Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախում ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին բաց նամակ է հղել:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի հուլիսի 10-ին բավարարել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղակայված իմ հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա 13.07.2018թ-ին խուզարկություն է կատարվել նշված շինություններում: Խուզարկության հիմք հանդիսացող վերը նշված միջնորդությունը քննության առնելու մասին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումից տառացի մեջբերում եմ. «Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը 2016թ ապրիլին հանդիսանալով ԱՀ փոխվարչապետ, համակարգել է ՀՀ-ից և արտերկրից առաջնագծի և զինծառայողների համար տրամադրվող օգնությունների ստացման և բախշման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ պատշաճ հսկողության բացակայությունից, յուրացրել է մեծ քանակի օգնություն»:

Հարգելի գործնկերներ, նշվածը կասկածի տակ է դնում օպերատիվ շտաբի կատարած արդար և թափանցիկ գործունեությունը և ինձ համար, առնվազն, անհասկանալի է իմ անձի՝ որպես շտաբի մեկ անդամի հանդեպ արտահայտված զրպարտությունը:

Հայտնելով վերոգրյալի մասին, ակնկալում եմ շտաբի անդամների օբյեկտիվ գնահատականը:

Հարգանքով՝
Արթուր Աղաբեկյան»:




Լրահոս