Արտոնյալ գերատեսչություններն ու դատական համակարգը. ինչ են խոստովանում դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգը ազատվում է նախկին կապանքներից: Բանն այն է, որ նախկինում երկու պետական գերատեսչություններ դատարանների կողմից եղել են արտոնյալ կարգավիճակում:

Հիշում եք՝ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետը խոսեց դատական համակարգում առկա խնդիրների մասին, թե, օրինակ, ինչպես են դատավորները նեղսրտել, աղերսել, խնդրել, ասել իրեն, թե ինչպես վարվեն այս կամ այն որոշումը կայացնելիս: Ավելին` վարչապետը ասել է, որ Բաղրամյան 26-ից` նախկինում Հայաստանի նախագահի, այժմ վարչապետի նստավայրից, դատարաններին հրահանգներ չեն լինելու. «Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք ունենալու անկախ դատական համակարգ, եւ մենք կունենանք անկախ դատական համակարգ: Բաղրամյան 26-ից կամ կառավարության շենքից, իշխանական որեւէ կաբինետից որեւէ հրահանգ չի լինելու»:

Այս հայտարարությունից հետո դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք փոփոխություններ եղան, մասնավորապես մինչ իշխանափոխությունը տարբեր դատարանի դատավորները ունեցել են իրենց վարույթում քննվող միատեսակ քրեական գործեր եւ մինչեւ վճիռ կայացնելը հանդիպել եւ քննարկումներ են անցկացրել: Մասնավորապես, քննարկել են ընդհանուր հայտարարի գալու մոտեցումների եւ սահմանված պատժաչափի հարցերը, որպեսզի ամեն մեկը տարբեր որոշում չկայացնի: Այս քայլին դատավորները գնացել են, որպեսզի դատական համակարգում խայտաբղետություն չստեղծվի, այլ միանման լինեն նրանց որոշումները: Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո դատավորների ներքին հանդիպումներն ու պայմանավորվածությունները այլեւս չեն կայանում, ըստ էության, այն պատճառով, որ դատավորներից ոմանք հրաժարվել են հանդիպման գնալ:

Սակայն իշխանափոխությունից հետո սա միակ փոփոխությունը չէ, որ տեղի է ունեցել դատական համակարգում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ խոստովանեցին, որ նախկինում, երբ Երեւանի քաղաքապետարանը դատի է տվել որեւէ քաղաքացու կամ ընկերության, դատարանը օրենքով սահմանված կարգով վարույթ է ընդունել գործը եւ սկսել դատաքննություն: Ու դատավորները գրեթե մեծավ մասամբ վճիռները կայացրել են հօգուտ Երեւանի քաղաքապետարանի: Սա անգամ այն դեպքում, երբ երկու կողմն էլ` ե՛ւ Երեւանի քաղաքապետարանը, ե՛ւ պատասխանող կողմը, ունեցել են իրենց ճիշտը: Սակայն դատավորները միշտ քաղաքապետարանի օգտին են որոշումները կայացրել, թեեւ կարող էին վարվել նաեւ այլկերպ: Նույն իրավիճակը եղել է նաեւ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին է խնդիր ունեցել Երեւանի քաղաքապետարանի հետ եւ դիմելով դատարան` վստահ է եղել, որ դատարանը ի օգուտ իրեն որոշում պետք է կայացնի, սակայն դատարանը նախընտրելէ հաճոյանալ Երեւանի քաղաքապետարանին: Ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը` նկատում եք, որ 310 քաղաքացի Երեւանի քաղաքպետարանի կողմից կայացրած վարչական ակտերի հետ չհամաձայնելու հարցով դիմել է դատարան, սակայն գրեթե բոլոր դիմումները դատարանների կողմից կարճվել են:

Նույն իրավիճակն է եղել նաեւ քաղաքացիների եւ Պետական եկամուտների կոմիտեի շուրջ առաջացած խնդիրների մասով. դատարանը մշտապես որոշում է կայացրել ի օգուտ Պետական եկամուտների կոմիտեի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Տիգրան Ափանեսյանը եւս հաստատեց այն պրակտիկան, որը եղել է դատական հանակարգում. «Ընդհանուր վիճակագրությունից չեմ կարող խոսել, բայց կարող եմ ասել իմ գործերի բնույթից` ճշմարտությունը քաղաքացու կողմն է եղել, դատարանները ի օգուտ պետական մարմինների են կայացրել դատական ակտեր, դա շատ տարածված, խայտառակ պրակտիկա է եղել:

Ամենավառ օրինակը Կենտրոնի բնակիչների արտաքսումն էր Հյուսիսային պողոտայից պետական կարիքների համար, ինչպես նաեւ հարկային գործերով եւ մնացած: Դա շատ տարածված պրակտիկա էր, հենց սա է անարդարությունը, դատական համակարգի խնդիրը: Ինչո՞ւ էր այդպես, քանի որ մենք ապրում էինք ոչ մի ժողովրդավարական ավանդույթ չունեցող երկրում, որտեղ չինովնիկները միմյանց հետ փոխկապակցված են: Հիմա էլ նույնը ունենք, մեկ օրում կամ զուտ այն պատճառով, որ երկրի առաջին դեմքը փոխվել է, այդ մարդիկ չեն փոխվելու, կարող է զգուշանան, կարող է քայլեր անեն` պաշտոնից չզրկվեն, բայց չեն փոխվելու այդ մարդիկ, չեմ պատկերացնում, որ հասուն մարդը կարող է փոխվել»:

Քնար Մանուկյան




Լրահոս