Մեծ ցանկություն ունեմ, որ երեխաս հայ մեծանա, հայկական միջավայրում դաստիարակվի. Հասմիկ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Հասմիկ Կարապետյանն ամուսնու՝ ամերիկահայ դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի եւ դստեր հետ բնակվում է Կանադայում: Հիմա, սակայն, նա հարազատ Երեւանում է եւ պատրաստվում է ամառն այստեղ անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթը Հասմիկի հետ զրուցել է Հայաստանում մշտական բնակություն հաստատելու, թավշյա հեղափոխության, շոուբիզնեսցիների հետ հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ: Նա հույս է հայտնել, որ իր քաղաքական դիրքորոշումը շոուբիզնեսցի ընկերների կողմից կընդունվի նույնքան ադեկվատ, որքան ինքն է ընդունում մյուսների տեսակետները:

-Հասմիկ, դեռ որքա՞ն ժամանակ Հայաստանում կմնաք: Այստեղ միայն Ձեր դստեր հե՞տ եք, թե՞ Ձեր ամուսինն էլ է Ձեզ հետ:

-Ամառը պլանավորում եմ հայրենիքում անցկացնել: Շուտով ինձ եւ աղջկաս կմիանա նաեւ ամուսինս, եւ մենք կվայելենք մեր նոր Հայաստանը:

-Գիտեմ, որ Կանադայից հետեւում էիք թավշա հեղափոխության հետ կապված զարգացումներին: Երբ վերադարձաք Հայաստան, հեղափոխությունից հետո մարդկանց մտածելակերպի փոփոխություն նկատեցի՞ք, քաղաքացիական գիտակցությունը մեզանում որքանո՞վ է զարգացել:

-Գիտե՞ք, մինչեւ թավշյա հեղափոխությունը, երբ խոսվում էր այն մասին, թե ինչ է պետք մեր ազգին, մեր ժողովրդին, ես միշտ ասում էի, որ առաջնահերթ անհրաժեշտ է մշակութային հեղափոխություն անել, այսինքն՝ մտածելակերպի հեղափոխություն: Կարծում եմ՝ այս հեղափոխությունը կնպաստի, որ հետագայում մարդիկ շատ հարցերի շուրջ իրենց մտածելակերպը փոխեն: Մեր մեջ արմատացած են երեւույթներ, որոնք խանգարում են ճիշտ ապրելուն: Շատ կուզեի, որ մեր ազգից վերանար, օրինակ, կոպտությունը, չարությունը: Այնուամենայնիվ, երբ ես Կանադայից եկա, պարզապես փողոցով քայլելիս հաճախ էի նկատում, որ մարդիկ հանգիստ են, խաղաղ, նրանց աչքերում վերականգնվել է ապագայի հանդեպ հավատը: Մարդիկ հույս ունեն, որ եթե ոչ իրենք, իրենց երեխաները կտեսնեն բարեկեցիկ Հայաստան:

-Հնարավո՞ր է՝ երբեւէ ընտանիքով մշտական բնակություն հաստատեք հայրենիքում: Այդ մասին մտածո՞ւմ եք: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր դուստրը, դաստիարակվելով օտար միջավայրում, կարող է տեղի բարքերի կրողը դառնալ:

-Այնպես չէ, որ ես Հայաստանից հեռացել եմ կամ կտրվել: Տարին մի քանի անգամ այցելում եմ Երեւան: Թե՛ ես, թե՛ ամուսինս շատ ենք սիրում մեր հայրենիքը: Եվ եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով, հաճախ նաեւ ստիպված` գործի բերումով, դրսում ենք, մեւնույն է, հայրենիքը մեզ ետ է կանչում: Մենք հոգով, սրտով Հայաստանում ենք: Շատ մեծ ցանկություն ունեմ, որ երեխաս հայ մեծանա, հայկական միջավայրում դաստիարակվի: Չեմ ուզում, որ դրսում մեծացած մի շարք երեխաների պես առանձնանա շրջապատից, ինչ-որ առումով զոմբիանա: Իմ ցանկությունն այն է, որ նա խաղա բակերում եւ շատ շփվող լինի:

-Թավշա հեղափոխության օրերին Ձեր քաղական դիրքորոշման պատճառով երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր, Ձեր ընկերուհի Շուշան Պետրոսյանը ջնջեց Ձեզ իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից: Մի առիթով նշել եք, որ Դա Ձեզ համար շոկային էր: Այնուամենայնիվ, հաշտության եզրեր գտնվեցի՞ն:

-Ես այդ թեմային այլեւս չեմ ուզում անդրադառնալ: Միայն կասեմ, որ ես դատավոր չեմ. դատավորը երկնքում է: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ թե՛ ես, թե՛ Շուշանը շնորհակալ մարդիկ ենք:

-Այդ օրերին շոու-բիզնեսում տարբեր ճամբարներ էին ձեւավորվել, եւ միայն Շուշան Պետրոսյանը չէր, որ նման վարք էր ցուցաբերում: Ուրիշների հետ հարաբերություններում անջրպետներ չառաջացա՞ն:

-Ես արտերկրում էի, եւ որեւէ մեկի հետ շփում չեմ ունեցել, բայց նկատելի էր, որ պառակտումներ եղան: Ինչեւէ, ամեն մարդ ունի դիրքորոշման իրավունք, եւ շատ կուզեի, որ իմ ընկերներն էլ իմ դիրքորոշումն ընդունեին: Եթե ես հակառակ կողմում եմ, չպետք է իրենց համար վատը դառնամ եւ հակառակը: Եկեք հարգենք միմյանց կարծիքները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս