Ամենայն հավանականությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կհանդիպի իրենց քաղաքական հայացքների համար դեռեւս 2008 թվականին աշխատանքից ազատված ԱԳՆ պաշտոնյաների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ վարչապետը դիմի նախագահին՝ առաջարկելով վերականգնել դեսպանի կոչումը, որից զրկվել էին այն ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը: Մեզ հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ դեռեւս նման հանդիպում չի եղել` դժվարանալով ասել, թե դա երբ տեղի կունենա, ընդգծելով, թե այդպիսի իրավիճակի դեպքում բոլորն էլ կիմանան այդ մասին: Եվ քանի որ այսօր ՀՀ վարչապետը մեկնում է Բրյուսել, ապա չի բացառվում, որ վերջինս այդ հարցով զբաղվի այնտեղից վերադառնալուց հետո: Ամեն դեպքում, նկատենք, որ 2008թ. համաժողովրդական շարժման օրերին դիվանագետները հեռացվեցին իրենց քաղաքական հայացքների ու քաղաքացիական կեցվածքի համար, եւ հիմա, երբ տասը տարի անց համաժողովրդական շարժման արդյունքում լեգիտիմ իշխանություն է ձեւավորվել հանուն գաղափարի եւ արժեքների համերաշխության, Փաշինյանի հանդիպումն այդ դիվանագետների հետ կարեւոր է:
Իսկ ինչ էր եղել տասը տարի առաջ. 2008 թվականի փետրվարին ՀՀ արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցներ հեռացվեցին համակարգից, իսկ նրանցից մի քանիսն էլ զրկվեց դիվանագիտական աստիճանից: Պատճառը նրանց հայտարարություններն էին: Բանն այն է, որ փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Խաչատրյանը, Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռազմիկ Խումարյանը հայտարարությամբ էին հանդես եկել` երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ անելով զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից:
Եվ զուտ քաղաքացիական դիրքորոշում արտահայտող այս հայտարարության համար նրանց նույն օրը հեռացրին ԱԳՆ համակարգից ու զրկեցին դիվանագիտական աստիճաններից: Հաջորդ օրն իրենց մեկ այլ հայտարարությամբ նրանց միացած ԱԳՆ վեց բարձրաստիճան դիվանագետները նույն կերպ հեռացվեցին ԱԳՆ համակարգից: Այս անգամ էլ խոսքը մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանի, սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանի եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյանի մասին է: Պատճառն էլ, թե իբր դիվանագետներն իրենց ծառայողական դիրքը, աշխատանքային միջոցներն օգտագործել են քաղաքական կուսակցությունների շահերի համար, ինչն արգելված է Դիվանագիտական ծառայության մասին օրենքով:
Հիմա արդարությունը վերականգնելու ժամանակն է` անկախ այն բանից, որ ԱԳՆ-ում ոմանք այնքան էլ ուրախ չեն վարչապետի կատարելիք քայլերից, նախկին գործընկերների նկատմամբ վերաբերմունքից:
Նաիրա Հովհաննիսյան