Սահմանադրական կարգի տապալումը 2008-ին էլ է եղել. իրավաբանների միջև վեճը նոր թափով շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին հասցեագրված մեղադրանքում ոչ մի խախտում չկա, եւ Սահմանադրություն չի խախտվել: Երեկ` կառավարության նիստից առաջ, նա, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մեղադրանքներին, ասել է, թե վերջինս իրավաբան է, կարող է իր կարծիքն ունենալ, սակայն Խաչատրյանն էլ իր կարծիքը չի փոխում:

Ինչից սկսվեց ամեն ինչ

Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը: Դրանից հետո տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Միքայել Հարությունյանին ՀՔԾ-ն մեղադրում է այնպիսի հանցավոր արարք կատարելու մեջ, որը հանցանքը կատարելու ժամանակ՝ 2008 թվականին, քրեորեն պատժելի չէր:

Եվ դրանից հետո արդեն տեւական ժամանակ է, ինչ իրավաբանների միջեւ բանավեճ է ընթանում: Արդեն հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հակասահմանադրական էր անվանել Միքայել Հարությունյանին առաջադրած մեղադրանքները` ընդգծելով, որ այն հոդվածը, ըստ որի նրան մեղադրանք են առաջադրել, ուժի մեջ է մտել 2009 թվականից, այսինքն` ենթադրյալ հանցագործությունն իրականացնելուց հետո, եւ այն հետադարձ ուժ չի կարող ունենալ։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ իր հերթին նշել էր, որ ոչ մի սխալ չկա, պարզապես հոդվածի համարն է փոխվել, սակայն դրանից հետո էլ կրքերը չեն հանդարտվում, եւ հարցը շահարկումների թեմա է դարձել:

Ի՞նչ հոդվածի մասին է խոսքը եւ ի՞նչ են կարծում մասնագետները

Նախ նշենք, որ Պաշտպանության նախկին նախարարին մեղսագրվող 300․1 հոդվածը սահմանում է, որ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: Իսկ ահա 2008 թվականին գործած Քրեական օրենսգրքով «Սահմանադրական կարգի տապալումը» անվանմամբ հոդվածի փոխարեն եղել է «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը:

Այն ժամանակ գործած 300 հոդվածը սահմանում էր, որ «Պետական իշխանությունը յուրացնելը՝ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Սահմանադրագետները պարզաբանում են, որ եթե այժմ գործեր 2008 թվականին գործող օրենսգիրքը, ապա Միքայել Հարությունյանը կարող էր մեղադրվել «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ, քանի որ այսօր մեղսագրվող 300.1 հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի տարրերը համադրելի են 2008 թվականին գործած 300-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ: Երկու դեպքում էլ հանցագործության օբյեկտը սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքն է:

Հավելենք, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունները կատարվել էին 2009 թվականին, եւ պարզվում է, որ իշխանությունը յուրացնելու մասին հոդվածը խմբագրելու մասին օրենքի համահեղինակը հենց Դավիթ Հարությունյանն է եղել: Նա իր ելույթում էլ առաջարկել էր, որ յուրաքանչյուր հանցակազմ առանձին սահմանվի, այսինքն` ի՞նչ է իշխանությունը զավթելը, ի՞նչ է իշխանությունը պահելը:

Ինչ է ստացվում

Այսքանից հետո արձանագրենք, որ սահմանադրական կարգի տապալումը հանցագործություն է եղել նաեւ 2008 թվականին, պարզապես 2008 թվականին գործած Քրեական օրենսգրքում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունները նկարագրված են եղել 300 հոդվածում, որը վերնագրված էր՝ «Պետական իշխանությունը յուրացնելը»: Այսինքն` պարզապես առանձին հոդվածում չի եղել եւ առանձին է դարձել միայն 2009 թվականին, այն էլ Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ:

Եվ հետաքրքիրն այն է, որ երբ ՀՀԿ-ն էր իշխանության, ամեն օր խախտվում էին մարդկանց իրավունքները, սակայն, կարծես թե, դա նորմ էր դարձել: Սակայն այժմ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն իրենք են իրավապահ մարմիններին մեղադրում ապօրինի գործողությունների համար։ Ինչ որ այն ժամանակ չէր խոսվում սահմանադրությունը խախտելու մասին, եւ այդ մասին խոսք գնաց միայն այն ժամանակ, երբ հարցը հասավ ՀՀԿ-ականներին կամ նրանց շրջանակներին: Դե իհարկե, վերջիններս թաքցնելու շատ բաներ ունեն եւ ձգտում են ամեն կերպ մեղադրել այժմ գործող իշխանություններին եւ նրանց գործողություններին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս