«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 2-6-ն Ադրբեջանում ընթացող զորավարժությունները չեն տվել սպասված էֆեկտը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ի պայթյունի պատճառով։ Ադրբեջանը զորավարժությունների պատրվակով 20 հազարանոց զորքը եւ ժամանակակից տեխնիկան Արցախի սահմանին է մոտեցրել։
Զորավարժություններն ավարտվել են, սակայն ադրբեջանական կողմը զորքերն ու տեխնիկան հետ չի քաշում։ Ի՞նչ վիճակ է այս պահին սահմանին՝ հարցրինք Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին։ «Տեղյակ եք՝ դեռ ապրիլից Ադրբեջանը զորքեր է կուտակում ու առ այս պահը հետ չի քաշել, զորավարժությունների համար բերված զորքը նույնպես հետ չի քաշել։ Կարծում ենք՝ այսօր սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ այդ մասին անպայման խոսակցություն կգնա, նախորդ օրը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից Նիկոլայ Պատրուշեւը հայտարարեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ դա մեսիջ էր՝ բոլորին ուղղված»։
Բանակցային գործընթացների, հանդիպումների ժամանակ Ադրբեջանը մշտապես սադրանքներ է կազմակերպում, հնարավո՞ր է նման բան։ «Այո, մենք պատրաստ ենք նաեւ դրան․ հատուկ միջոցներ ենք արդեն իսկ ձեռնարկել՝ թշնամու սադրանքները դիմագրավելու համար»։ Ի դեպ, Պատրուշեւն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է խնդրի փուլային լուծմանը․ դա մեզ համար ընդունելի՞ է։ «Մենք կողմնակից ենք փաթեթային տարբերակին, փուլայինն այն չէ, ինչ Ադրբեջանն ուզում է։ Եթե, ասենք, որպես առաջին փուլ դիտարկենք Ադրբեջանի հայատյացության վերացումը, լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնումը Ղարաբաղի մասնակցությամբ, մենք կողմնակից ենք նման փուլայինին»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: