ՀՔԾ-ն մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում: Հաշվի առնելով գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունն ու հնչեղությունը, ներկայացնում ենք ՀՔԾ երեկվա հաղորդագրությունն ամբողջությամբ:
«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի եւ այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչեւ նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:
Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:
Այսպես, պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից:
Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների եւ քաղաքացիների կողմից վերագրվել են Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը եւ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ:
Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը եւ խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով եւ կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը՝ գործող իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ, որոնք արտահայտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով եւ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ:
Այսպես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ մյուս պաշտոնատար անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաեւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, եւ միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», եւ «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաեւ բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները եւ ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Երեւան քաղաքում բազմահազարանոց խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երեւան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության եւ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձեւավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել Երեւանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:
2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Երեւան քաղաքի Ազատության հրապարակում ոստիկանական ուժերի կողմից իրականացվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ հեռացվել են հրապարակից եւ ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում:
Խաղաղ ցուցարարների թիվն ավելի է աճել եւ արդեն ցերեկը Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան եւ այլ փողոցներում:
Փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, նույն օրը՝ երեկոյան, Զինված ուժերը եւ ոստիկանության ստորաբաժանումները Երեւանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի եւ հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ:
Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ հատուկ միջոցների գործադրման հետեւանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երեւան համայնքին եւ քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների եւ իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք եւ ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին:
Մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»:
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂ 64-ԱՄՅԱ ԿԻՆԸ
2016թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով` բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով, Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Արամ Սարգսյանը դատապարտել է 3 տարվա ազատազրկման եւ 50 հազար դրամ տուգանքի: Ըստ մեղադրանքի` 2016թ. ապրիլի 15-ին` ժամը 22.00-ից մինչեւ 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Իծաքար գյուղի բնակիչ, 1954թ. ծնված կնոջ կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա առանձնատուն եւ տան ննջասենյակում մի քանի անգամ ապտակելով այդ կնոջը` վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Ա. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավտովերանորոգող, նախկինում չարատավորված Ա. Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ա. Սարգսյանը 2016թ. հունիսի 10-ին որպես մեղադրյալ է ներգրավվել մարմնական վնասվածք հասցնելու` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: 2016թ. օգոստոսի 21-ին նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, նա մեղադրվել է բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով: Ա. Սարգսյանի պաշտպան Գայանե Զաքարյանն իր պաշտպանյալին արդարացնելու խնդրանքով, վերաքննիչ բողոքով դիմել է վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ դատաքննության ընթացքում առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների եւ այլ ընդհանուր դրույթների խախտումներ, երբ դատաքննության միակողմանիության եւ ոչ լրիվության հետեւանքով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները համակողմանիորեն չեն հետազոտվել եւ գնահատվել, ինչը խոչընդոտելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմանը` ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը արձանագրված խախտումները վերացնելու համար պետք է տուժողի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկի, որից հետո միայն բազմակողմանի եւ օբյեկտիվ կերպով հետազոտի ձեռք բերված բոլոր ապացույցները, տուժողի ցուցմունքներում առկա էական հակասությունները:
Գրեթե 14 ամիս տեւած դատավարության ավարտին` 2018թ. ապրիլի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան) որոշել է Ա. Սարգսյանի պաշտպանի բողոքը մերժել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. դեկտեմբերի 23-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության: Թեեւ այդ որոշումից շուրջ 3 ամիս է անցել, սակայն Տավուշի մարզի առաջին ատայանի դատարանի այլ կազմով քրեական գործի դատաքննությունը չի մեկնարկել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ