Օգոստոսին երգչուհի Սիլվա Հակոբյանը համերգով հանդես կգա Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նրա պրոդյուսեր, հայր Հակոբ Հակոբյանը: Հենց Լոս Անջելեսում էլ երգչուհին կանցկացնի իր ամառային հանգիստը. «Երբ Սիլվան փոքր էր, շատ ակտիվ էր, հետո ինչքան մեծացավ, այնքան խելոքացավ: Հիմա նա նախապատվությունը տալիս է պասիվ հանգստին»,-ասաց պրոդյուսերը:
Մի քանի օրից երկրպագուների դատին կհանձնվի նաեւ Սիլվայի նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Արբել եմ սիրուց» երգի հիման վրա: Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել է Էդգար Հակոբյանը:
Քանի որ արդեն մի քանի տարի է՝ Սիլվա Հակոբյանի երկրպագուները սպասում են երգչուհու մեծ մենահամերգին մայրաքաղաքում, իսկ վերջինս էլ պարբերաբար նշում է, որ պլանավորում է նման նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն այն, չգիտես` ինչու, կյանքի չի կոչվում, հարցրինք, թե Երեւանում այս տարի սպասենք արդյոք Սիլվայի մենահամերգին, իսկ պրոդյուսերը պատասխանեց. «Այս տարի երեւի չենք հասցնի, քանի որ աշնանը մեծ տուր է լինելու Ղազախստանի, Վրաստանի եւ այլ երկրների 30-40 քաղաքներում: Մյուս տարի արդեն ցանկություն ունենք Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես համերգային շրջագայություն կազմակերպել: Մարտին Սիլվան կերգի Երեւանում՝ Մարզահամերգային համալիրում, ապրիլին՝ Մոսկվայում՝ Կրեմլում, իսկ մայիսին՝ Լոս Անջելեսում. դահլիճը դեռ որոշված չէ»:
Պրոդյուսերը նաեւ տեղեկացրեց, որ Սիլվան նոր երգ ունի, անունը՝ «Մարիաննա»: Նրա երկրպագուները խնդրել են Սիլվային իրենց դստեր մասին երգ կատարել, վերջինս էլ չի մերժել. «Դա, կարելի է ասել, պատվերով երգ է: Հեղինակը կրկին Մանե Հակոբյանն է: Սիլվան էլի ունի պատվերով ստեղծված երգեր՝ «Պապա», «Մամա», «Մռութիկը» եւ այլն: Դա աշխարհում ընդունված պրակտիկա է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Անի Անտոնյան