Բրյուսելում կայացավ ՆԱՏՕ-ի հերթական ամենամյա գագաթնաժողովը, որը էականորեն տարբերվում էր նախորդներից գոնե ներհայաստանյան ընկալումների տեսանկյունից։ Սա պայմանավորված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությամբ ու ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ հանդիպման հանգամանքով։ Առավել հետաքրքիր է գագաթնաժողովի ընթացքը, որը նախերգանքն էր Թրամփի ու Պուտինի առաջիկա շաբաթ սպասվելիք հանդիպման։
Գագաթնաժողովի առաջին օրը աչքի ընկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթով՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի ծախսերի հավասար բաշխվածության հարցի հետ։ Կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունների ամբողջական կատարման պահանջը Դոնալդ Թրամփը առաջ է բերել դեռեւս նախընտրական շրջանում։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես երբեմն բարձրաձայնում էր խնդրի մասին։ Սակայն Թրամփը ծախսերի հավասար բաշխվածությունը դարձրել է ՆԱՏՕ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում հիմնասյունը եւ ամեն առիթով հատկանշում է, որ կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետություն պետք է համապատասխան վճարումներ կատարի։ Ըստ իրավական կարգավորումների՝ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները պարտավոր են իրենց ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսի չափով ֆինանսական հատկացում կատարել կազմակերպությանը վերջինիս ծախսերը հոգալու համար։
Այժմ ամենամեծ հատկացումները կատարում է ԱՄՆ-ը, ուստի Թրամփը շեշտում է, որ անդամ պետությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունը եւ առաջին հերթին իրենց գրպանից վճարեն սեփական անվտանգության համար։ Թրամփը համոզված է, որ կազմակերպությունը լիովին հենված է ԱՄՆ-ի ռեսուրսների վրա, եւ ստացվում է, որ ԱՄՆ-ն իր միջոցներով ապահովում է «անշնորհակալ» եվրոպացիների անվտանգությունը, որոնք նույնիսկ չեն էլ ցանկանում վճարել դրա համար։
Թրամփը, որպես գործարար, անշուշտ, ճիշտ է, քանի որ Միացյալ Նահանգները չպետք է թե՛ ապահովեն Եվրոպայի անվտանգությունը, թե՛ վճարեն այդ ծառայության համար։ Սակայն ինչպես մյուս միջազգային կազմակերպությունների դեպքում, այստեղ եւս քաղաքական ազդեցություն ունենալն ավելի կարեւոր է։ ԱՄՆ-ն` որպես ՆԱՏՕ-ի հիմնական ֆինանսական դոնոր, իր այդ կարգավիճակով ստանում է քաղաքական հսկայական ազդեցություն եւ, վճարելով ՆԱՏՕ-ի ծախսերի ահռելի մասը, ակամայից մյուս պետություններին գցում է իրենից կախվածության մեջ։ Եվ Եվրոպական տերությունների նկատմամբ իր վերկարգությունը ԱՄՆ-ն կարող է ապահովել այս եղանակով, քանի որ անհեթեթ կլինի, երբ բոլոր պետությունները հավասարապես ֆինանսական վճարումներ կատարեն, սակայն կառույցում տիրապետող խոսքը պատկանի միայն մեկին։
Այս վարքագիծը կարող է սասանել ԱՄՆ-ի դիրքերը Եվրոպայում։ Տեւական ժամանակ է արդեն, ինչ ԵՄ առանձին ներկայացուցիչներ խոսում են սեփական ռազմական ուժեր ունեալու մասին՝ փորձելով ազատվել ԱՄՆ-ից ունեցած գերկախվածությունից։ Եվ այս միտումների պայմաններում ԱՄՆ-ի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերություններում դեռ կոպտություն է ցուցաբերում՝ փորձելով ձնհալ ապահովել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բնական է, որ ՌԴ-ի հիմնական հակառակորդը ՆԱՏՕ-ն է, որի արեւելյան ընդլայնումը այս պետությունը դիտում է բացառապես իր դեմ ուղղված գործողություն, եւ եթե Թրամփը լարվածություն է ստեղծում կառույցի ներսում, այն անխուսափելիորեն շահավետ է լինելու ՌԴ-ի համար։ Բնականաբար, Թրամփը չի ցանկանա տապալել ՆԱՏՕ-ն, սակայն ընթացիկ սպառնալիքներով ու սակարկություններով կձգտի կորզել իր կամեցածը գոնե ամերիկյան ներքին շրջանականերում ցուցադրելու, որ կատարել է նախընտրական խոստումն ու ստիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մեծացնել ֆինանսական հատկացումների չափը, ինչը չէր հաջողվել Օբամային։ Ավելին՝ Թրամփը, ՆԱՏՕ-ի ներսում խնդիրներ հարուցելով իր նկատմամբ, բարյացկամորեն է տրամադրում Պուտինին ։ Ի դեպ, կարճաժամկետ իմաստով Թրամփը կարող է օգուտ քաղել գոնե երկուշաբթի օրը սպասվող Պուտինի հետ հանդիպումից։
Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների լարվածությունը որոշակիորեն դրսեւորվեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցի վերաբերությամբ ռուսական շրջանակների վերլուծություններում։ Սա, անշուշտ, բնական է, քանի որ Ռուսաստանը միշտ էլ խանդով է հետեւել Հայաստանի ու Արեւմուտքի շփումներին նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանավարության շրջանում։ Այստեղ գործելու խնդիր ունի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը պետք է բազմաշերտ ու բազմակողմանի նախաձեռնություններով հանդես գա։ Նիկոլ Փաշինյանին ցույց տրված բրյուսելյան տպավորիչ ընդունելությունը ակնհայտորեն պայմանավորված էր վերջինիս անձնական հեղինակությամբ ու Թավշյա հեղափոխության տրիումֆով։ Ցավոք, առայժմ ՀՀ ԱԳՆ-ն չի կարողանում կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը միջազգային ասպարեզում, ինչը կարող է լուծվել կրկին հեղափոխական միջոցառումներով՝ փոխելով դեսպանների մեծամասնությանն ու ԱԳՆ ղեկավար կազմին, որոնք աշխատում են Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի պասիվ ու բրգաձեւ աշխարհայացքի 10-ամյա կարծրացած ազդեցությամբ։ Հաշվի առնելով տարածաշրջանային հնարավոր զարգացումները` պարզապես անընդունելի է արտգործնախարարության հին գործիքակազմը, որին էլ սովոր են հին կադրերն ու խառնվածքով անգամ անընկալունակ են նոր իրողություններին։
Ն.Հովսեփյան