Հավանաբար կհանգստանամ Եգիպտոսում. Լիլիթ Կարապետյանը` ամառային հանգստի և նոր տեսահոլովակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ համար ամառային հանգստի ամենատպավորիչ օրերը եղել են մինչեւ ինը տարեկանը ընտանիքիս՝ հորս, մորս եւ եղբորս հետ անցկացրած պահերին: Դրանից ավելի վառ հուշեր չունեմ: Հետո արդեն կարող եմ առանձնացնել նախորդ տարի որդուս եւ մայրիկիս հետ անցկացրած հանգիստը Եգիպտոսում: Քանի որ ես ընտանիքի մարդ եմ, առանձնակի գնահատում եմ հենց ընտանեկան հանգստի պահերը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
Նա նախկինում ակտիվ հանգստի սիրահար է եղել, սակայն որդու ծնունդից հետո նախընտրում է հանգստի պասիվ տարբերակը. «Քանի որ տղաս օրվա ընթացքում բոլորի էներգիան իր ակտիվությամբ արդեն իսկ սպառում է, նախապատվությունը տալիս ենք պասիվ հանգստին»,-ասաց Լիլիթը:

Ինչպես նախորդ տարի, հավանաբար այս տարի եւս Լիլիթը որդու եւ մայրիկի հետ հանգստի կմեկնի Եգիպտոս: «Ես վախկոտ եմ, առանձնապես էքստրիմի սիրահար չեմ, բայց ջուր շատ եմ սիրում, ուր էլ մեկնեմ, ծովը պարտադիր նախապայման է»,-շեշտեց երգչուհին:

Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական ծրագրերի մասին: Լիլիթը տեղեկացրեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել նոր տեսահոլովակ: Երգն արդեն գործիքավորման փուլում է: Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Գործիքավորումն անում է Էդգար Ալեքսանյանը. «Սիրո մասին ստեղծագործություն է՝ ակտիվ եւ աշխույժ, վստահ եմ, որ այն ունկնդիրների մոտ ժպիտ կառաջացնի: Պարզապես գործիքավորման պրոցեսը փոքր-ինչ ձգձգվում է, այդ է պատճառը, որ ժամկետների մասով հստակ ոչինչ ասել չեմ կարող»,-նշեց Լիլիթը:

Նա նաեւ հավելեց, որ վերջին շրջանում ակտիվորեն ստանում է կոորպորատիվ միջոցառումների մասնակցելու հրավերներ հատկապես մարզերից:

«Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ մարզերում կարծես վերականգնվում է երբեմնի աշխույժ կյանքը»,-եզրափակեց Լիլիթը:

Անի Անտոնյան




Լրահոս