Քուվեյթի դեսպանը Մանե Թանդիլյանին առաջարկել է համագործակցությունն ավելի առարկայական դարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ այսօր՝ հուլիսի 12-ին տեղի ունեցած հանդիպմանն առաջարկել է համագործակցությունն ավելի առարկայական դարձնել:

Այդ նպատակով դեսպանն առաջարկել է փոխգործակցության համաձայնագիր կնքել՝ հավաստելով, որ արդյունքում հնարավոր կլինի համատեղ ծրագրեր մշակել, որոնք անձամբ կփոխանցի Քուվեյթի հիմնադրամ: Դեսպանն իր եւ Քուվեյթի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհինի անունից շնորհավորել է Մանե Թանդիլյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ինչպես նաեւ նախարարի անունից Թանդիլյանին հրավիրել Քուվեյթ:

«Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ինձ տեղեկացրել են մեր երկրների միջեւ եղբայրական հարաբերությունների եւ Հայաստանի Հանրապետությունում Ձեր պետության կողմից իրականացրած ծրագրերի մասին: Ցանկանում եմ նշել, որ մեզ համար կարեւոր է զարգացնել գործընկերային եւ եղբայրական հարաբերությունները մեր ժողովուրդների միջեւ: Եվ այս ամենը զուտ խոսքեր չեն։ Հաճույքով կհանդիպեմ տիկին նախարարին. համոզված եմ՝ համագործակցության զարգացման լայն հնարավորություններ կան»,- նշել է Մանե Թանդիլյանը:

Դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին շեշտել է, որ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամ եւ կձեռնարկի հնարավոր բոլոր աշխատանքները՝ երկու երկրների միջեւ ոլորտային համագործակցության ճյուղերը զարգացնելու համար:

Նա նաեւ տեղեկացրել է, որ այս ամսվա ընթացքում Հայաստան կժամանի նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհինին:




Լրահոս