Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում գնանկում է սկսվել, այն էլ՝ բավական նկատելի կերպով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում սննդամթերքը էժանացել է 3.9 տոկոսով: Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում շաքարավազն է էժանացել` 40 դրամով: Պաշտոնապես մայիսին, հունիսի համեմատ, շաքարավազի գինը նվազել է 2.2 տոկոսով:

Օրինակ` իշխանափոխությունից առաջ Երեւանի սուպերմարկետներում շաքարավազի մեկ կգ-ը վաճառվում էր 340 դրամով, այժմ այն արժի 290-300 դրամ: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում գները հունիսին, մայիսի համեմատ, 2.1 տոկոսով նվազել են: Սակայն սա պայմանավորված է ձվի 8.9 տոկոս գնանկմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն էժանացել է, քանի որ ընկերությունները տարեսկզբին մեծ քանակությամբ ձու են արտադրել եւ պահեստավորել: Թեեւ մսամթերքի գները այս հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8.9 տոկոսով բարձրացել են, բայց այս մայիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Օրինակ` տավարի միսն է էժանացել` 290 դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի մեկ կգ-ը 2990 դրամից իջել է` դառնալով 2700 դրամ: Իսկ ահա հավի բդի մեկ կիլոգրամը 800 դրամից էժանացել է` դառնալով 650 դրամ: Բայց նկատենք, որ խոզի մսի գինը չի փոփոխվում, մեկ կգ-ն արժի 3400 դրամ: Հավանաբար պատճառը սեզոնն է, քանի որ այս շրջանում մարդիկ կարճատեւ հանգստի մեկնելիս սովորաբար խոզի միս են գնում: Էժանացել են նաեւ սուրճը, թեյը, հացաբուլկեղենը, ձավարեղենեը: Փոխարենը 0.8 տոկոսով թանկացել են յուղերն ու ճարպերը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսին, մայիսի համեմատ, ձկան եւ ծովամթերքի գներն աճել են 0.2 տոկոսով:

Գնաճից անմասն չի մնացել նաեւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների շուկան: Միայն ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 3.4 տոկոսով: Սակայն ծխախոտի թանկացման պատճառներից մեկը հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումն է: Մինչ այս ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 հատիկ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել է 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը արդեն թանկացել էր 35 դրամով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս