«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը անվանի դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն է: Նա անդրադարձել է թավշյա հեղափոխության տված արդյունքներին, հայտնել է, թե որն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նոր կառավարության հետ կապված իր տեսլականը: Պարզվում է՝ հեղափոխության օրերին դուդուկահարը երկրում չէր, Միացյալ Նահանգներում էր, սակայն հոգով եւ սրտով իր ժողովրդի կողքին էր: Պարոն Գասպարյանը խոսել է նաեւ մշակույթի ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ հայտնելով ներկայիս վիճակի վերաբերյալ իր տեսակետը:
-Պարո՛ն Գասպարյան, այն ուղին, որն այսօր բռնել է Հայաստանը, Ձեր սրտո՞վ է: Ըստ Ձեզ՝ մենք ճի՞շտ ճանապարհով ենք գնում:
-Կարծում եմ, որ այո: Կան նոր օրենքներ, կա նոր Հայաստան: Սպասում եմ փոփոխությունների:
-ԱԱԾ-ի բացահայտումներից ի՞նչ տպավորություններ ունեք:
-Եթե մարդիկ մի բան են վերցնում պետությունից, որն իրենցը չէ, պետք է վերադարձնեն: Նորմալ պրոցես է: Ժողովուրդն ուզում է մարդավարի ապրել, որ իր եղածը չտանեն: Այդքան բան:
-Ժողովրդական շարժմանը հետեւո՞ւմ էիք: Այդ օրերին ի՞նչ զգացումներ, ապրումներ ունեիք:
-Ես այդ ժամանակահատվածում Հայաստանում չեմ եղել. Միացյալ Նահանգներում էի, բուժվում էի: Ամեն դեպքում, հոգով-սրտով հայրենիքում էի:
-Նոր կառավարության գործելաոճից ի՞նչ տպավորություն ունեք: Ըստ Ձեզ՝ նրանց հաջողվե՞լ է շահել ժողովրդի վստահությունը:
-Նիկոլ Փաշինյանը շատ ծանր լծի տակ է մտել, շատ մեծ պատասխանատվություն է ստանձնել: Նա պետք է երկիրը քանդի, նորից սարքի: Ժողովուրդը սիրում է, հավատում է, վստահում է նրան, ես ի՞նչ կարող եմ ասել: Ես ժողովրդի մի մասնիկն եմ, կուզեմ, որ ազգս լավ ապրի: Եթե այն խոստումները, որոնք հնչում են, իսկապես իրականացվեն, շատ մեծ գործ կլինի: Կառավարությունը շատ լուրջ աշխատանք պետք է տանի: Նոր երկիր, նոր ոճ: Կապրենք, կտեսնենք, թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները:
-Քաղաքացին ի՞նչ պետք է անի, որպեսզի օգնի կառավարությանը: Չէ՞ որ վերջինս միայնակ ոչինչ անել չի կարող:
-Ժողովրդի մակարդակը պետք է այն աստիճան բարձրանա, որ թույլ չտա՝ ամեն մեկն իր իրավունքները ոտնահարի: Արդյունքում մարդիկ կընկնեն բնականոն հունի մեջ: Հիմա մի քիչ խառը վիճակում են, իրենք էլ չգիտեն՝ ոնց կլինի, ինչ կլինի, բայց հույս ունեն, որ ավելի լավ կլինի: Համենայն դեպս, անթույլատրելի երեւույթների ականատեսը չպետք է լինենք:
-Ի՞նչ նկատի ունեք, օրինակ, Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումնե՞րը:
-Ոչ միայն, ընդհանրապես եմ ասում: Խոսք չեմ գտնում ոմանց արարքը նկարագրելու համար: Ես չեմ պատկերացրել, որ նման մարդիկ կարող են լինել աշխարհում: Նորմալ մարդը չի կարող նման բաներ անել:
-Եվ վերջում` մշակութային դաշտը մաքրելու համար ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, ըստ Ձեզ: Դուք այս առնչությամբ մտահոգություններ ունե՞ք: Մշակույթի նախարարության գործառույթը ո՞րը պետք է լինի:
-Այսօր ստեղծվող ֆիլմերը, քանդակները, արվեստի մյուս գործերը այնպիսին չեն, ինչպիսին, իմ պատկերացմամբ, պետք է լինեին: Ֆիլմերում բացի սեքսից, երեխա գողանալուց եւ մարդասպանությունից ոչ մի բան ցույց չեն տալիս: Դրանք դաստիարակչական ոչ մի ֆունկցիա չեն կատարում: Ճիշտ կլինի, որ մշակույթի նախարարությանը լծակներ տրամադրվեն դաշտը վերահսկելու համար: Այսօր ինքնագործունեությունն ու անճաշակությունը շատ խորը արմատներ են գցել: Հայկական ֆիլմերը դիտելով՝ զզվում ես հայ աղջկա կամ հայ տղայի կերպարներից: Նույնիսկ չես կարողանում հեռուստացույց միացնել: Նույնը երգարվեստում է, նույնը թատրոնում է: Այսօր բոլորը դարձել են, ասենք, կոմպոզիտոր, ուր ենք գնում՝ չեմ հասկանում: Համենայն դեպս, ուզում եմ հուսալ, որ ավելի լավ է լինելու…
Աննա Բաբաջանյան