Ն. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՐԱԽ Է Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունիսի 11-ին հրաժարական տվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` ապրիլի 24-ին, ասել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա հեռանալուց անցել է 22 օր, սակայն նկատենք, որ դեռեւս հայտնի չէ, թե ով կլինի ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` նոր կառավարությունը դեռեւս չի ցանկանում կոմիտեի նախագահի պաշտոնի նշանակման հարցում շտապել եւ, ըստ էության, փնտրում են լավագույն կադրին, որը կարող է փոխարինել Աղվան Հովսեփյանին:

Իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեում սպասում են վարչապետի որոշմանը, որից հետո հայտնի կդառնա, թե Աղվան Հովսեփյանի կադրերից ովքեր կմնան կամ կշարունակեն պաշտոնավարել: Կոմիտեում տարածված խոսակցությունների համաձայն` եթե վարչապետը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակի հենց կոմիտեի կադրերից, ապա հրաժարականի դիմումներ չեն լինի, իսկ եթե նախագահի պաշտոնում նշանակվի այնպիսի անձ, որը Աղվան Հովսեփյանի թիմի համար անընդունելի լինի, ապա պաշտոնանկությունները անխուսափելի կլինեն:
Ինչեւէ, հուլիսի 1-ին` ՀՀ գլխավոր դատախազության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե ում հորդորով նա հրաժարականի դիմում ներկայացրեց:
-Պարո՛ն Հովսեփյան, Նիկոլ Փաշինյա՞նն էր Ձեզ հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել:
-Հիմա ազատ մարդ եմ, կարող եմ չպատասխանել Ձեր հարցերին:
-Եթե առաջարկ լինի վարչապետի կողմից` մեկ այլ ոլորտում Ձեր իրավաբանական գիտելիքները օգտագործեք, կհամաձայնե՞ք:
-Իրավաբանական գիտելիքները անպայման կիրառելու եմ:
-Որտե՞ղ, առաջարկ եղե՞լ է:
…Լռում է:
-ՀՀ վարչապետը կենսական նշանակություն է համարել մարտի 1-ի բացահայտումը, արդյոք Ձեր հրաժարականը կապվա՞ծ է մարտի 1-ի բացահայտման հետ:
…Լռում է:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց, թե թավշյա հեղափոխությունը կապ ունի իր ամառանոցի գողության դեպքի հետ: Ինչպես հայտնի է, հունիսի 28-ին գողություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝ Բյուրական գյուղի տներից մեկում: Գողը կամ գողերը տուն էին մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու եւ պատուհանը բացելու միջոցով եւ տարել էին տարբեր իրեր: Մեր հարցին ի պատասխան` Աղվան Հովսեփյանը, մոտենալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հարցրեց. «Ասում են` բնակարանի գողությունը կապ ունի թավշյա հեղափոխության հետ»: ՀՀ գլխավոր դատախազը որեւէ բան չպատասխանեց, իսկ ահա Աղվան Հովսեփյանը թողեց, հեռացավ:
Աղվան Հովսեփյանի հրաժարականի մասին բլից հարցեր ուղղեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
-Պարո՛ն Փաշինյան, Դո՞ւք եք հորդորել Աղվան Հովսեփյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տալ:
-Ես Աղվան Հովսեփյանին որեւէ հորդոր չեմ տվել:
-Ե՞րբ իմացաք, որ նա հրաժարականին դիմում է գրել:
-Աղվան Հովսեփյանը երեւի զգացել է, որ ինքը պետք է հեռանա, բայց կհորդորեի ես իրեն հրաժարական տալ եւ ուրախ եմ, որ տվել է:
-Որպես պրոֆեսիոնալի` չե՞ք պատրաստվում իր ուժերը օգտագործել մեկ այլ պաշտոնում, ինչը, օրինակ, իրականացրիք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի դեպքում: Նա ազատվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, բայց իրեն մեկ այլ պատասխանատու պաշտոնի նշանակեցիք` գլխավոր ռազմական տեսուչ:
-Անկեղծ ասած` ո՛չ, չեմ պատրաստվում:
-Աղվան Հովսեփյանի հրաժարականը կապ ունի՞ մարտի 1-ի բացահայտման հետ, որը Դուք այդքան կարեւորում եք:
-Շնորհակալություն, ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՄԵՂԱԴՐՅԱ՞Լ
ՀՀ Շիրակի մարզի Շիրակավանի նախկին գյուղապետ Մարատ Մկրտչյանն ու համայնքի ներկայիս վարչական ներկայացուցիչ Սլավիկ Վարոսյանը հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում: Նշենք, որ Սլավիկ Վարոսյանը նախկինում եղել է Շիրակավանի գյուղապետարանի հաշվապահը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկուսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Բանն այն է, որ նախկին եւ ներկա պաշտոնյաները կասկածվում են սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաեւ համայնքում անցկացվող միջոցառումների համար հատկացված գումարը հափշտակելու մեջ: Խոսքը 2.5 մլն դրամի մասին է:
Սակայն ինքը՝ Մարատ Մկրտչյանը, իր նկատմամբ քրեական գործ հարուցվելու մասին առաջինը տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթից: «Ես տեղյակ չեմ, աղջիկ ջան, տեղեկություն չունեմ: Չէ՛, նման բան չկա: Եթե քրեական գործ է հարուցվել, թող քննություն անեն, պարզեն: Չէ՛, ես կապ չունեմ ոչ մի բանի հետ»,- զարմացած հայտարարեց նախկին գյուղապետը: Ապա զրույցի ընթացքում վրդովվեց` նշելով. «Աղջիկ ջան, ես գյուղ եմ սարքել, քանդված էր: Ի՞նչ հափշտակել, մեռնիմ ջանիդ, նման բան կարելի՞ է ասել: Դուք Շիրակավանը չգիտեիք, թե ինչ էր… ես եկեղեցի եմ կառուցել գյուղում, մարդկանց ապահովել եմ մշտական ջրով, գյուղի փողոցներն եմ լուսավորությամբ ապահովել, ընտիր գյուղ եմ սարքել, ի՞նչ հափշտակություն…Հիմա ինչ կուզեն, կըսեն, բայց հո ամեն բան ըսելով չի՞»:
Իսկ ահա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի Շիրակավան համայնքի նախկին ղեկավարի ու հաշվապահի կողմից խոշոր չափերով յուրացման եղանակներով ենթադրյալ հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Ըստ մարզի դատախազի նախապատրաստված նյութերի` Շիրակի մարզի ավագ դատախազ Գ. Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Այն, ի դեպ, նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի փոխմարզպետներ նշանակելու մասին: Ն. Փաշինյանը Ֆելիքս Թադեւոսյանին նշանակել է վարչապետի խորհրդական:

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը դադարեցրել է խորհրդարանի երկու պատգամավորների` ՀՅԴ-ական Լեռնիկ Հովհաննիսյանի եւ Արմո Ծատրյանի լիազորությունները: ԱԺ նախագահի խոսնակ Անուշ Ղավալյանի փոխանցմամբ` Ծատրյանը մանդատից հրաժարվում է առողջական խնդիրների պատճառով: Լեռնիկ Հարությունյանի խոսքով էլ` իր մանդատից հրաժարվելը կուսակցության` ՀՅԴ-ի որոշումն է, քանի որ այլ պաշտոն պետք է զբաղեցնի: Նա միաժամանակ չի նշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու: Նշենք, որ հունիսի 30-ին էլ աշխատանքից ազատվել էր բնապահպանության նախարարը: Նոր նախարարի անունը դեռ անհայտ է:

 

 

4 ՀՈԳԻ ՄԱՀԱՑԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ` Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ` 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2018թ. հունիսի 30-ին 1979թ. ծնված Մ.Դարբինյանի վարած «Վազ 21 074» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվել է ավտոճանապարհի աջ կողնակում կայանված Վ. Սաթունցին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով 4 անձ մահացել է, եւս երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Զոհերի թվում են 1979թ. ծնված Մարինե Հարությունյանը եւ նրա երկու անչափահաս որդիները` ծնված 2003 եւ 2008թթ., վարորդի կինը` 1981 թ. ծնված Մելինե Ադունցը: Վարորդը եւ նրա անչափահաս որդին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

 

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
Արցախի ԱԻՆ. Հուլիսի 2-ին-ին Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր եւ տուժածներ: Նշված տեղանքում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Ա. Քարամյանը իր վարած ավտոմեքենայով դաշտում աշխատելիս շրջվել է: Պատահարի հետեւանքով Նորագյուղ համայնքի բնակիչներ Ս.Ղահրամանյանը եւ Մ. Բարսեղյանը ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Տուժածներ վարորդ Ա. Քարամյանին եւ ուղեւոր նույն համայնքի բնակիչ Ա. Հարությունյանին փրկարարները տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ` «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, որով ոստիկանապետեր է նշանակել: Վ. Օսիպյանի հրամանով` ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ: Պավել Օրդյանն ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ:

 

 

ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Շուկայի վերահսկողության պետական տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը գրել է. «Հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Հաջողություն եմ մաղթում բոլորին»:




Լրահոս