Այս տարվա 6 ամիսների արդյունքներով` ինքնաթիռով Հայաստան ավելի շատ թվով ուղեւոր է ժամանել, քան մեկնել. մի ցուցանիշ, որը տեւական ժամանակ ՀՀ-ում չէր արձանագրվում` չնայած ՀՀԿ արդեն նախկին իշխանության բնակչության թվաքանակը 4 միլիոնի հասցնելու խոստումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա առաջին կիսամյակում մեկնել է 554 հազար 359, իսկ ժամանել` 576 հազար 505 ուղեւոր: Որոշ մասնագետների համոզմամբ` մեկնողների թվի նվազումը պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ:
Շատերը նոր իշխանության հետ հույսեր են կապում եւ առժամանակ ետ են կանգնել հայրենիքը լքելու մտքից, շատերն էլ ուղղակի վերադառնում են ՀՀ: Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանով պատկերն այլ է. այս օդանավակայանով մեկնել է 38 հազար 415, իսկ ժամանել` 37 հազար 673 ուղեւոր: Այսինքն` վեց ամիսների ընթացքում 736 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել: