Ինձ ձերբակալությունները չեն ուրախացնում, էականն այն է, որ մեր թոռները մեր պարտքերը չփակեն. Նառա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբեք չեմ կարող իմ ազգից եւ ժողովրդից հեռու լինել։ Այն, ինչ կատարվում է իմ երկրում, նաեւ ինձ է վերաբերում։ Ժողովրդական շարժման ժամանակ երկրում չէի, բայց հոգով-սրտով հայրենիքում էի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Նառան։

Նրա խոսքով՝ ինքը քանի ապրում է, միշտ հույս ունի, որ մեր երկրի վիճակն ավելի է լավանալու։ Հարցին, թե որպես քաղաքացի՝ վերջին ամիսներին ինքն իր համար ինչ բացահայտումներ է արել, երգչուհին պատասխանեց․«Չգիտեմ՝ ում գիտակցության մեջ ինչ փոխվեց, ով ինչ բացահայտեց, բայց ինձ մոտ ամեն բան այլ էր։ Ինձ համար ոչինչ անակնկալ չէր։ Այն, ինչ եղավ, վաղուց էր հասունացել։ Հերիք էր մի կայծ, եւ կրակը բռնկվեց»։

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչ տպավորություններ ունի Նառան ԱԱԾ-ի վերջին բացահայտումներից․«Թե ում կբռնեն, ինչ կանեն, ինձ համար կարեւոր չէ։ Ինձ չի ուրախացնում այն հանգամանքը, որ ինչ-որ մարդիկ են բերման ենթարկվում։ Կարեւորը վերջնական արդյունքն է։ Էականն այն է, որ մեր թոռները մեր պարտքերը չփակեն, որ ապրեն արժանապատիվ երկրում»,-շեշտեց նա։

«Ժողովուրդ»-ը Նառայի հետ մի փոքր էլ զրուցեց առաջիկայի գործնական պլանների մասին։ Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ։ Երգի երաժշտության հեղինակը Իրինա Մալխասյանն է, խոսքերինը՝ Անիտա Հախվերդյանը։ Այն գործիքավորման փուլում է․«Այդ ժանրում ինձ դեռ ոչ ոք չի տեսել»,-ասաց Նառան՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։

Ինչ վերաբերում է անձնականին, ապա երգչուհին կիսվեց ուրախ լուրով։ Նա տեղեկացրեց, որ օգոստոսին լույս աշխարհ կգա իր թոռնիկը։ Այդ պատճառով էլ Նառան այս ամառ հանգստի չի մեկնի։ Նա ամիսներ առաջ է իր հանգիստը վայելել, իսկ հիմա սպասում է ընտանիքի համալրմանը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս