Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամները հայտարարություն են տարածել հուլիսի 13-ին Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության վերաբերյալ, որի մեջ, մասնավորապես, գրված է՝

«Մենք՝ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամներս, տարակուսանք և վրդովմունք ենք հայտնում օպերատիվ շտաբի անդամներից մեկի՝ Արթուր Աղաբեկյանի պաշտոնական գործառույթների իրականացման հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի առթիվ: Մասնավորապես, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի հուլիսի 10-ին բավարարել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղակայված՝ Ա. Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա 13.07.2018թ-ին խուզարկություն է կատարվել նշված շինություններում: Խուզարկության հիմք հանդիսացող վերը նշված միջնորդությունը քննության առնելու մասին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումից Ա. Աղաբեկյանը տառացի մեջբերել է. «Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը 2016թ ապրիլին հանդիսանալով ԱՀ փոխվարչապետ, համակարգել է ՀՀ-ից և արտերկրից առաջնագծի և զինծառայողների համար տրամադրվող օգնությունների ստացման և բախշման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ պատշաճ հսկողության բացակայությունից, յուրացրել է մեծ քանակի օգնություն»:

Այդ առթիվ հայտարարում ենք՝

  1. Արցախի Հանրապետության կառավարությունը 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար 04.04.2016թ. ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում էր 2016թ. ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը իսկ  շտաբի անդամներն են եղել (2016թ. դրությամբ)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը
    Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը

Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, իրային ծառայության ապահովման մասով՝ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը:

  1. Սույն օպերատիվ շտաբը համակարգել է այդ օրերին Արցախին օգնություն տրամադրած պարենային, այլ նյութական և ֆինանսական նվիրատվությունները, ԼՂՀ կառավարության անունով բացվել է հատուկ հաշվեհամար՝ ֆինանսական նվիրատվությունների ստացման համար:
  2. Թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում օպերատիվ շտաբն իրեն ուղղված բոլոր տեսակի օգնությունների ստացման եւ բաշխման աշխատանքները կատարել է համախորհուրդ, որոնց մասին պարբերաբար հանդես է եկել հրապարակային հաղորդագրություններով և հաշվետվություններով:

Այդ ընթացքում մեր կողմից ստացված յուրաքանչյուր լումա, յուրաքանչյուր օգնություն տրամադրվել է պաշտպանության բանակին, կամավորականներին, կամավորականների ընտանիքներին և ապրիլյան պատերազմի հետևանքով տուժածներին ու ժամանակավոր տեղահանվածներին: Նյութական և ֆինանսական օգնությունների ստացման ու բաշխման մասին հրապարակվել են թափանցիկ հաշվետվություններ, որոնք տեղադրված են Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում:

  1. Բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքներն առաջնագծում: Հատկանշական է, որ այդ շրջայցին մասնակցում էր նաև ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր է գնահատել կատարված աշխատանքները և հանդես եկել որոշ առաջարկներով:
  2. Սույն օպերատիվ շտաբի անդամներս հայտնում ենք մեր վրդովմունքը օպերատիվ շտաբի գործունեության հանդեպ ցուցաբերած անվստահության եւ զրպարտության համար եւ ափսոսանքով նշում, որ կասկածի տակ է առնվում 2016թ. ապրիլին համազգային զարթոնքի եւ միասնականության գաղափարը: Մենք նաև անընդունելի ենք համարում սույն շտաբի մեկ անդամի նկատմամբ դրսևորած գործողությունները»:




Լրահոս