Երեկ մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները: Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական եւ թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով:
42 ԱՍՏԻՃԱՆ ՏԱՔՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանի` տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` մինչեւ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն` ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ, իսկ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով:
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին ներկայացնել առաջարկություններ` հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ: Նշենք, որ արդեն գրանցվել են գազաբալոնների պայթյուններ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է, եւ հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում:
ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՓԱԿ Է
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են` բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Երեւան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 200մ հատված միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին վերջերս տեղի էր ունեցել ճանապարհի հենապատի փլուզում, որի հետեւանքով այդ հատվածում ճանապարհի լայնությունը սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար: