Դիլիջանի բնակիչ, 1989թ. ծնված Սերգեյ Միքայելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու մեջ: Ս. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս. Միքայելյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդի, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով տուժող է:
2016 թվականի փետրվարի 9-ին` Դիլիջանի Շամախյան թաղամասից վերադառնալիս, Դ. Հակոբյանը իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել Ս. Միքայելյանի «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ` նրան պատճառելով աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք:
2018թ. հունիսի 27-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Ս. Միքայելյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման: Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատժին գումարվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2018թ. հունվարի 22-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017թ. հունիսի 8-ի որոշմումներով նշանակված 8 ամիս 16 օր ժամկետով ազատազրկման ձեւով պատժի չկրած մասը: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակելիս որոշվել է ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Ոսկան Սարգսյան
Տավուշ