ԵՄ-ն հստակ առաջարկների է սպասում ՀՀ կառավարությունից: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման ակնարկ էր հնչեցրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա մասնավորապես նշել է, որ ԵՄ-ՀՀ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով: «Մենք շատ բաց ենք: Մեզ պետք են հստակ գաղափարներ, թե կոնկրետ ինչ է Հայաստանի կառավարությունը ցանկանում փոփոխել մեր քաղաքականության մեջ», – հայտարարեց Սվիտալսկին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին հասկանալու համար, թե ինչ առաջարկներով են հանդես գալու: Սակայն ի պատասխան` Եղոյանը նշեց. «Հայտարարությունը եղել է նոր, եւ վարչապետի արձագանքի համար մի փոքր ժամանակ է պետք: Կարծում եմ` կառավարությունը պետք է հանդես գա որոշ առաջարկներով, եթե ակնկալում են կոնկրետ աջակցություն»: