«Արժանիները կխրախուսվեն, իսկ չարաշահումները պետք է բացառել». խորհրդակցություն նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոսոտոմյանն այցելեց ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչություն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Հարությունյանն ԱԻ նախարարին ներկայացրեց մայրաքաղաքի փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությունը, շինության պայմաններն, իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անձնակազմի պատրաստվածությունը:

Երևան քաղաքի փրկարարական վարչություն կատարած այցի ընթացքում ԱԻ նախարար Ռոստոմյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար անձնակազմերը:

Օրակարգում դրված էր հիմնականում մայրաքաղաքի ջոկատների շենք-շինությունների, կենցաղային պայմանների, անձնակազմի՝ համազգեստով ապահովմանը և համալրմանն ու տեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցերը: Մասնավորապես, քննարկվեցին ջոկատներում փրփրանյութի չափաքանակին, հրշեջ մեքենաների վառելանյութին, անձնակազմի հաստիքների բավարարությանը, կենցաղային պայմաններին, տեխնիկայի արդիականացմանը և վերազինմանը վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց 2 շաբաթյա ժամկետում տեղեկատվություն և առաջարկություն ներկայացնել Երևանի վարչական շրջանների բաժինների և հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարար վիճակում գտնվող շենք-շինությունների մասին:

Հանդիպմանը նախարար Ռոստոմյանը նշեց, որ բարձրացված հարցերի մեծ մասը շուտափույթ լուծում կստանա: Նախարարը հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին հորդորեց խնդիրների առկայության դեպքում անմիջապես դիմել համապատասխան ստորաբաժանումներին: Անձնակազմի համալրման առումով նախարարը խստագույնս հանձնարարեց առաջնորդվել միայն արդարության սկզբունքով, և արժանի սպաներին ժամանակին ներկայացնել հերթական կոչման և պաշտոնի բարձրացման: «Արժանիները պետք է խրախուսվեն, ինչպես նաև ժամանակին ներկայացվեն հերթական սպայական կոչում ստանալու: Իսկ բոլոր չարաշահումները պետք է բացառել. որևէ մեկի նկատմամբ պարտավորվածություն չունենք», – նշեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Խորհրդակցությունից հետո Ռոստոմյանը շրջեց և ծանոթացավ նաև ԵՓՎ տարածքին կից գործող ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի գործունեությանը: Կենտրոնի սաները նկարչության, պարի և բեմականացումների միջոցով ներկայացնում են տարատեսակ աղետներին դիմակայելու առօրեական մշակույթը: Ուսուցողական ներկայացումները տարվա ընթացքում խաղարկվում են հանրապետության դպրոցներում և մանկատներում:




Լրահոս