Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շուրջ նոր աղմուկ է հասունանում: ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում եւ աղմկահարույց բացահայտումներ են արել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները բացահայտել են, որ տնօրենը տուն-ինտերնատում գրանցել է աշխատողների, որոնք այդպես էլ աշխատանքի չեն ներկայացել եւ, ըստ էության, նրանց անվամբ փոխանցված գումարները յուրացվել են:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ տուն-ինտերնատի տնօրենը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես 2015 թվականին բացահայտվել էր, որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր-Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, զորակոչիկ Սամվել Վերդիյանը ձերբակալվել էին` խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, իշխանազանցության համար: Ասել է, թե այս պաշտոնյաները փորձել էին միանգամայն առողջ զորակոչիկին մի լավ կլորիկ գումարի դիմաց կեղծ հիվանդություններ վերագրել եւ ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից: Այս դեպքից հետո նրան կալանավորել էին, իսկ ավելի ուշ ինչ-ինչ հանգամանքներում ազատ արձակել: Այս ամենից հետո Արտակ Հարությունյանը կրկին աշխատանքի էր վերադարձել` շարունակելով ղեկավարել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը:
Հավելենք, որ Վարդենիսի տուն-ինտերնատի ձերբակալված տնօրեն Արտակ Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել է 2014թ.-ի օգոստոսի 7-ին: Ի դեպ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի եղբայրն է, իսկ վերջիններիս հայրն էլ Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժիշկն է եղել: