ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն այսօր անդրադառնալով կառավարության աշխատակիցների վերջին հրապարակային հայտարարություններին, որը միանշանակ չընդունվեց հասարակության մի մասի կողմից, գրել է. «Մտահոգիչ է պետական մարմիններում որոշ նոր նշանակված անձանց հրապարակային ագրեսիվ պահվածքը (հայտարարությունները): Հավանաբար փորձի պակասից է։ Ընդունեք որպես խորհուրդ. պետական պաշտոնյան, ի տարբերություն ազատ քաղաքացու, ունի շատ պարտականություններ և քիչ իրավունքներ։ Պետական պաշտոնյան պարտավոր է ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն, հանդուրժողականություն։ Հաճախ նաև պարտավոր է կուլ տալ անգամ իր հասցեին հնչած անձնական վիրավորնքները։
Պետական պաշտոնն ընդամենը ծառայություն է, պաշտոն զբաղեցնողը` ծառայող»:
Մինչեւ նման ամպագորգոռ հայտարարություններ անելը, Արսեն Բաբայանին չէր խանգարի հիշել տարիներ առաջ իր հետ տեղի ունեցած միջադեպը, երբ անդրադառնալով ԱԺ նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, նրա հասցեին վիրավորական արտահայտություն էր արել հրապարակայնորեն, եւ հետո ստիպված եղել ներողություն խնդրել: Բայց ի տարբերություն ներկա կառավարության աշխատակիցների, որ հրաժարական տվեցին, Բաբայանը ոչ միայն չգնաց այդ քայլին, այլեւ ընդհակառակը՝ այսօր նրա պաշտոնն ավելի է բարձրացել: Իսկ ինքը՝ ԱԺ պաշտոնյան այն ժամանակ փորձում էր համոզել, թե արտահայտվել է որպես քաղաքացի՝ ֆեյսբուքի անձնական էջում:
«Ցավում եմ, որ անհրաժեշտություն ունեմ անդրադառնալ բյուջեի ընդունմանն ու կատարողականին։ Բյուջեի կատարողականն անթույլատրելի է խառնել բյուջեի ընդունման հետ, առավել ծանր է, երբ այդպիսի շփոթությունը պատգամավորի կամ այլ պետական պաշտոնյայի մոտ է լինում։ Այս համատեքստում կատարյալ անգրագիտություն է պետական բյուջեից ֆինանսավորվող կառույցի ղեկավարին հարցնել, թե ինչու է այս կամ այն ծախսն արել, դժգոհել դրանից։ Իսկ ամենազավեշտը կամ սարսափելին այն է, որ հարցնողը կամ դժգոհողը հենց բյուջեն ընդունողն է լինում։ Դուք ինչպես նախատեսել եք, այդպես էլ արվել է․․․ ի՞նչ կա այդքան բարդ, որ Ձեզ առիթ է տալիս «մտահո» ձևանալ»,- մայիսի 27-ին գրել էր Արսեն Բաբայանը:
Արդեն հունիսի 8-ի ԱԺ նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանը հրապարակավ պահանջել էր,որ Բաբայանը ներողոթյուն խնդրի: «Ստացվում է, որ այս մարդը չի ճանաչում իր դերը: Ուզում եմ իմանամ՝ մեր աշխատողը կոչված է մեր գործունեությունը լուսաբանելո՞ւ, թե մեզ փնովելու: Շունը տիրոջը չի ճանաչում, էդ մարդը չի ճանաչում իր դերը»,- ասել էր Մարուքյանը եւ հավելել, որ Արսեն Բաբայանը պետք է հրապարակի այն պատգամավորի անունը, ում մասին գրել է, թե անգրագետ հարց է տվել, այլ ոչ թե խոսի ընդհանուր: «Ես պատասխան եմ ակնկալում, ինքը պետք է ներողություն խնդրի»,- պնդել էր նա, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ վստահեցրել էր՝ կզբաղվի այդ հարցով:
Նույն օրը Արսեն Բաբայանը ստիպված էր ներողություն խնդրելու. «Այսօր, հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 27-ին ֆեյսբուքի իմ անձնական էջում կատարածս գրառմանը։ Այդ առնչությամբ կրկին իմ անձնական էջում հայտնում եմ. գրառմանս մեջ տեղ գտած կարծիքն իմ` ՀՀ քաղաքացու սեփական կարծիքն է: Այն որևէ առնչություն չունի Ազգային ժողովի հետ և չէր էլ կարող ունենալ։ Նշված գրառմամբ որևէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, իսկ եթե պարոն Մարուքյանը վիրավորվել է գրառմանս մեջ տեղ գտած քննադատությունից, ապա թող ներող լինի»:
Այս պատմությունն ավարտվեց ընդամենը ներողությամբ: Բայց ավելի ընդունելի կլիներ, եթե Արսեն Բաբայանը պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքի համար հրաժարական ներկայացներ