Ադրբեջանի սահմանում հայտնված երիտասարդի մոլորվելու պատճառը եղանակային անբարենպաստ պայմաննե՞րն են եղել. ինչ է պատմում ազգականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը երեկ գիշերը տանից դուրս է եկել և մոլորվելով՝ հայտնվել Ադրբեջանի տարածքում: ArmLur.am-ի հետ զրույցում հակառակորդի սահմանում հայտնված երիտասարդի հորաքրոջ որդին` Մարտիրոսը, մանրամասնեց, որ Կարենը տանից դուրս է եկել գիշերը 2:30-ի սահմաններում:

«Տան անդամները, բոլորը քնած են եղել: Չեն նկատել` ինչպես է դուրս եկել տանից: Նա առողջական խնդիրներ ունի, բանակում չի ծառայել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ` եղանակային պայմաններն այդ օրն այնքան էլ բարենպաստ չեն եղել, հնարավոր է` դա ևս ճանապարհին մոլորվելու պատճառ դարձած լիներ: Ի դեպ, հայ երիտասարդի տունը Բերդավան համայնքի վերջին տունն է` սահմանին մոտ:

Մարտիրոսը հայտնեց նաև, որ նախկինում երբևէ Կարենը առանց զգուշացնելու տանից դուրս չի եկել:

Իսկ Բերդավան համայնքի ղեկավար Սմբատ Մուղդուսյանն ArmLur.am-ին հայտնեց, որ ադրբեջանական մամուլում տարածված լուսանկարում Կարենի կրած հագուստը նրանը չէ: Գյուղապետը ևս գերու մոլորվելու հանգամանքը կապում է եղանակային պայմանների հետ:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողներին հայտնել է, որ Կարեն Ղազարյանի հայրենադարձության ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում:




Լրահոս