Կարմրուկի բռնկումը շարունակվում է. նախարարությունը հորդորում է զգուշանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կարմրուկի ևս 1021 դեպք: Այսպիսով`դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը, որոնցից կեսից ավելին` շուրջ 15 հազարը, երեխաներ են: Կարմրուկի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ երեխաներ: Առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ամառային հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ, քանզի այս վարակի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը
պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված (առնվազն 2 դեղաչափ) պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով հնարավոր բարդությունները:

Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպք, որոնցից 14-ը՝ չպատվաստված, իսկ 3-ը` թերի պատվաստված անձանց մոտ: Դեպքերի հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

Միաժամանակ, Ուկրաինայում գրանցվել է դիֆթերիայի երրորդ դեպքը` այս անգամ 15 տարեկան դեռահասի մոտ: Երեխան բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ, վիճակը կայուն է: Առողջապահության պատասխանատուները տեղեկացնում են, որ Ուկրաինայում առկա է բավարար քանակի
պատվաստանյութ և հակադիֆթերիային շիճուկ:




Լրահոս