Դոնալդ Թրամփը խաղարկում է Պուտինի գործոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի կեսին համաշխարհային քաղաքական իրադրությունը խոստանում է որոշակիորեն լարվել` կապված ինչպես ՆԱՏՕ-ի սպասված գագաթնաժողովի, այնպես էլ ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպման հետ: Թրամփը, ըստ էության, ավելի դրական տրամադրվածություն ունի Պուտինի, քան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից պետությունների ղեկավարների նկատմամբ: Այսպիսի պայմաններում խիստ տարօրինակ եւ ինչ-որ տեղ նույնիսկ հակասական իրավիճակ է առաջանում արեւմուտքի միասնականության ու ՌԴ հանդեպ վարվող ներդաշնակ քաղաքականության հարցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ բավականին չեզոք, իսկ տեղ-տեղ էլ դրական է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Դեռ իր նախընտրական շրջանում էր Թրամփը նրան խելացի ու ուժեղ առաջնորդ անվանում, իսկ ընտրվելուց հետո էլ քանիցս արտահայտվել է ՌԴ հետ հարաբերությունները բարեկամական դարձնելու օգտին: Որքան էլ Թրամփի առաջարկությունը տրամաբանական է, այն իրականանալի չէ գոնե քաղաքական ներկա դասավորության պայմաններում: Պուտինի հետ արեւմուտքի հարաբերությունները խափանվեցին հատկապես ԵՄ-ի արեւելյան գործընկերության քաղաքականության դեմ հիվանդագին արձագանք ցուցաբերելու, ապա եւ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու ու արդյունքում Ղրիմը բռնակցելու պատճառով:

ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությանը համաձայնեցին եվրոպական գործընկերները եւ միանալով ՌԴ-ի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցներին` ոչ միայն խաթարեցին քաղաքական գործընկերությունը, այլեւ էական տնտեսական վնասներ կրեցին: Եվ ահա հիմա ստացվում է, որ առանց ռուսական նահանջի կամ զիջումների եվրոպական պետությունները պիտի դեմ գնան սեփական սկզբունքներին եւ ականջալուր լինեն ԱՄՆ նոր կառավարության ու նախագահի փոխված քաղաքականությանը` կրկին վերանայելով մայրցամաքի արտաքին քաղաքականության ռազմավարությունը: Բնականաբար, նման արագ շրջադարձ չի կարող կատարվել առնվազն ծանրաշարժ Եվրոպայի կողմից, առավել եւս երբ խնդրին խառնված են ինչպես մայրցամաքի պետությունների հեղինակության, այնպես էլ Թրամփի թշնամական վարքագծի ու Պուտինի խնդրահարույց քաղաքականության հարցերը:

Դեռեւս մեկ ամիս առաջ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Թրամփն առաջարկում էր Ռուսաստանին վերադարձնել այդ ձեւաչափում: Յոթնյակի մյուս առաջնորդները կտրականապես դեմ արտահայտվեցին Պուտինի վերադարձին` ցույց տալով, որ ոչ միայն պատրաստ չեն կատարելու Թրամփի կամայական ցանկությունները, այլեւ վերահաստատելով, որ համաշխարհային բարձրագույն օղակում հարցերը վճռելու են առանց Ռուսաստանի։ Մեծ յոթնյակի ղեկավարները չեն ցանկանում կարեւորագույն որոշումների կայացման հարցում հայացք նետել դեպի Կրեմլ եւ վերջինից ինչ-որ բան խնդրել կամ ակնկալիք ունենալ նրանից: Այսպիսի դիրքորոշումը լիովին ընկալելի է, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հանդեպ եվրոպական քաղաքակրթության հիմնական սկզբունքները, մինչդեռ յուրօրինակ է Թրամփի պահվածքը: Վերջինս, ցանկանալով Պուտինին վերադարձնել նախկին օթյակը, ըստ էության, լուծում է սեփական հարցերը: Կարծիքը, թե իբր Թրամփը կախված է Պուտինից եւ գտնվում է վերջինիս կոմպրոմատների ենթակայության տակ, պարզագույն է եւ անլուրջ: Նախ ԱՄՆ հատուկ ծառայությունները, ինչպես նաեւ Կոնգրեսը պարզապես թույլ չէին տա, որ նման կախվածություն ունեցող մարդը ԱՄՆ նախագահ դառնա, դեռ ավելին` շարունակի պաշտոնավարել: Ռուսաստանից ունեցած կախվածության մասին փաստարկները առավելագույնս կարող են գործածվել ներքաղաքական տիրույթում եւ ազդել որոշակի հասարակական տրամադրությունների վրա: Իսկ իրականում Թրամփը փորձում է Պուտինին վերադարձնել նախկին դիրքերին բացառապես սեփական քաղաքական շահերի համար:

Այստեղ գործ ունենք Թրամփի մերժվածության բարդույթի հետ: Նախ, Պուտինին վերադարձնելով` Թրամփը կարող է հիմնավորել, որ Ռուսաստանին բերել է կառուցողական դաշտ, ինչը չէր հաջողվում Օբամային: Այստեղ նա կարող է դա խաղարկել դրական լույսի ներքո, գրեթե նույն ձեռագրով, որի ականտեսը եղավ ողջ աշխարհը Հս. Կորեայի դեպքում։ Եվ ապա, Թրամփը կդադարի արեւմուտքի առաջնորդների մեջ միակ իզգոյը լինելուց։ Սա իրապես խնդիր է ԱՄՆ նախագահի համար, որը խայտառակ հարաբերություններ ունի պետության ավանդական ու բնական դաշնակիցների հետ: Այժմ գրեթե յուրաքանչյուր միջազգային հանդիպման ժամանակ աչքի է զարնում Թրամփի մեկուսի դրությունը: Նրա հետ չեն համաձայնվում, նրա հետ վիճում են, նրա քայլերը քննադատում եւ այդ ամենը բոլորը ընդդեմ մեկի ձեւաչափով։ Սա ոչ միայն խռովում է Թրամփի առանց այն էլ անհանդուրժող բնավորությունը, այլեւ նրան միայնակ թողնելով` տեղում կանխում է քաղաքական նախաձեռնությունները: Մինչդեռ Մեծ յոթնյակի առաջնորդների դեմ Թրամփն ու Պուտինը միասնական ճակատ կարող են կազմել, ինչը էականորեն կբարդացնի մյուս առաջնորդների վիճակը։

Եվ ահա Թրամփը ձգտում է Պուտինի գործոնը խաղարկելով դուրս գալ միջազգային մեկուսացումից: Ինչ խոսք, հետաքրքիր մարտավարություն է, սակայն դժվար թե փորձառու եւ միշտ Ռուսաստանից սպառնալիք սպասող եվրոպացիները կուլ գնան նման պարզ ծրագրին: Հատկապես մեծ յոթնյակի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԱՄՆ դաշնակիցները այլեւս հույսը չեն դնում ԱՄՆ-ի ու Թրամփի վրա: Թրամփի այս մարտավարությունը առավելագույնը կխորացնի իր, ապա եւ պետության դիրքերի աստիճանական թուլացմանը միջազգային ասպարեզում: Առաջիկա օրերին սպասվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ կարելի է ակնկալել մի նոր բաժանարար գիծ Թրամփի եւ մյուս առաջնորդների միջեւ: Այս հեռանկարն ավելի իրական է, երբ հաշվի ենք առնում, որ դրանից մի քանի օր անց` հուլիսի 16-ին, Հելսինկիում Թրամփը հանդիպելու է Պուտինին, ինչից առաջ նա կփորձի ՆԱՏՕ-ի ղեկավարներից զիջումներ կորզել: Միով բանիվ, արեւմուտքի երկփեղկվածությունը գնալով ավելի է խորանում, ինչը պետք է հաշվի առնվի նաեւ ՀՀ նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության պարագայում` ինտենսիվացնել շփումները բոլոր ուղղություններով:

Ն. Հովսեփյան




Լրահոս