Ինչպես հայտնի է, մայիսի 23-ից հանրապետության որոշ փողոցներում արագաչափ սարքերը հանվել են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեսախցիկներն ու արագաչափերը հանելուց հետո որոշ վարորդներ օգտվում են առիթից եւ ավելի մեծ ինտենսիվությամբ խախտումներ անում: Ավելին` այս ամենի արդյունքում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների, հետեւաբար, դրա հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվն է ավելացել: Անգամ հայաստանյան հիվանդանոցներն են լցվել ավրոտվթարների հետեւանքով վնասվածք, վիրավորում ստացած անձանցով:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ՀՀ ճանապարհային ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացրել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Նաեւ ՀՀ տարածքի բնակավայրերի` 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվել է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանվել են Արմենիա հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատվածում, Արտաշիսյան, Սարալանջի, Տիգրան Պետրոսյան, Ռուբինյանց փողոցներում տեղադրված արագաչափերը:
Ավելին` Վանաձոր քաղաքում տեղադրված եւս երկու արագաչափ սարք հանվել է, Գորիսում նույնպես: Արդյունքում, ըստ դժգոհող վարորդների` վթարային իրավիճակներն էլ ավելի են շատացել, մինչդեռ այս շրջանում պետք է թեթեւ երթեւեկություն լիներ` հաշվի առնելով նաեւ այն, որ կրթական հաստատություններում արձակուրդ է: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարությամբ` վարորդներին կոչ անելով պահպանել երթեւեկության կանոնները, հիշեցնելով, որ իրենք ունեն խախտումները կանխելու ռեպրեսիվ մեթոդներ եւ կարող են դրան հասնել երթեւեկության կուլտուրան բարձրացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի քան մեկ ամիս է` չի դադարում դժգոհություններ ստանալ օրինապահ վարորդներից: Նրանց պատմելով` արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնելուց հետո Երեւանում երթեւեկությունը դարձել է անկանխատեսելի, շատ դեպքերում աղաղակող խախտումներով: Վարորդների մեծ մասը, տեղյակ լինելով, որ որոշ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը հանվել են, վստահ լինելով, որ իրենք արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի, մեքենաները վարում են ուզածի նման` հոծ գիծը խախտելով, անկանոն, խառը: Բայց արագաչափ սարքերն ու տեսախցիկները մշտապես զգոնացրել են վարորդին:
Մյուս կողմից վերջին մեկուկես ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա հետ համեմատած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է, նաեւ զոհերի թիվն է աճել: ՀՀ ճանապարհային ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ապրիլին Հայաստանում գրանցվել է 283 ՃՏՊ, որի արդյունքում եղել է 26 զոհ, 409 վիրավոր, մայիսին`311 ՃՏՊ, զոհ` 14, 442 վիրավոր: Իսկ ահա հունիսին ե՛ւ ՃՏՊ-ի թիվն է աճել`դառնալով 349, ե՛ւ զոհերին` 24, ե՛ւ վիրավորներին` 541:
Միայն հուլիսի 1-ից մինչեւ 11-ը ներառյալ ՃՈ-ն արձանագրել է 169 ՃՏՊ, որից 15 զոհ, 238 վիրավոր: Եւ որպեսզի ավելի պատկերավոր լինի, ներկայացնենք նաեւ նախորդ տարվա նույն ամիսների վիճակագրությունը. այսպես, անցած տարվա ապրիլին նույն ՃՈ-ի կողմից արձանագրվել է 264 ՃՏՊ, որից 20 զոհ, 367 վիրավոր, մայիսին`269 ՃՏՊ, 22 զոհ, 406 վիրավոր, հունիսին` 332 ՃՏՊ, 25 զոհ, 454 վիրավոր: Իսկ ահա հուլիսի 1-ից մինչեւ 11-ը ներառյալ արձանագրվել է 123 ՃՏՊ, 16 զոհ 178 վիրավոր: Ասել է թե` արագաչափ սարքերն ու տեսախցիկները հանելուց հետո ավելի քան կրկնակի աճել են ե՛ւ ՃՏՊ-ների,ե՛ւ դրանց հետեւանքով զոհերի թիվը: Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորի` կրկին խստացնելով երթեկության կանոնների պահպանումը, այլընտրանքը՝ ՃՏՊ-ների, դրանց հետեւանքով՝ զոհերի թվի աճն է:
Տեղեկացնենք, որ տեսախցիկներ ու արագաչափ սարքեր հանվել են հիմնականում բնակավայրերին մոտ տարածքներում եւ մինչեւ 60 կմ/ժ արագություն ունեցող վայրերում: Բայց դեռեւս հայտնի չէ`արդյոք ՃՏՊ-ների քանակը ավելացել է հենց այդ վայրերում: Այժմ ՃՈ-ում այս թեմայով ուսումնասիրություններ եւ վերլուծություններ են արվում:
Ի դեպ, երեկ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթեւեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը: Օրենքի ընդունումից կօգտվի 150 հազար քաղաքացի, կներվի 13,7 միլիարդ դրամ տուգանք։ Այն կարգավորում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները: Հուսանք այս համաներումից եւս որոշ վարորդներ առիթից չեն օգտվի, խախտումներով վարեն եւ տուգանքները չմուծեն:
Սյունէ Համբարձումյան