Հայկ Սարգսյանը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար, հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:

Նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, եւ քրեական գործը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։




Լրահոս