ՀՀ մշակույթի նախարարությունը առաջարկություն է ներկայացնելու Երևանի քաղաքապետարան՝ Արամ Մանուկյանի արձանի համար այլընտրանքային վայր ընտրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Արձանի տեղադրումը տեղի է ունեցել Մշակույթի նախարարության կարծիքի բացակայության պարագայում: Հավանաբար, իրենք նախապես ենթադրել են, որ նախարարույթունը չի տա դրական արձագանք, դրա համար չեն դիմել: Սակայն հիմա ունենք այն, ինչ ունենք: Մենք առաջարկություն ենք ներկայացնելու Երևանի քաղաքապետարանին՝ արձանի տեղափոխության համար»,-ասաց նախարարը:
Մակունցի կարծիքով՝ արձանի տեղադրման համար այլընտրանքային վայր պետք է ընտրել: Արձանի տեղադրումը նախօրոք չի համաձայնեցվել լիազոր մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ։
Նախարարը նշեց նաև՝ նախորդ կառավարությունից մեծ ժառանգություն ունեն, որը դժվարեցնում է իրենց գործը:
Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցներին հարող տարածքում: Արձանի բացման արարողությունը հուլիսի 17-ին է:
Արամ Մանուկյանը եղել է Հայատանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։