Չեմ ուզում միայնակ մայր լինել. Ջուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ամառային հանգստի, հետաքրքիր լուծումներով տեսահոլովակի, տղամարդկանց նախընտրելի տեսակի մասին զրուցել է երգչուհի Ջուսի հետ: Նա նշել է, որ երկրպագուներին ներկայանալու է նորովի եւ անսպասելի: Ի դեպ, հուլիսի 9-ին երգչուհու ծննդյան տարեդարձն էր, այնպես որ մենք անդրադարձել ենք նաեւ այդ թեմային: Ջուսը երազանք է պահել. ցանկանում է կատարելագործվել աշխատանքի մեջ եւ անձնական հարաբերություններում:

-Ջո՛ւս, այս տարի ինչպե՞ս նշեցիք Ձեր ծննդյան օրը: Ինչո՞վ այն առանձնացավ:

-Ամեն տարի տարեդարձս նշում եմ ռեստորանում կամ ակումբում, բայց այս տարի ցանկացա նշել տանը՝ հանգիստ պայմաններում, որպեսզի ինչ ուզեի՝ անեի, հագնեի: Նախընտրեցի ծնունդս անցկացնել շատ մտերիմների հետ:

-Որոշե՞լ եք, թե այս ամռանը որտեղ եք անցկացնելու Ձեր հանգիստը: Առհասարակ, Դուք ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի սիրահար եք:

-Այս ամռանը ոչ մի տեղ չեմ գնալու, քանի որ զբաղված ենք նոր տեսահոլովակիս մոնտաժային աշխատանքներով: Այն կթողարկվի սեպտեմբերին եւ կտարբերվի իմ բոլոր տեսահոլովակներից: Չեմ ուզում փակագծերն ամբողջովին բացել, բայց ասեմ, որ երգի հեղինակը Աղասի Գեւորգյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը Արայիկ Համբարձումյանն է: Երգն ուղեկցվում է դհոլի նվագակցությամբ: Թվում է, թե ես դհոլի հետ ոչ մի կապ չունեմ, բայց դիմել եմ էքսպերիմենտի: Երգը, բնականաբար, պարային է: Ինչ վերաբերում է հանգստին, ապա շատ կցանկանայի որեւէ կղզի մեկնել, որտեղ կլինեին շատ արմավենիներ: Քանի որ իմ առօրյան բավական էքստրեմալ է եւ «գժական», նախընտրում եմ պասիվ հանգիստ՝ ծով, ավազ, մերսումներ: Այնքան շատ ադրենալին ունեմ կուտակած, որ ինձ թվում է՝ ավելցուկ ունեմ:

-Դուետ ներկայացնելու ծրագրեր ունե՞ք: Շատերը սպասում են հետաքրքիր համագործակցության:

-Այո՛, պատրաստում ենք զուգերգ ակումբային երգիչներից մեկի հետ: Վերջինս այնքան էլ հայտնի չէ, ասպարեզում շատ չի երեւացել, բայց յուրահատուկ աշխատանք է խմորվում: Սեպտեմբերից կսկսենք աշխատանքները:

-Ջո՛ւս, անձնական կյանքում հանգի՞ստ, թե՞ փոթորկուն շրջան է: Այս «ճակատում» նորություն կա՞:

-Ո՛չ, բոլոր տղամարդկանց ուղարկում եմ հեռուներ: Առհասարակ, սիրում եմ, որ տղամարդը կնոջը նվաճում է, իսկ հիմա տղամարդիկ ոնց որ հավես չունեն, ալարում են, չեն ուզում երեւակայությանը զոռ տալ: Պատճառն այն է, որ հասանելի եւ մատչելի կանայք շատ են:

-Անձնական կյանքը կառուցելու անհաջող փորձերից հետո տղամարդկանցից հիասթափվե՞լ եք, կարծում եք՝ բոլորն էլ նույն սանրի կտա՞վն են:

-Այդ փորձերից հետո ես շատ զգույշ եմ տղամարդկանց հետ: Տղամարդը պետք է ջանքեր գործադրի՝ ինձ հասնելու համար: Այդ ջանքերը չպետք է դադարեն գործադրվել նաեւ ինձ նվաճելուց հետո: Նա պետք է ասի՝ քո խնդիրն իմ խնդիրն էլ է: Սիրում եմ ջենթլմեններին: Չնայած այդպիսի տղամարդը ֆանտաստիկայի ժանրից է, ինձ թվում է՝ նման մեկին կարելի է հանդիպել գրքերում, ֆիլմերում, բայց ոչ կյանքում:

Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ամուսնանալ այլեւս չեք ուզում: Չե՞ք մտափոխվել:

-Չէ՛, շատ պե՞տքս է. ազատությունն այնքան լավ բան է… Կարելի է քաղաքացիական ամուսնությամբ ապրել, որ ոչ մի ԶԱԳՍ չլինի: Տղամարդն ու կինը պետք է ապրեն հանգիստ, առանց իրար ճնշելու, խեղդելու: Տղամարդը չպետք է ինձ ասի՝ այստեղ գնա, այստեղ մի գնա, բայց նա պետք է իմանա, թե ես որտեղ եմ եւ ում հետ:

-Երեխաներ ունենալու ցանկություն կա՞:

-Այո՛, բայց տղամարդ չկա: Տղամարդը պետք է կնոջը թիկունք լինի: Ես չեմ ուզում միայնակ մայր լինել: Ընտանիքը պետք է ամբողջական լինի:

-Եվ վերջում՝ ծննդյան տորթի մոմերը փչելիս ի՞նչ երազանք եք պահել:

-Երազանքս կատարելագործվելն է աշխատանքիս մեջ, անձնական հարաբերություններում: Ուզում եմ միշտ առաջ գնալ: Ինձ թվում է՝ կստացվի, քանի որ աշխատում եմ այդ ուղղությամբ:

Անի Անտոնյան




Լրահոս