Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական STRABAG International կոնցեռնի ներկայացուցիչներին, Հայաստանի շինարարների միության և Միջազգային շինարարների միության (Մոսկվա) նախագահներին, կառույցների պատվիրակության այլ անդամների:
Հանդիպման ընթացքում ընկերության պատասխանատու Ռաշենգորֆեր Յուրգենը, որը հանդիսանում է Ռուսաստանի և մերձավոր արտասահմանի երկրների տարածաշրջանային վարչության ղեկավարը, ներկայացրել է ընկերության գործունեությունը, աշխարհագրությունն ու ուղղությունները: Նա նաև նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շինարարական շուկայով և նպատակ ունի մասնակցելու մրցույթների, ծավալելու գործունեություն:
Հայաստանի շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ է որակյալ ինժեներ-ճարտարագետների պահանջը. քննարկվել է համագործակցության ընթացքում ԲՈւՀ-ի լավագույն շրջանավարտների արտերկրում վերապատրաստվելու հարցը:
Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով հյուրերին, կարևորել է առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա: Միաժամանակ նշել է, որ մեր երկրում առաջնային է շենքերի սեյսմակայունության բարձրացումը, դպրոցաշինությունն ու սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցումը: