ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԲԱ՞Ց, ԹԵ՞ ՓԱԿ ՑՈՒՑԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները լայն թափով շարունակվում են: Վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն արդեն երկու նիստ է անցկացրել: Սակայն դեռ ոչ մի նիստ չի անցկացրել Ազգային ժողովի պատգամավորներից ձեւավորված աշխատանքային խումբը. նրանց առաջին նիստը նախատեսված է վաղը: Արդեն իսկ վարչապետին առընթեր խումբն ասել է, որ քննարկումների հիմնական թեման 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն է:

Սակայն համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված ուժերի միջեւ կրկին վերջնական որոշում առկա չէ: Մասնավորապես, դեռ պետք է որոշվի` ցուցակները լինելու են բաց, թե փակ:
Նախ նշենք, թե որոնք են այս երկուսի տարբերությունը:
Փակ ցուցակը հայտնի տարբերակն է, որ գործել է նաեւ նախկինում: Ընտրություններին մասնակցող ուժերի քվեաթերթիկներում գրվում է առաջին երեք քաղաքական գործիչների անունները, որը կողմնորոշիչ նշանակություն ունի ընտրողների համար: Այս դեպքում ընտրողները ձայն տալիս են կոնկրետ կուսակցությանը, եւ հաշվարկից հետո, երբ պարզվում է ուժերին տրվելիք մանդատների քանակը, ապա դա բաշխվում է ըստ ցուցակի հերթականության, եթե իհարկե ինքնաբացարկ հայտնողներ չլինեն: Այսինքն, եթե այս կամ այն ուժը ստանալու է 20 մանդատ, ապա դա տրվելու է ցուցակի առաջին 20 համարներին, եթե դրանց մեջ ինքնաբացարկ հայտնողներ չլինեն:
Իսկ ահա բաց ցուցակների պարագայում պայքարը կրկին անձերի միջեւ է լինելու, սակայն այս դեպքում Հայաստանը մեկ ընդհանուր ընտրատարածք է լինելու: Օրինակ, եթե կուսակցությունն ունի 120 թեկնածու, ապա քվեաթերթիկի վրա բոլոր 120 հոգու անունն էլ գրված է լինելու, եւ ընտրղը, վերցնելով քվեաթերթիկը, նշում պետք է կատարի այդ թեկնածուներից մեկի դիմաց: Արդեն ընդհանուր հաշվարկից հետո, երբ որոշվի, թե որ ուժը որքան մանդատ պետք է ստանա, ապա դրանք տրվելու են` ըստ անձերի հավաքած ձայների: Եվ, օրինակ, ցուցակի 80-րդ համարը կարող է լինել շատ ձայներ հավաքածներից մեկը:
Ընտրություններին համամասնական բաց ցուցակով մասնակցելը եղել է ՀՅԴ-ի առաջարկը: Մյուս ուժերի թվում եւս կան անձինք, ովքեր համաձայն են այս առաջարկին, սակայն նաեւ մտահոգություններ ունեն: Ընդ որում` այդ մտահոգությունները ավելի շատ պետք է լինեն հենց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի դեպքում: Բնական է, որ այս ուժերին ձայն տվողներն այդպես են վարվելու նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Եվ տեսականորեն պատկերացրեք, որ այս ուժերից մեկը ստացել է 30 մանդատ, սակայն ձայների 70 տոկոսը ստացվել է միայն առաջնորդների շնորհիվ: Եվ այս պարագայում մյուս 29-ին որոշելը շատ դժվար է լինելու, քանի որ մեծ թիվ կկազմեն այնպիսի թեկնածուներ, որոնք ընդհանրապես ձայներ չստանան: Հենց այս հանգամանքն է մտահոգում եւ հետ պահում բաց ցուցակներով ընտրություններին մասնակցելու մտքից:
Այս երկու տարբերակներն էլ շրջանառվողների եւ քննարկվողների թվում են, եւ վերջնական տարբերակ առկա չէ, եւ քննարկումները շարունակվելու են նաեւ վաղը արդեն խորհրդարանական ֆորմատով, եւ հենց դա է լինելու գլխավոր թեման:
Արդեն իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգիրքը շատ շուտ պատրաստ չի լինի, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշել էր, թե այն անպայման ուղարկելու են Վենետիկի հանձնաժողով, իսկ դա էլ նշանակում է, որ արտահերթ ընտրությունների անկացման ժամկետն արհեստական կերկարի: Սակայն նշենք, որ գործընկերների հետ զրույցներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համար ցանկալի ժամկետ է նշել նոյեմբերը, սակայն շատերը հասկանում են, որ նամանավանդ Վենետիկի հանձնաժողով ուղարկելու դեպքում այդ ժամկետների մեջ հնարավոր չի լինի տեղավորվել, եւ այդ պատճառով, որպես արտահերթ ընտրությունների ամենահավանական ժամկետ, նշվում է կրկին ապրիլը: Ի դեպ, պատահական չէ, որ օրերս Փաշինյանը հայտարարել էր, թե արտահերթ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում` այդ մասին հայտարարվելուց հետո: Իսկ այդ մասին, հիշում եք, խոսվեց թավշյա հեղափոխության ժամանակ:
Հավելենք, որ ըստ նախնական քննարկումների` քվաթերթիկներն ունենալու են այնպիսի տեսք, ինչպես 2017 թվականին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, այսինքն` ընտրողը ստանալու է քվեաթերթիկներ, որոնց քանակը համապատասխանելու է կուսակցությունների եւ դաշինքների թվին, եւ մեկ ծրար: Եվ եթե փակ ցուցակների մեխանիզմը լինի, ապա քվեախցիկում ընդամենն այդ քվեաթերթիկներից մեկը՝ իր նախընտրած քաղաքական ուժի անվանումով, կդնի ծրարի մեջ, իսկ եթե բաց ցուցակ, ապա համապատասխան անձի դիմաց նշում կկատարվի:
Փոփոխման ենթակա են ԸՕ-ի բազմաթիվ դրույթներ, եւ փոփոխվող հոդվածների քանակը կգերազանցի 50-ը, ըստ այդմ, խստացվելու է նաեւ ընտրակեղծարարության համար պատիժը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՄՈԶՈՒՄ Է, ՈՐ ԵՂԵԼ Է
Մի քանի օր է, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բարձրաձայնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքի չի գնում: Նույնն են պնդում նաեւ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները: Ինչպես հայտնի է, ավագանու վերջին նիստին՝ հունիսի 26-ին, քաղաքապետը բացակայում էր, եւ նրա փոխարեն նիստը վարում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց փոխքաղաքապետ Արեյանին դիմել մեկնաբանությունների համար: «Այսօր աշխատանքի վայրում է եղել քաղաքապետը… Բոլոր օրերին էլ եղել է: Երեկ էլ է եղել: Քաղաքապետը եղել է իր աշխատանքի վայրում»,-ասաց Արեյանը: Նրա ասած «երեկ»-ը կիրակի էր, հետեւաբար ոչ աշխատանքային: Տարօրինակ է, եթե եկել է աշխատանքի, անգամ, ինչպես պնդում են քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել, ինչո՞ւ լուսանկարներ չեն տարածվում: Բայց Արեյանից այդ հարցի պատասխանը չստացանք. նա շտապել էր անջատել հեռախոսը:

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ
Գաղտնիք չէ, որ գնումների գործընթացում մշտապես հաղթող են դարձել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ առնչվող ընկերությունները: Օրեր առաջ մի այդպիսի սխեմայի մասին ներկայացրել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` ներկայացնելով 69 կազմակերպության անուն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից մեկը «Աբովյանի Հացի Գործարան» ՍՊԸ-ն է: Ըստ պետական ռեգիստրի տվյալների` այս ընկերության բաժնետերերից է Շամամ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի քույրն է: Իհարկե այս ցանկում չէր կարող տեղ չգտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: Հայտնի է, որ այս ընկերությունը հիմնական ներգրավված է ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներում: Այս ցանկում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն: Ցանկում են նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին պատկանող «Արաբկիր» Բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն եւ այլն:

 

 

ԿՐԿԻՆ ԿՀԱՎԱՔՎԵՆ
Երկրապահ կամավորական միությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հուլիսի 10-ին կհրավիրվի վարչության նիստ, որի ժամանակ էլ վերջնականապես կհստակեցվեն արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Սակայն մինչ այդ էլ ԵԿՄ-ականներն ու նրանց միացած այլ ազատամարտիկներ չեն կարողանում համաձայնության գալ ու որոշել հարցը՝ կառույցը նախագահ ունենալու է, թե ոչ: ԵԿՄ-ականները նախագահ ունենալու կողմնակից են` ի դեմս Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի, իսկ մյուս մասը կարծում է, թե կառույցը պետք է վարչությունը ղեկավարի:

 

 

ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ
Հայաստանի հետ հարաբերություններում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը հայտնի է եւ այն պարբերաբար վերահաստատվում է բարձրագույն մակարդակով, նման կերպ է արձագանքել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ռուսաստանցի պատվիրակների այցը Լալե Թեփեի բարձունք ու նրանց արած հայտարարություններն Ադրբեջանում: «Պարզապես, կազմակերպված շոու էր»,- հավելել է նա: Բալայանի խոսքով` դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանի հաշվին ճամփորդող ռուս փորձագետները պետք է գնային շփման գիծ ու այլ հայտարարություն անեին: «Պարզ է, որ այդ ամեն ինչը բեմականացված էր, թատերական ներկայացում, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին»,-նշել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախին սահմանակից Ադրբեջանի Ջոջուղ Մարջանլի գյուղում անցկացվել էր «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովը, որից հետո նրանք այցելել են Լալե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր:

 

 

ԵԿՄ-ԻՆ, ՈՉ ԹԵ ՄԱՆՎԵԼԻՆ
Ըստ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի` զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել: Անդրադառնալով այն հայտարարությանը, որ «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն ու ներքնազգեստը օրինական կերպով է տրվել ԵԿՄ-ին` ԳՇ պետն ասել է. «ԵԿՄ-ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին: ԶՈՒ-ն անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել»: Նա հայտնել է, որ բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու եւ խստացվելու է. «Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին այլեւս չտրամադրելուն, այս պահին այդ հարցը չի քննարկվում»-հավելել է նա:

 

 

ԿԱՅՑԵԼԻ ԲՐՅՈՒՍԵԼ
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի` հուլիսի 11-ից 12-ը նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ: Տ. Բալայանը նշել է նաեւ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարի արտասահմանյան մի քանի այց է ծրագրվում, որոնց ժամկետները հստակեցվում են: Ըստ նրա` հուլիսի 6-ին նախատեսվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն Մակդոնալդի այցը Հայաստան:

 

 

ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ
Հուլիսի 3-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին երկու նախագիծ կներկայացվի` փաստաթուղթ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի խթանման եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման մասին: Նշենք, որ ավելի վաղ այս փաստաթղթերը հաստատվել էին ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:




Լրահոս