Ո՛Չ ՄԵԶՆՈՎ Է ԲԱՑՎԵԼ, Ո՛Չ ԷԼ ՄԵԶՆՈՎ ԿՓԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրությունների շեմին Հայաստանում սովորական  երեւույթներ  են ե՛ւ քաղաքական վերադասավորումները, ե՛ւ նոր կուսակցությունների ի հայտ գալը, որոնք ընտրություններից անմիջապես հետո փակվում են: Առաջիկա համապետական ընտրություններն արդեն մոտենում են, սակայն զարմանալիորեն որոշ կուսակցությունների մարզային գրասենյակներ փակվել են, որոշների փակման մասին էլ  շշուկներ են պտտվում, ինչպես, օրինակ, ՀՅԴ` Լոռու մարզային կոմիտեի գրասենյակի մասին:Տեղեկության իսկությունը պարզելու համար դիմեցինք կուսակցության Լոռու մարզային կոմիտեի անդամ Վանյա Մաթեւոսյանին, ում մեր հարցը զարմանք պատճառեց: «Դաշնակցության գրասենյակը երբեւէ չի փակվել, լուրերն անհիմն են: 1992-ից գործում ենք, չփակվեցինք նույնիսկ 94-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ամեն ինչ արվում էր դրա համար: Ի՞նչ է նշանակում «փակվել է», գրասենյակը խանութ չի, որ մի օր բացվի, մի օր էլ փակվի»,-վրդովվեց Վանյա Մաթեւոսյանը:  Վերջինիս խոսքով գրասենյակը  գործում է լավ պայմաններում, պարբերաբար գումարվում են ժողովներ, կատարվում է քաղաքացիների ընդունելություն: Պարոն Մաթեւոսյանը կարծիք հայտնեց, թե գուցե գործավարը տեղում չի եղել, այդ պատճառով է ոմանց մոտ նման տպավորություն ստեղծվել: Ըստ նրա` Դաշնակցությունը մի քանի հազար անդամ ունենալու ցավով չի տառապում, ոչ էլ անհատի կուսակցություն է, որ լիդերի բացակայության դեպքում լուծարվի: Թեեւ խոսքը վերաբերում էր միայն Լոռու մարզային գրասենյակին, պատասխանն առավել ընդգրկուն հնչեց. «Դաշնակցությունը 120 տարվա պատմություն ունեցող կուսակցություն է, ո՛չ մեզանով է ստեղծվել, ո՛չ էլ մեզանով կփակվի: Եթե, Աստված մի արասցե, ՀՅԴ բյուրոն էլ փակվի, Դաշնակցությունը չի փակվի, կուսակցության մարզային կոլեգիաներն էլ չեն փակվել ու չեն փակվելու»,-ասաց Մաթեւոսյանն ու ավելացրեց. «Դաշնակցությունը գիտե՞ք երբ կփակվի, երբ իր սկզբունքին դավաճանի»: Ընտրություններն արդեն մոտ են, սակայն գրասենյակի աշխատաոճում որեւէ ակտիվություն չի նկատվում, գուցե դա՞ է պատճառը, որ շատերը մտածում են, թե ՀՅԴ գրասենյակը փակվել է: Այս կապակցությամբ Մաթեւոսյանը նշեց. «Մենք պոպուլիստական գովազդներով չենք զբաղվում: Ի՞նչ անենք, դուրս գանք, աջ ու ձախ ժողովրդին ասենք` ձեզ համար այս ենք արել կամ այն ենք արե՞լ: Մենք ամենօրյա քարոզի կարիք չունենք»,-վստահեցրեց նա: Այն հարցին, թե ոչ պաշտոնապես ընտրապայքարն արդեն սկսվել է, ինչպես է մարզային գրասենյակը ծավալելու իր քարոզչությունը, Վանյա Մաթեւոսյանը պատասխանեց. «Կակտիվանանք` կտեսնեք: Դաշնակցությունն իր ձեւով է քարոզելու: Թե որքանով ժողովուրդը կգնա նրա հետեւից, ցույց կտա հաջորդ տարվա մայիսը»,-եզրափակեց Մաթեւոսյանը:Հ.Գ.Կապված   վանաձորցի դաշնակցականի այն պնդման  հետ, թե Դաշնակցությունը կփակվի այն դեպքում, եթե դավաճանի իր սկզբունքին, չենք կարող  չնկատել, որ այդ դեպքում Դաշնակցությունը մի տասն անգամ արդեն պիտի փակված լիներ:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր




Լրահոս