ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԵՂԱԴՐՈՂ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանները սկսել են մեկը մյուսի հետեւից ազատ արձակել քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերով կալանքի տակ գտնվող մի խումբ անձանց: Մասնավորապես «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածներից շատերի խափանման միջոցը փոխվել է, եւ կալանքից նրանք ազատ են արձակվել: Ժիրայր Սեֆիլյանի գործով ազատության մեջ է հայտնվել 6 անձ:

«Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու հետեւանքով բախումներ էր եղել ոստիկանների եւ Սարի թաղի բնակիչների միջեւ, որի հետեւանքով կալանքի տակ էր հայտնվել 10 անձ, որոնց 2 տարի անց ազատ արձակեցին: Նկատենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը վերոնշյալ անձանց ազատ արձակելու պաշտպանների բոլոր միջնորդությունները մեղադրող դատախազներն առարկում էին, դատարաններն էլ, բնականաբար, մերժում: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո վերոնշյալ գործերով դատարանները մեկը մյուսի հետեւից ազատ են արձակում աղմկահարույց գործերի շրջանակներում կալանավորված անձանց: Ընդ որում` դատախազներն այլեւս չեն առարկում միջնորդություններին, այլ համաձայնում են:
«Սասնա Ծռերի», ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրող դատախազը Պետրոս Պետրոսյանն է, որը նախկինում վերջիններիս բոլոր միջնորդությունները՝ խափանման միջոց կալանքը ստորագրությամբ երկրից չբացակայելով փոխելու, մերժել է, իսկ ահա ներկայումս վերոնշյալ գործերով բոլոր միջնորդությունները բավարարվում են: Ի դեպ, Պետրոս Պետրոսյանը նաեւ Հաց բերող Արթուր Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց աղմկահարույց քրեական գործերով դատարանում մեղադրականը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հրահանգ են ստացել, որ«Ծռերի» գործով կալանավորվածներին ազատ են արձակում, եւ կոնկրետ ումից են ստացել:
-Պարո՛ն Պետրոսյան, թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել Ձեր գործունեության մեջ, որ իրար հետեւից ազատ եք արձակում «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածներին: Այսինքն` դատախազությունը չի առարկում բոլոր այն միջնորդությունները, որ նրանց խափանման միջոցը կալանքը ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին փոխարինվի:
-ՀՀ գլխավոր դատախազությունը գործում է բացառապես ՀՀ սահմանադրության եւ օրենքի համաձայն:
-Իսկ ինչո՞ւ մինչ թավշյա հեղափոխությունը չէիք առաջնորդվում ՀՀ սահմանադրությամբ կամ օրենքի տառին համապատասխան եւ հիմա նոր սկսեցիք այն կիրառել:
-Նրանց վերաբերյալ մենք դատարանում մեր դիրքորոշումը արտահայտել ենք` կապված նոր հանցագործություններ կատարելու ռիսկի նվազեցմանան հետ, եւ դրանք առավել մանրամասն ներկայացրել ենք միջնորդությունների դեմ առարկություններ չներկայացնելու ժամանակ:
-Դուք բավականին աղմկահարույց գործերի մեղադրող դատախազ եք, մտավախություն չունե՞ք, որ թավշյա հեղափոխությունից առաջ տարբեր քրեական գործերով նախկին իշխանությունների հրահանգն եք կատարել, իսկ հիմա այլ մոտեցում եք իրականացնում, եւ Ձեր՝ նախկինում կատարած քայլերի համար պատասխանատվության կանչեն:
-Բացարձակապես, դրանք կապված չեն մեր քաղաքական իրողությունների հետ, այլ դրա արդյունքում ձեւավորված իրողություններով է պայմանավորված դիրքորոշումների փոփոխությունը, մասնավորապես նշեցի նոր հանցագործություններ կատարելու ռիսկի բացակայությունը:
-Ստացվում է, որ ռիսկը նոր հանցագործություն կատարելու բացակայեց, երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը:
-Դրանք կապված չեն մեր քաղաքական իրողությունների հետ:
-Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին մեղադրող դատախազներին հրահանգ է իջեցվել վերաբացել նախկինում կասեցված կարճված քրեական գործերի ընթացքը: Դուք կոնկրետ նման հրահանգ ստացե՞լ եք:
-Ես հենց սկզբից նշեցի, որ դատախազությունը գործում է բացառապես Սահմանադրության եւ օրենքի համաձայն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՀԱՅՏՆԻ ՀԱՅՐԻԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՈՐԴԻՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչական դատարանի նախագահ ընտրվեց Աղասի Դարբինյանը, որը ՀՀ վարչական դատարանի դատավոր է դեռեւս 2010 թվականից: Ի դեպ, վերջինս մշտապես աղմկալի պատմությունների կիզակետում հայտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց վերջինիս հետ հասկանալու համար, թե իր որ արժանիքի համար նա վերանշանակվեց ՀՀ վարչական դատարանի նախագահ:
-Պարո՛ն Դարբինյան, Ձեր ո՞ր արժանիքի համար երկրորդ անգամ Ձեզ ընտրեցին դատարանի նախագահ:
-Այդ հարցը ուղղեք ընտրողներին, նշանակողներին:
-Դուք Ձեր արժանիքները չգիտե՞ք:
-Չեմ կարող ուրիշի փոխարեն ինքս ինձ գնահատական տալ կամ իմ արժանիքներին, որ ինձ համար պաշտոնի առաջարկ է եղել կամ առաջխաղացում, այլ հարց ունե՞ք:
-Դատարանի դատավորների մեծ մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Օրինակ` ՀՀ վարչական դատարանի նախկին նախագահ Կարեն Մաթեւոսյանը Էջմիածին քաղաքի նախկին ոստիկանապետ Բաղիշ Մաթեւոսյանի որդին է: Դուք Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին եք: ՀՀ վարչական դատարանի միլիոնատեր դատավոր Անի Հարությունյանը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի` Գրիշայի դուստրն է, եւ այսպես շարունակ: Հայտնի պաշտոնյաների դատարա՞ն եք ստեղծել, շարքային մարդ չկա:
-Երեւի ավելի ուշադիր նայեք, շարքը այդպիսին չէ, իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որ ազգակցական կապ ունեն ինչ-որ ճանաչված մարդկանց հետ, դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ եւ չունի, դա իրենց անձնական գիտելիքների եւ հմտությունների արդյունքն է:
-Այսինքն` Ձեր հայրիկը ձեզ չի օգնել, որ դատավոր դառնաք, հետո դատարանի նախագահ:
-Ես այդ հարցին արդեն պատասխանեցի` ո՛չ, իմ հայրիկի գործոնը իմ գործունեության վրա որեւէ ազդեցություն չունի:
-ՀՀ վարչապետը ասել է, որ դատավորները աղերսում են, խնդրում են իրեն` ասելով, թե այս գործով ինչ անեն, դուք նեղսրտե՞լ եք:
-Բացառապես ոչ մի անգամ:
-Իսկ Ձեր ղեկավարության տակ գտնվող դատավորնե՞րը…
-Վստահ եմ, որ ոչ:
-Այդ դեպքում վարչապե՞տն է սուտ խոսում:
-Ես չեմ կարող ասել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում միայն վարչական դատարանի դատավորները չեն, կան այլ դատավորներ, թեեւ ես չգիտեմ, թե ով է զանգում, բայց վարչական դատարանում նման բան չի կարող լինել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԿԱ
Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինված ուժերի ակտիվ գործողությունները այնտեղ ապրող բնակիչների շրջանում ատելության մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են: «Նրանք ձգտում են Նախիջեւանի բնակչության ատելության մակարդակը հասցնել Ադրբեջանի մյուս հատվածներում ապրող մարդկանց ատելության մակարդակին»,-ասել է նա: Ա. Հովհաննիսյանը հայտնել է, որ Նախիջեւանի հատվածում արտառոց բան տեղի չի ունենում: Նույն գործողությունները եղել են նաեւ 10 տարի առաջ Տավուշի հատվածում եւ 20 տարի առաջ` Արցախում: «Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ: Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»,-նշել է Ա. Հովհաննիսյանը: Նա հավաստիացրել է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն այս պահին այնքան մեծ չէ, որքան մեկ ամիս առաջ, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել իրավիճակի փոփոխություններին:

 

 

ՊԵՏՔ Է ՄՏԱՀՈԳՎԻ
Հայաստանը պետք է մտահոգվի ոչ միայն ռուս գործիչների այցով Ադրբեջան, այլեւ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի երկրների հետ իր մերձեցմամբ: Նման կարծիք է հայտնել ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեեւը: «Արեւմուտքի երկրների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, մասնավորապես` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել` կազմակերպության գագաթնաժողովին, լրջորեն մտահոգում է Ռուսաստանին: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը չի համապատասխանում ՀԱՊԿ կազմում մնալու Հայաստանի ձգտմանը: Ինձ թվում է, որ եթե Հայաստանին այդքան մտահոգում է ռուս փորձագետների այցն Ադրբեջան, ապա նրան պետք է անհանգստացնի նաեւ այն, թե արդյոք չափազանց լուրջ չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ՝ իր խաղաղարարներին ուղարկելով դաշինքի գործողություններին եւ մասնակցելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին»,-ասել է Վ. Եվսեեւը: Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանին զենք վաճառելու, անկախ փորձագետների այցի մասին հարցեր առաջադրելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարության գործունեությունը համապատասխանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործող նորմատիվ փաստաթղթերին:

 

 

ԿԱՆԵՎՍԿՈՅԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է
Նախօրեին, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանեւսկոյ): ArmLur.am-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 1-ին ՀՀ ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել` Կանեւսկոյին կալանավորելու համար: Գործը քննելու է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը: Վերջինս, հիշեցնենք, քննել է Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների գործը: Նրա վարույթում է գտնվել նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքի միջնորդությունը: Դատավորը քաղաքապետին ստորագրությամբ ազատ էր արձակել: ArmLur.am-ին հայտնի է դարձել նաեւ, որ Ա. Հարությունյանը մեղադրվում է կեղծ անձնագիր կրելու համար: Ինչպես հայտնի է` վերջինիս անունը հոլովվում էր նաեւ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) դեմ կազմակերպվող սպանությունը պատվիրելու մեջ:




Լրահոս