Նոր իշխանության առաջին վրիպումը. որն էր Նիկոլ Փաշինյանի սխալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել եւ ԵՄ ղեկավարության ունեցած հանդիպումները տպավորիչ ստացվեցին։ Արեւմուտքը Փաշինյանին ընդունեց որպես ինքնիշխան երկրի ղեկավարի, որն օժտված է լեգիտիմության հսկայական պաշարով։ Դրանով հանդերձ՝ այցի ավարտին Փաշինյանի, այսպես ասած, դիտողությունը ԵՄ-ին հակասական արձագանքներ գտավ թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս։ Տպավորություն է, որ Հայաստանի նոր իշխանությունը հեղափոխական էյֆորիայով է փորձում պարուրել նաեւ եվրոպական գործընկերներին առանց նկատելու, որ արեւմուտքի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որեւէ առնչություն չունի ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարացման գործընթացների հետ։

Բրյուսելում արժանանալով ԵՄ ղեկավարների ջերմ ընդունելությանը` թվում էր, Նիկոլ Փաշինյանը փորձելու է կապիտալիզացնել այն ներքին հարաբերություններում։ Սակայն Բրյուսելի օդանավակայանում նա իր դժգոհությունն արտահայտեց Հայաստանի հանդեպ ԵՄ-ի վերաբերմունքից։ Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը ճշգրտի ու վերանայի, քանի որ հեղափոխությունից հետո ողջունելով ժողովրդավարացման գործընթացները՝ ԵՄ-ն ռեալ քաղաքական փոփոխություններ չի կատարել։ Իսկ հետեւյալ ձեւակերպմամբ Փաշինյանն ավելի է կոշտացրել իր հռետորաբանությունը. «Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, եւ կարծում ենք, որ պետք է կա՛մ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնեն, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխեն»:

Փաշինյանի ակնկալիքները արեւմուտքից ակնհայտորեն չարդարացված են։ Խնդիրն այն է, որ Հայաստանը արտաքին քաղաքականության հարցում որեւէ փոփոխություն չի իրականացրել, իսկ ԵՄ-ի եւ առհասարակ արեւմուտքի հիմնական մտահոգությունը հենց այդ կողմնորոշումային վերանայումն է։ Ըստ էության, նոր իշխանության արտաքին քաղաքականության մշակողները սխալ հաշվարկ էին կատարել առանց խորանալու ԵՄ-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների շուրջ։ Հարցը հավանաբար առաջին հերթին կադրային դաշտում է, քանի որ իշխանության առավել եւս արտաքին քաղաքականությունը մշակելու հարցում նշանակումները ծանոթության աստիճանով պայմանավորելը ոչ միայն բավարար հանգամանք չէ, այլեւ անգամ խաթարող գործոն է։

Միաժամանակ նոր իշխանության բացթողումը արտաքին հարաբերությունների վերաբերյալ կիսատ ընկալումն է։ Տպավորություն է, որ իշխանություններին թվում է, թե Հայաստանում հակակոռուպցիոն ակցիաների շրջանակներում ԵՄ-ն պետք է էականորեն փոխեր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Սակայն Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքը ոչ թե պայմանավորված է ներքին ժողովրդավարական գործնթացներով, այլ արտաքին կողմնորոշումով։ Եթե ԵՄ-ն Հայաստանի հանդեպ քաղաքականություն մշակեր` ներքին ժողովրդավարությունը հաշվի առնելով, ապա 2008թ. մարտի 1-ից հետո ամբողջ ԵՄ տարածքը պիտի փակվեր ՀՀ բոլոր պաշտոնյաների առաջ։ Ավելին՝ մեկը մեկից խայտառակ ընտրություններից հետո ԵՄ-ն մեծացնում էր Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը, ինչը կրկին խոսում է նոր իշխանությունների մոտ ձեւավորված թյուրընկալման մասին։ ԵՄ-ի համար Հայաստանի հետ հարաբերություններն առաջնահերթորեն փոխկապակցված են ՀՀ-ՌԴ դաշնակցությանը, եւ այստեղ որքան էլ Հայաստանը փորձի հավասարակշիռ երեւալ, իրավիճակը չի մեղմվելու։

Ինչպես պիտի ԵՄ-ի ղեկավարությանը համոզես Հայաստանին տրվելիք ֆինանսական միջոցները ավելացնել, եթե հեղափոխությամբ ձեւավորված իշխանության արտերկրյա առաջին այցը կատարվեց Ռուսաստան, իսկ Բրյուսելի հերթը հասավ միայն իշխանափոխությունից 2 ամիս հետո։ Սրանք մանր, սակայն խորհրդանշական իրողություններ են, որոնց հատկապես պետք է ուշադրություն դարձնեն նոր իշխանության արտաքին քաղաքականության պատասխանատուները։ Եվ զարմանալի չէ, որ նախօրեին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին առանց դիվանագիտական զսպվածության հռետորական հարց բարձրացրեց, թե այդ ինչ-նոր իրողությունների ու փոփոխությունների հիման վրա ԵՄ-ը պետք է վերանայի ՀՀ-ի հանդեպ տարվող իր քաղաքականությունը։ Դեսպանն անթաքույց ակնարկեց, որ այդ քաղաքականությունը կարող է փոխվել նոր փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ վերանայել ԵՄ-ի հետ նախորդ կառավարության կնքած համաձայնագիրը, որը, ըստ էության, իր հերթին առավելագույնն էր, ինչ կարող էր ԵԱՏՄ-ի անդամ պետությունը ստանալ ԵՄ-ից։

Ըստ էության, Հայաստանի նոր իշխանությունները թյուրըմբռնում են ունեցել ԵՄ-ի հայտարարությունների հարցում՝ ժողովրդավարական զարգացումների հանդեպ ողջույնը շփոթելով առարկայական աջակցության հետ։ Սա հայկական ընկալման՝ արեւմտյան քաղաքականության նկատմամբ ավանադական շփոթներից է։ Եվ այդ թյուրընկալումը դարերով կարծրացած պատմություն ունի՝ սկսած դեռեւս արեւմուտքի խաչակրաց ազատարար բանակների համազգային սպասումով։ Ի դեպ, 1998թ. Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նման թյուրըմբռնում ունեին` հայկական սփյուռքի հետ կապված, երբ պնդում էին, որ սփյուռքը տարեկան 300-400 միլիոն դոլարի ներդրում է անելու Հայաստանում։ Արդյունքում նախորդ 20 տարիներին Հայաստանը սփյուռքից ստացավ միջինում մոտ 10 միլիոն դոլար՝ սնանկ ճանաչելով 1998թ. պալատական հեղաշրջման կատարողների թեզը։

Իսկ ինչ վերաբերում է արեւմուտքի քաղաքականության վերանայման հանդեպ ունեցած սպասմանը, ապա այդ մոլորությունից պետք է շուտափույթ հրաժարվել։ Քանի դեռ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով կենսունակ պետություն չի դարձել, արեւմուտքի համար այն հետաքրքրություն է ներկայացնելու բացառապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ծիրում։ Անշուշտ, Հայաստանը չի կարող խաչ քաշել ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային ռիսկերը, որոնք նվազեցնելու ուղղությամբ էլ Եվրոպան որեւէ հուսալի առաջարկ, էլ ուր մնաց երաշխիք չի տալիս։ Ուստի առայժմ հարկ է կենտրոնանալ ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններ կառուցելու վրա առանց լարվածություն սերմանելու միտված հրապարակային դժգոհությունների։ Ընդդիմության կարգավիճակով նման հայտարարությունները գուցե թույլատրելի են, սակայն ոչ երբեք իշխանության առաջին դեմքի շուրթերից։

Ն. Հովսեփյան




Լրահոս