ՀՀ ՊՆ-ին մոտ 180 տոննա կարագի փոխարեն սպրեդ եւ մարգարին մատակարարելու վերաբերյալ գործով բավականին ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Էլայզեռ» ՍՊԸ-ն, որը կարագ արտադրող եւ ՊՆ-ի մատակարար համարվող ընկերություն է, տեւական ժամանակ է` չի աշխատում: Պատճառը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ «հակամարտությունն է», որի արդյունքում ավելի քան 30 մարդ գործազուրկ է դարձել, իսկ տնտեսվարողը` սնանկացել:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո ՊՆ աշխատակազմը լայն թափով սկսեց մատակարարների հետ պայմանագրեր խզել. Վիգեն Սարգսյանը նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ «ընկավ մատակարարների հետեւից»: Արդյունքում տասնյակից ավել ընկերությունների հետ ՊՆ մատակարարման պայմանագրերը խզվել են: «Էլայզեռ»-ի դեպքում պատկերը գրեթե նույնն է, սակայն պայմանագրի խզման համար այնպիսի տարբերակ է ընտրվել, որը շատ ծանր հետեւանքներ է ունեցել մատակարարի համար, ով արդեն շուրջ 1 տարի է` անհիմն կերպով գտնվում է կալանքի տակ:
Նախ նշենք, որ «Էլայզեռ» ընկերության անունը շատերին հայտնի դարձավ դեռեւս անցյալ տարի, երբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտարարվեց, որ նախաքննության ընթացքում պարզվել է՝ 2016-2017թթ. ընթացքում ՊՆ-ի կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն երկու ընկերությունների` «Էլայզեռ»-ի եւ «ՍՊ»-ի կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172 հազար 300 կգ «Մարգարին» եւ 14 հազար 250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ: Ըստ այդմ` այն նույնականացման է ներկայացվել սննդամթերքի պետական տեսչության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, որի չորս մասնագետների կողմից տրվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՊՆ-ին: Ըստ ԱԱԾ-ի` այս ամենի հետեւանքով պետությանը պատճառվել է մոտ 163 մլն դրամ գումարի վնաս: Սակայն «Էլայզեռ»-ի ներկայացուցիչ կալանքի տակ գտնվող Անդրանիկ Հայրապետյանի եղբայրը` Արման Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս պատմության վերաբերյալ բոլորովին այլ փաստեր ներկայացրեց:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականին «Էլայզեռ» ընկերությունը արտադրել է մոտ 180 տոննա կարագ եւ այն վաճառել «ՍՊ» ընկերությանը, որն էլ իր հերթին մատակարարել է ՊՆ-ին: Հետո բացի «ՍՊ»-ից «Էլայզեռ»-ը եւս սկսել է կարագ մատակարարել ՊՆ-ին: «Հետաքրքիր է, որ կարագը մատակարարվել է տարբեր խմբաքանակներով եւ յուրաքանչյուր խմբաքանակը ոչ թե ՊՆ-ն անմիջապես ընդունել է, այլ նախ ի պահ է վերցրել, հետո այն ստուգման է ենթարկել 3 տարբեր լաբորատորիաներում, որոնցից դրական եզրակացություններ ստանալուց հետո միայն այդ կարագն ընդունել է եւ վճարել դրա դիմաց: Սակայն 2017 թվականի հուլիսին, իբր ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն բացահայտեցին, որ դեռեւս 2016 եւ 2017 թվականների ընթացքում մատակարարված կարագն իրականում սպրեդ եւ մարգարին է, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց»,- ներկայացրեց Ա. Հայրապետյանը: Դրանից հետո ԱԱԾ-ն գրությամբ ՊՆ-ին առաջարկել է, որ այդ սպրեդն ու մարգարինը չօգտագործեն, իսկ ՊՆ-ն էլ ի պատասխան հայտնել է, որ կառավարության համապատասխան որոշմամբ` ՊՆ անձնակազմին տրվող սերուցքային կարագը չի կարող փոխարինվել սպրեդով եւ մարգարինով, ուստի այդ ապրանքները ՊՆ-ն չի կարող օգտագործել իր կարիքների համար, չնայած որ մատակարար ընկերությունը մշտապես պնդել է, որ իրականում իր մատակարարածը ոչ թե սպրեդ ու մարգարին է, այլ կարագ: Սակայն քանի որ ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն հակառակն են պնդել ու կալանավորել են ընկերության ներկայացուցչին, ուստի մատակարարը դեռեւս 2017 թվականի դեկտեմբերին համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ հայտնել, որ եթե 2016 եւ 2017 թվականների ընթացքում մատակարարված կարագը կամ դրա մի մասը, ըստ ՊՆ-ի, պատշաճ որակի չէ, կարագ չէ, ապա առաջարկել է պայմանագրով սահմանված կարգով թույլ տալ, որպեսզի այն փոխարինվի պատշաճ որակով` կարագով: Սակայն անհասկանալի պատճառներով ՀՀ պաշտպանության նախարարը գրությամբ մերժել է մատակարարի առաջարկը եւ հրաժարվել այդ իբր սպրեդ ու մարգարին հանդիսացող ապրանքը փոխարինման նպատակով հետ վերադարձնել` միաժամանակ հրաժարվելով վճարել դեռեւս չվճարված ապրանքի դիմաց:
Բայց սա դեռ ամենը չէ: Ընկերության ներկայացուցիչ Արման Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց` նշելով. «Վերջերս ՊՆ-ին կատարված հարցմամբ էլ պարզվել է, որ այդ մոտ 180 տոննա իբր սպրեդ եւ մարգարին հանդիսացող ապրանքից մոտ 160 տոննան արդեն իսկ օգտագործվել է ՀՀ ԶՈՒ անձնակազմի կարիքների համար: Քանի որ ԱԱԾ կողմից կատարված փորձաքննություններից հետո ՊՆ-ն նոր փորձաքննությունների է ենթարկել այդ ապրանքը, այդ թվում` արտերկրում, որոնց արդյունքներով պարզվել է, որ այդ ապրանքն իրականում կարագ է, ուստի եւ տրամադրվել է անձնակազմին»: Մեր զրուցակցին խիստ զարմացրել է տեղի ունեցածը. «Եթե մատակարարված ապրանքը կարագ չէր, ապա ինչու են Կառավարության որոշման խախտմամբ այն օգտագործել ԶՈՒ անձնակազմի կարիքների համար, իսկ եթե կարագ է. ապա ինչու է իմ եղբայրը մինչեւ հիմա կալանքի տակ»:
Ստացվում է, որ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման օրոք նախարարության աշխատակազմը որոշել է, թե իբր մատակարարված կարագն իրականում սպրեդ ու մարգարին է, որպեսզի խզի «Էլայզեռի» հետ մատակարարման պայմանագիրը եւ չվճարի դեռեւս չվճարված ապրանքի դիմաց: Սրանով դեռ չբավարարված` կալանավորել են մատակարար ընկերության ներկայացուցչին ու արդեն մոտ 1 տարի է պահում են կալանքի տակ: Եւ այդ նպատակներին հասնելուց հետո էլ պարզում են, որ իրականում մատակարարված ապրանքը ոչ թե սպրենդ կամ մարգարին է, այլ կարագ, ու այն օգտագործում ԶՈՒ անձնակազմի կարիքների համար: Եւ նրանց անարդյունավետ ու անպատասխանատու աշխատանքի հետեւանքով Անդրանիկ Հայրապետյանը այժմ կալանքի տակ է, իսկ ընկերությունը սնանկացել է, ինչի արդյունքում նրանք անդառնալի կորուստներ են կրել ու շարունակում են կրել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽԱԲԵ՞Լ ԵՆ
Անցած շաբաթ օրը` հունիսի 30-ին, Նոյեմբերյան քաղաքից 9 միկրոավտոբուսներով տարածքի բնակիչներին տեղափոխել են Էջմիածին եւ Երեւան: Այդ ուղեւորության մասնակիցներից տեղեկացանք, որ նրանք կարծել են, թե իրենք դեպի Հայաստանի հոգեւոր վայրեր էքսկուրսիայի են մասնակցում: Նոյեմբերյանի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանն այդ առթիվ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի, Գուգարքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի թեմերի ուխտավորներին` առաջնորդությամբ թեմերում սպասարկող հոգեւորականների, կաթողիկոսը իր սերը, օրհնությունն ու գնահատանքը փոխանցել է ուխտավորներին:
Հունիսի 30-ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը Գարեգին Բ կաթողիկոսի դեմ Էջմիածնում բազմամարդ հանրահավաք է անցկացրել, ուր կաթողիկոսին խիստ քննադատող ելույթներ են հնչել: Ստացվում է, որ հունիսի 30-ին մարզերի բնակիչներին Էջմիածին տեղափոխելով, այնտեղ մեծ բազմություն հավաքելով` տպավորություն են ստեղծել, որ Գարեգին Բ-ն մեծ ժողովրդականություն ունի հավատացյալների շրջանում, որ այդքան մարդ շրջաններից եկել է նրա օրհնությունը ստանալու:
ԱՐԱԳԱՉԱՓԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում գրել էր Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում ներկով ծածկված արագաչափի մասին: 2018թ. հունիսի 3-ին Ջուջեւանում եւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ համայնքում տեղադրված, նախկինում չաշխատող արագաչափերը սկսել են գործել: Այդ արագաչափերը չէին գործում 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո: Տավուշցի վարորդները դժգոհ են, որ 2 տարվա ընդմիջումից հետո արագաչափերի գործարկման մասին ոստիկանությունը հայտարարություն չէր տարածել, տեղյակ չէր պահել: Եւ ահա հունիսի 26-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի ներկով ներկել էին Ջուջեւան գյուղում գտնվող արագաչափը, ներկով փակել էին արագաչափի անցքը, որտեղից լուսանկարող սարքը նկարում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաներին: Ներկայումս արագաչափը ներկից մաքրել են, այն կրկին գործում է, սակայն այդ սարքի վրա առկա կարմիր հետքը վկայում է արագաչափի նկատմամբ կատարված ոտնձգության մասին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ
Երեկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը իր կողմից հրավիրված ավագանու արտահերթ նիստում հրաժարական է տվել: Դանիելյանը իր շնորհակալական խոսքն է ուղղել համաքաղաքացիներին:
ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, հասցրել է այդ ընթացքում բավականին լուրջ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար եւ 18 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը անցած տարում ամսական կազմել է մոտ 508 հազար դրամ:
Նշենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Միրզոյանն ունի մեկ բնակարան: Նրա տիկնոջ` Հասմիկ Բադալյանի դրամական միջոցները ավելին են` 15 մլն դրամ, 9 մլն դոլար, 7000 եվրո եւ 250 հազար ռուսական ռուբլի: Որպես եկամուտ պաշտոնյայի կինը հայտարարագրել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը` 2 հազար դոլարի չափով, եւ ամսական 16 հազար դրամ կենսաթոշակը:
Թե ինչպես է հաջողացրել Արմեն Միրզոյանը այսքան դրամական միջոց կուտակել, բնականաբար, պաշտոնական հայտարարագրում ոչինչ չկա նշված: Բայց Արմեն Միրզոյանի կենսագրական տվյալներին ծանոթանալիս պարզ է դառնում, որ նա, դեռեւս 2003 թվականից սկսած, պետական պաշտոն է զբաղեցրել, եւ այդ պաշտոններն էլ հավանաբար օգնել են հարստանալու: Նա այդ տարում սկսել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչից, 2006-2007 թվականներին եղել է Չարենցավանի, իսկ 2007-2009-ին` Դավիթաշենի տարածքային հարկային տեսչության պետը:
Միրզոյանը պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետից անցում է կատարել դեպի ֆինանսների, ապա արդարադատության նախարարություններ: Նա եղել է նաեւ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետը, իսկ ահա 2016 թվականի նոյեմբերից` ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ