«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ՊԵԿ կողմից ս․թ․հուլիսի 11-ին տարածած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «Գաօմ գրուպ», «Գազ գրուպ», «Արզնի գազ», «Ֆակել գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից» վերտառությամբ մամուլի հաղորդագրությունը մի շարք լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարընթերցման տեղիք է տվել։
Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ուր հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։
Կրկին հարկ ենք համարում ընգծել, որ վերը նշված հաղորդագրության մեջ թվարկված մնացած ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:
Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ: