ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին:
Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Սաքանյանը, 2012 թվականից հանդիսանալով Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն, նույն դպրոցի տնտեսվարի և տեխնիկական աշխատողի օժանդակությամբ շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, տնտեսվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնիկական աշխատողին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: