Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին բաց նամակ է հղել ֆիննական առաջատար թերթերից մեկը՝ Helsingin Sanomat-ը։ Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է հուլիսի 16-ին, Հելսինկիում։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, Նամակը հրապարակվել է 3 լեզուներով՝ ֆիններեն, ռուսերեն և անգլերեն։ «Նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը Ֆինլանդիայի բնակիչների մոտ նախորդ տարիներին կայացած նման հանդիպումների մասին հիշողություններ է արթնացնում։
Հաճախ է եղել, որ գերտերությունների առաջին դեմքերի ժամանումը Հելսինկի «նշանավորվել» է լարված մթնոլորտով, բայց առաջնորդները բաժանվել են ժպիտները դեմքներին։ Այս երևույթը նույնիսկ ունի իր անվանումը՝ «Հելսինկիի ոգին»։ Այս անգամ հանդիպման ելքը կանխատեսելը չափազանց բարդ խնդիր է վերջերս ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում տեղի ունեցող արագ փոփոխությունների պատճառով»,-ասված է նամակում: Մասնավորապես, լրագրողները հույս են հայտնել, որ երկու երկրների առաջնորդները «առանց եվրոպացիների մասնակցության եվրոպական խնդիրներ» չեն լուծի։