Ընթացիկ տարվա քննություններին հանրապետության բուհերն ունեցել են, ընդհանուր առմամբ, 5087 դիմորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը նշեց, որ քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոնում, որից 4-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում:
«Քննություններն անցել են հանգիստ, կազմակերպման առումով որևէ խնդիր չենք ունեցել: Առաջին փուլում ունեցել ենք 5087 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է: 2017-ին մենք ունեցել ենք 10 հազար դիմորդ: Դիմորդների թվի նվազումը պայմանավորված է 12-ամյա կրթության անցմամբ: Այլևս չենք ունենա նման անկում, հաջորդ տարի 22-24 հազար շրջանավարտ կլինի, մոտ կեսը նախատեսվում է, որ կդիմեն բուհերի ընդունելության համար»,-ասաց Արմեն Փաշայանը:
Դիմորդների շրջանում պահանջված մասնագիտություններն են տնտեսագիտություն, իրավագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությունները: Դիմորդների թվի անկում նկատվել է 29 մասնագիտության գծով 5 բուհում: Այսինքն՝ դիմող եղել է, պարզապես չեն անցել, հիմա այդ ուղղություններով ուսանող չկա: Դրանք են՝ բնագիտություն, շախմատ, իսպաներեն լեզու և գրականություն, սուրդոմանկավարժություն և այլն:
Միասնական քննություններին 7,5 միավոր ստացածը համարվում է անցած: Այս շեմը չի հաղթահարել 1 125 դիմորդ: Առաջին փուլում 327 դիմորդ ստացել է բացարձակ 20 միավոր: Երկրորդ փուլում դիմել են 745 դիմորդ, կտրվողների թիվը կազմել է 357: Արմեն Փաշայանի խոսքով, կտրվողների թիվը նախորդի համեմատ մի փոքր ավելին է:
«Երկրորդ փուլում, օրինակ, ռուսաց լեզվից մոտ 51 տոկոսը կտրվել է, ֆիզիկա առարկայից կտրվել է դիմորդների 61 տոկոսը, չնայած ռուսերենի կտրվածների թիվը առաջին փուլում էլ բավական բարձր էր՝ մոտ 28 տոկոս»,-ասաց Արմեն Փաշայանը: Նրա խոսքով, լավ արդյունքներ են գրանցվել անգլերենից, հայերենից, հայ գրականությունից:
Բանախոսները նշեցին, որ քննությունների արդյունքներն այսօր երեկոյան կտրամադրեն բուհերին և հուլիսի 15-ին ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի: