Թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործով ուշագրավ շրջադարձ է տեղի ունեցել: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում: Իսկ Մ. Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով` «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» մեջ:
Մեղադրական եզրակացության ձեւակերպումն ինքնին ուշագրավ է. մարտի 1-ի իրադարձություններն այլեւս դիտարկվում են ոչ թե սոսկ տասը հոգու սպանության գործ, այլ 2008թ. նախագահական ընտրությունները կեղծելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու, այդ ընթացքում ապօրինի հրամաններով բանակը ներքաղաքական հարցերի միջամտության համար ներգրավվելու ընդհանրության մեջ: Այսինքն՝ նախաքննական մարմինը վերջապես տասը տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունը դիտարկում է ոչ թե առանձին դրվագներով, այլ մեկ ընդհանրության մեջ:
Միայն թե, նկատենք, սահմանադրական կարգը տապալելու գործում իր դերակատարությունն է ունեցել ոչ միայն ՊՆ-ն, այլեւ ուժային մյուս կառույցները: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս գործով հաջորդ մեղադրյալը կարող է լինել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Նա այս ընթացքում հասցրել է հեռանալ ՀՀ-ից: Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. հեռախոսն անջատված էր:
Մեկ փաստ էլ. ՀՔԾ-ն երեկ չի հերքել, որ մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
ՀՀԿ-ից մեծ արտահոսքը շարունակվում է, թեեւ պաշտոնական տվյալները բավական մեղմ պատկեր են ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ ՀՀԿ-ից դուրս է եկել 3 հազար մարդ: Հիշեցնենք, որ հունիսի կեսին Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնողների թիվը պաշտոնապես 1500 հոգի էր: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական է եղել այս օրերին կալանավորված ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանը` Արսեն Մկրտչյանը: Սակայն հիմա նա դուրս է եկել ՀՀԿ-ից՝ պնդելով. «Դուրս եմ գալիս մի կառույցից, որի գոյությունը դե ֆակտո ինձ համար չկա: Ես չեմ համարում, որ ՀՀԿ-ն այսօր գործում է, չեմ համարում, որ ՀՀԿ-ի հետ կարելի է հույսեր կապել: ՀՀԿ-ն ինձ համար կամ իմ ընտանիքի համար որեւէ լավ բան արած չունի: Ես եմ եղել կուսակցության համար, կուսակցությունն ինձ համար երբեք չի եղել: Կուսակցությունն ինձնից միայն վերցրել է, ոչ մի բան չի տվել ինձ»:
Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է: Ինչպես հայտնի է, նա կալանավորվել էր հունիսի 19-ին, այնուհետեւ նրան մեղադրանք էր առաջադրվել երեք անձի առեւանգելու, նաեւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակության ցուցումով առեւանգված անձանցից միայն երկու հոգի է ցուցմունք տվել: Ավելին, Ասատրյանի կալանավորումից անցել է 16 օր, սակայն մինչ օրս առեւանգված անձանց եւ նրա միջեւ առերեսում չի եղել: Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ էր կազմակերպվել. ըստ շրջանառվող լուրերի՝ մահափորձի պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը, որը հայտնի է Արտյոմ Կանեւսկո անվամբ: Եւ Դոն Պիպոն էլ, ըստ քրեական գործի նյութերի, կազմակերպել էր Կանեւսկոյի մարդկանց առեւանգելը:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը, որ վաղուց վայր է դրել պաշտոնական լիազորությունները,այնուամենայնիվ փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը: Ըստ մեր աղբյուրների՝ Սահակյանը մշտապես իր ժամանակը անցկացնում է փոխմարզպետների աշխատասենյակներում եւ այդպես վերահսկում մարզպետարանի աշխատանքը: Նշենք, որ Արագածոտնի մարզպետը ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է. նա այս պաշտոնին էր, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր, ու վերանշանակվեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո. ՀՅԴ-ն համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ժամանակ, երբ Դաշնակցությունը հանդես էր գալիս փոքր գործընկերոջ կարգավիճակում, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն էլ կարողանում էր պահպանել իր դիրքերը` փոխմարզպետների միջոցով ղեկավարելով այդ կառույցը: Սահակյանը փորձում է նույն գործելաոճով շարունակել նաեւ հիմա: Չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ե՛ւ Սահակյանը, ե՛ւ ներկայիս մարզպետ Սիմոնյանը հերքեցին այդ լուրերը:
ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է աներեւակայելի արագությամբ իրար հաջորդող ներքաղաքական իրադարձություններին, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում արտաքին ճակատում: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայն Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք ցանկանում են է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում:«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի», – պնդել է նա, հավելելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արեւմտյան Բալկաններում:«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին եւ նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը»,- հավաստիացրել է նա:
Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկնելու է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Եւ հիմա այդ այցի նախաշեմին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս մեսիջներն ուշագրավ են: Ի դեպ, Հայաստանի նախկին իշխանությունները եւս ժամանակին մասնակցել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: Սակայն ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի իշխանությունը չեն ունեցել այն հեղինակությունը, ինչ այսօր ունի նոր Հայաստանը, նորկառավարությունը: Այնպես որ, Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի նման վերաբերմունքը խոսում է թավշյա հեղափոխությունից հետո միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության աճի մասին: Ու հիմա նաեւ ՆԱՏՕ-ն է պատրաստակամություն հայտնել իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանին, հատկապես` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Այս ամենն իհարկե հաճելի է տեսնելը: Միաժամանակ, սակայն, պետք չի կորցնել զգոնությունն ու իրատեսությունը, ըստ այդմ, նոր իշխանությունների օրակարգում է բալանսավորված քաղաքականություն վարելու հրամայականը, այդպես թույլ չտալով երկիրը դարձնել մանրադրամ, գերտերությունների հարաբերություններում: Այնպես որ,ՀՀ-ն պետք է շարունակի խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, միաժամանակ հիշելով, որ ՀԱՊԿ անդամ է: