Երեւանի ավագանու երեկվա նիստում որոշվեց, որ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները պետք է կայանան 2018 թվականի հուլիսի 16-ին: Քաղաքապետի արտահերթ ընտրությունը հենց այս օրն էլ անցկացնելը եղել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի առաջարկը, ով երեկվանից ժամանակավոր կատարում է քաղաքապետի պարտականությունները:
Ընտրությունը հուլիսի 16-ին անցկացնելու հարցն ընդունվեց կողմ 34, դեմ 11 եւ 1 ձեռնպահ ձայներով: Սակայն սա միակ առաջարկը չէր, եւ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում էր ընտրությունն անցկացնել օգոստոսի 8-ին, սակայն այս առաջարկը մերժվեց՝ 34 դեմ, 15 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Ելք» խմբակցությունում իրենց առաջարկի համար պատճառաբանություն ունեին: Դավիթ Խաժակյանը նշեց, որ եթե քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, ապա ավագանու նոր ընտրությունները պետք է անցկացվեն օգոստոսին, ինչը անբարենպաստ է քարոզարշավի համար, ինչպես նաեւ ընտրական գործընթացը կազմակերպելու տեսանկյունից շատ բարդ է:
Հիշեցենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն էլ նախատեսնում է, որ քաղաքապետի հրաժարականից հետո` երրորդ աշխատանքային օրը, գումարվում է ավագանու նիստ, որի ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրության օր առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։
Սակայն ՀՀ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
Վերջին սցենարն էլ բավական իրատեսական է, քանի որ ավագանու երեկվա նիստից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն ամենամեծ խմբակցությունն է ավագանիում, իսկ օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ կետն էլ ասում է. «Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելին են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից»:
Ավագանին կազմված է 65 անդամից եւ 40 տոկոսը 26 մանդատն է: Այսինքն, որեւէ թեկնածուի քաղաքապետ դառնալու համար պետք է 26 ձայն: Սակայն «Ելք» եւ «Երկիր Ծիրանի» խմբակցությունները միասին ունեն 19 մանդատ, այսինքն, ամենաքիչը 7 ՀՀԿ-ական պետք է կողմ քվեարկի որեւէ թեկնածուի, որպեսզի քաղաքապետ ընտրվի: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ «Երկիր Ծիրանի»-ն քաղաքապետի պաշտոնում տեսնում է Զարուհի Փոստանջյանին, ապա նրանց խմբակցության 3 անդամները չեն քվեարկի «Ելք»-ի թեկնածուի օգտին: Ստացվում է` եթե ՀՀԿ-ն իսկապես թեկնածու չառաջադրի, ապա հուլիսի 16-ին Երեւանը քաղաքապետ չի ունենա:
Եվ ահա դրանից հետո արդեն պետք է տեղի ունենա արտահերթ ընտրություններ անցկացնելուն միտված գործընթացները: Դա էլ սահմանում է նույն օրենսգրքի 17-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է, որ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ընդ որում` սահմանված է, որ ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Սակայն ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստը: Եվ արդեն արտահերթ ընտրություններ անցկացվում են ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
Եվ ինչպես նկատեցինք, օրենքում, ամեն դեպքում, ամրագրված չէ, թե հստակ երբ պետք է կրճատվի ավագանու լիազորությունների ժամկետ: Այսինքն` պարտադիր չէ, որ չկայացած ընտրության հենց հաջորդ օրը կամ ասենք մեկ շաբաթ հետո նրանց լիազորությունները կրճատվեն: Եվ դա էլ իր հերթին նշանակում է, թե պարտադիր չէ, որ արտահերթ ընտրությունը կայանա օգոստոսի վերջին, ինչի պատճառով էլ անհանգստանում էի «Ելք»-ականները: Ավելին` Նիկոլ Փաշինյանի թիմը մշտապես էլ ցանկացել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ նույն օրը: Եվ դա շատ հնարավոր սցենար է, եթե իհարկե հուլիսի 16-ին քաղաքապետ չընտրվի:
Միեւնույն ժամանակ նկատենք, որ այդ դեպքում էլ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, եւ Երեւանի 2800 ամյակը կանցկացվի առանց քաղաքապետի: Հավելենք նաեւ, որ ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու չառաջադրելու տարբերակն ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ նոր իրավիճակում ՀՀԿ-ն պարզապես իրավունք չունի մտածել այդպիսի լիազորություններ ունենալու մասին: Ի վերջո, ՀՀԿ-ն ամենանվաստացուցիչ կերպով՝ համաժողովրդական մերժմամբ, հեռացվել է իշխանությունից: Այնպես որ նախորդ տարվա Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակաշառքի շնորհիվ ստեղծված մեծամասնությունը համաժողովրդական շարժման արդյունքում ձեւավորված իշխանության օրոք քաղաքական ինքնասպանություն կգործի, եթե փորձի հաշվի չառնել նոր ստեղծված իրողություններն ու որոշի հանկարծ գլխաքանակի հաշվին մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին տիրանալ: Դա լուրջ հարված կլինի առաջին հերթին այն անձի համար, որը կհամաձայնվի դառնալ քաղաքապետ:
Ի դեպ, ավագանու անդամները երեկ այնքան էլ հակված չէին խոսել Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին` ասելով, թե վերջինս ինքնուրույն է որոշում կայացրել, պատճառներն էլ իրենց հայտնի չեն: Ինքը` Տարոն Մարգարյանը, հրաժարականից հետո մինչեւ հիմա որեւէ մեկնաբանություն չի տվել կատարած քայլի դրդապատճառերի մասին: Միեւնույն ժամանակ շատերն էին կարծում, որ այս իրավիճակում ճիշտն արտահերթ ընտրությունների գնալն է, որ երեւանցին ինքը որոշի նոր ավագանու կազմ եւ քաղաքապետ: Այդպիսի տեսակետ ուներ նաեւ Հովիկ Մուսայելյանը, ում անունը վերջերս նշվում էր որպես ժամանակավոր քաղաքապետի, սակայն նա երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի ցանկանում ժամանակավորի պիտակն իր վրա վերցնել:
Հավելենք նաեւ, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով Երեւանի քաղաքապետին կարող է անվստահություն հայտնվել միայն մեկ տարի հետո: Սա նշանակում է, որ եթե հուլիսի 16-ին Երեւանի ավագանին ընտրի Երեւանի քաղաքապետ, ով էլ որ նա լինի, մեկ տարի նրան որեւէ մեկը չի կարող անվստահություն հայտնել դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Այնպես որ առջեւում հետաքրքիր իրավիճակներ են սպասվում, եւ ամեն ինչ կախված է հուլիսի 16-ի իրադարձություններից:
Նաիրա Հովհաննիսյան