվա պատժաչափ էին տալիս: Եվ դա իրավական առումով ակնհայտ խնդիր էր: Մենք բոլոր հնարավորություններն ունեինք դիմելու Եվրադատարան, բայց ես դատարանի իմ ճառում էլ եմ ասել. երբեք չի լինի այդպես` Վազգեն Խաչիկյանն ընդդեմ ՀՀ-ի:
-Դուք Ս. Սարգսյանի ներմամբ ազատ արձակվեցիք: Այժմ հնարավո՞ր է` գործը վերաբացվի:
-Ես ինքս շահագրգիռ չեմ, չնայած գուցե գա մի ժամանակ, որ անդրադառնամ դրան, որպեսզի արդարացման հիմքով գործը վերանայվի:
-Դուք համարում եք, որ նախկին իշխանությունն անարդարացի՞ վարվեց Ձեզ հետ:
-1991 թ. սեպտեմբերի 21-ից առ այսօր չի եղել որեւէ անձ, ով մասնակցել է կառավարության նիստերին եւ ազատազրկվել է: Ոչ թե ձերբակալվել, կալանավորվել, այլ ազատազրկվել է` իր պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված: Դրանից 2 հետեւություն. կա՛մ բոլորը հրեշտակներ եւ սրբեր էին, մեջների սատանան միայն ես էի, կա՛մ մեկ այլ տարբերակ, որը կա:
-Ձեր գործի քննության շրջանում կարծիք կար, որ Դուք յուրացրած գումարը չեք կիսել իշխանության հետ, այդ իսկ պատճառով նրանք որոշեցին պատժել Ձեզ:
-Ո՞վ ասաց, որ ես յուրացրել եմ: Մեղադրանք որ առաջադրվեց, նայեք այդ ժամանակվա դատախազի դեմքին, եւ Ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Եթե ես կոռուպցիոներ լինեի, Հայաստանում Ձեր պատկերացրած օլիգարխներից մեկը կլինեի:
Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՆՎԱԶԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնական վիճակագրության տվյալներով` առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել 2.4 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 111 հազար 800 տոննա հաց` անցած տարվա նույն ժամանակահատվածի 114 հազար 600 տոննայի դիմաց: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ այս նվազումը պայմանավորված է բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման հետ, քանի որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, արտադրության ծավալները:
ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դատական համակարգի շուրջ նոր կռիվ է հասունանում: Մի շարք աղմկահարույց քրեական գործերով կալանավորվածների հարազատները փաստի առաջ են կանգնել: Մասնավորապես պաշտպանները մեղադրյալների ազատ արձակման մասով միջնորդություններ են ներկայացրել դատարան, որ նրանց խափանման միջոցը` կալանավորումը, փոխարինվի գրավով, սակայն որոշ դատավորներ այդ միջնորդությունները քննել են շուրջ 1 ամիս, մի հանգամանք, որը պաշտպանները համարում են անթույլատրելի: Ու դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբանները խնդրի հետ կապված դիմում են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Ըստ մեր տեղեկությունների` առաջիկայում չի բացառվում, որ ՀՀ վճռաբեկ դատարանը այս հարցով հանդես գա հայտարարությամբ: Սա էլ դեռ քիչ չէ, տարբեր քրեական գործեր քննող դատավորներ իրենց վարույթում քննվող քրեական գործերով նիստեր են նշանակել ամիսը մեկ անգամ, իսկ ահա այս օրերին գնացել են արձակուրդի: Սա էլ զայրացրել է կալանավորվածների հարազատներին, եւ ոմանք դատական համակարգի անգործության պատճառով հնարավոր է դուրս գան փողոց:
«ՍՊԱՅԿԱ»-Ն ՄԹԵՐՈՒՄ Է
Հայաստանում գյուղապրանքների պահածոյացմամբ, բեռնափոխադրմամբ եւ թարմ մրգերի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը շարունակում է ծիրանի ինտենսիվ մթերումը: «Ժողովուրդ» օրաթերթն ընկերության` գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ արտահանվել է 4500 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարում ընկերությունը արտահանել է 3440 տոննա ծիրան: Անտինյանի խոսքերով` ծիրանի մթերումը դեռ չի ավարտվել, բայց կանխատեսվում է, որ մթերման ավարտին ծիրանի արտահանումը կկազմի 5000 տոննա: Ինչպես հայտնի է, ընկերությունը ծիրան արտահանում է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Էդուարդ Անտինյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց նաեւ, որ ընկերությունը այս պահի դրությամբ մթերել է միայն ծիրան, իսկ առաջիկայում` մոտ օրերս, նախատեսում է մթերել նաեւ դեղձ, սեւ սալոր եւ խաղող: