Իդեալականացումից մինչև տագնապներ.ինչո՞վ են պաշտոնյաները կաշկանդված. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորանշանակ պաշտոնյաների, կառավարության ներկայացուցիչների կողմից հնչում են խոսքեր, կարծիքներ, որոնք որոշ դեպքերում քննադատության են արժանանում հասարակության կողմից: Օրիգինալ երևալու ցանկությո՞ւն, թե՞ ուղղակի կառավարման ոլորտում անփորձության հետևանք է սա: Հոգեբան Սամվել Խուդոյանը հարցը մի քանի կողմերից է դիտարկում:

«Եթե պաշտոնյան ոչ թե ընկերների, այլ բարձրախոսի առաջ է խոսում, բնականաբար, պետք է հաշվի նստի իր ասածի հետ: Իհարկե, ամենառաջին պայմանը սուտ բան չասելն է: Նաև չասել բաներ, որոնց մասին տեղյակ չէ: Պաշտոնյայի համար մյուս ամենակարևոր սկզբունքը կոնկրետ լինելն է: Այսինքն`վերացական բաներ չի կարելի ասել, որովհետև վերացականի տակ մարդիկ կարող են ընկալել և ըմբռնել ամեն ինչ: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ վերոնշյալ անձանց մի մասն ամբողջ կյանքում պաշտոն չի զբաղեցրել: Նրանք նոր են նշանակվել: Կարծում եմ` քննադատությունները կսթափեցնեն, կսովորեցնեն նրանց, որպեսզի հավասարակշռեն ասածները: Բոլոր դեպքերում կոռեկտ խոսքը շատ կարևոր է բոլորի, առավել ևս` պաշտոնյաների համար»,–«Փաստի»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Սամվել Խուդոյանն առանձնացրեց նաև փաստերով խոսելու սկզբունքը:

«Օրինակ` հայտնի դեպքերով Նիկոլ Փաշինյանը խոսեց կոռուպցիոն ռիսկերի մասին: Ոչ մի կոռեկտություն չկար, բայց քանի որ կային փաստեր, կար ճշմարտություն, բոլորը ձեռքերը վեր էին բարձրացնում: Պաշտոնյան չի կարող կարծիք հայտնել գուշակության մակարդակով: Նման դեպքերում, կարծում եմ, պատճառն անփորձությունն է. ելույթը բարձրախոսի առաջ էապես տարբերվում է մյուս ելույթներից: Եթե հանրության առաջ եմ խոսում, ամեն մի բառը պետք է կշռեմ, որ իմանամ նաև դրանից բխող հետևանքները: Նորանշանակները պետք է շատ բաներ սովորեն: Պետք չէ նրանցից հարյուր տարվա փորձ ունեցողների հմտություններ պահանջել: Իսկ անզգույշ արտահայտած մտքի դեպքում պետք չէ պաշտպանվել, այլ պետք է ներողություն խնդրել` «կներեք` անզգույշ եմ արտահայտվել», և ժողովուրդը միանգամից կհասկանա: Փաստերով պետք է խոսել, եթե մի բան ասում ես, պետք է կարողանաս ապացուցել և վերջ: Այդ սկզբունքով պետք է առաջնորդվեն: Պետք չէ մշակել մյուսների մտքերը: Եթե վստահ չես, ասա, որ դա քո սուբյեկտիվ կարծիքն է, որ այն պետության ու իշխանության մյուս ներկայացուցիչների կարծիքը չէ: Այդ դեպքում ոչ ոք չի վերցնի ու քեզ չի ոչնչացնի»,–նշեց հոգեբանը:

Սամվել Խուդոյանը նոր իշխանության մի շարք ներկայացուցիչների մոտ հոգեբանական խնդիր է տեսնում:

«Երբ սկսում են խոսել, ակնհայտ է դառնում, թե որքան կաշկանդված են: Կան նաև տագնապի նշաններ: Իհարկե, նրանց մեջ կան վաղուց հայտնի հանրային դեմքեր, ովքեր հանգիստ և կոռեկտ են խոսում: Բայց նորերի մոտ, ովքեր նոր են հայտնվում էկրանի կամ բարձրախոսի առաջ, տագնապ կա: Լարված հետևում են, որ սխալ բաներ չասեն, բայց, միևնույն է, սխալներ են թույլ տալիս: Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ այդ մարդկանց դեմ նախկին իշխանությունների մի ամբողջ բանակ է աշխատում: Ֆիլտրում են, գտնում սխալներ, գրառումներ: Յուրաքանչյուր սխալ խոշորացույցով դեմ են տալիս ու ասում` տեսե՛ք, այսպես ասաց, հիշե՛նք` ինչպես է ասել և այլն: Իսկ ժողովուրդը շատ ուշադիր է նոր իշխանությունների վարքի, պահվածքի նկատմամբ: Իդեալականացված են ընկալում նոր իշխանություններին, և այդ պատճառով էլ սպասում են, որ ոչ մի սխալ չպետք է թույլ տան: Բնականաբար, ժողովրդի սպասումը շատ մեծ է` իդեալ են ուզում տեսնել: Ամենաչնչին արտահայտությունների նկատմամբ ուշադիր են»,–եզրափակեց հոգեբանը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս