Երեք գյուղի բնակիչ զրկվել է հասարակական տրանսպորտից. անելանելի դրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Ռանչպար, Նորամարգ եւ Հովտաշեն գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Նշված գյուղերի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին` նշելով, որ արդեն մի քանի օր է, ինչ Երեւան եկող հասարակական տրանսպորտը չի աշխատում:

Խոսքը 219 համարի երթուղին շահագործող «Ալ-Կա» ընկերության մասին է: Նշենք, որ 219 համարի երթուղին շարժվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղից, հասնում է Արարատի մարզի Ռանչպար գյուղ, անցնում է Նորամարգով, Հովտաշենով ու ուղեւորվում է դեպի Երեւան: Ի դեպ, ընկերությունը երթուղու չաշխատելը երեք գյուղերի բնակիչներին տհաճ անակնկալի առաջ է կանգնեցրել: Անգամ բնակիչներին ընկերությունը այդ մասին նախապես չի զգուշացրել: Արդյունքում մարդիկ ստիպված են լինում տաքսիով հասնել աշխատանքի կամ ուզած վայր: Նրանց մեծ մասը, ովքեր աշխատում են պետական հատվածում, մեծ դժվարությամբ է հասնում:
«Ոչ թե ընդհատումներով է աշխատում, այլ ընդհանրապես գիծ դուրս չեն գալիս: Իսկ վարորդներն իրենց չաշխատելը պատճառաբանում են, որ ճանապարհները վատն են, եւ մեքենաները փչանում են: Դրա համար ժամանակավորապես դադարեցնում են քշել, մինչեւ գյուղապետերը չխոստանան, որ կնորոգեն ճանապարհները»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բողոքեցին բնակիչները: Նրանց խոսքերով` եթե ճանապարհները գտնվում են ոչ սարքին վիճակում, ապա այս դեպքում իրենք մեղավոր չեն: Բայց, չգիտես թե ինչու, նման հարցերում առաջինը տուժում են հասարակ մարդիկ: Բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այդ ճանապարհներին ժամանակ առ ժամանակ փոսալցման աշխատանքներ են կատարվում, բայց դա էլ բավարար չէ, որ դրանք նորմալ տեսքի գան: Բայց մյուս կողմից` տվյալ երթուղու պատասխանատու «Ալ-Կա» ընկերությունը մինչեւ շահագործելը ծանոթ է եղել ճանապարհների վիճակին: Ի դեպ, բնակիչները այս հարցում վճռական են տրամադրված: Նրանք «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հարցը լուծում չստանալու դեպքում պատրաստ են փողոց փակել, ինչպես ընդունված է Հայաստանում:

Նորամարգի գյուղապետ Արման Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ ինքը կապ է հաստատել տվյալ երթուղին շահագործողի հետ եւ քննարկել խնդիրը: «Ընկերությունից պատճառաբանում են ճանապարհների սարքին չլինելը: Խոստացան, որ երկու օրից նորից կսկսեն շահագործել երթուղին: Բայց չէ որ տենդերին մասնակցելուց առաջ ինքը ծանոթացել է ճանապարհների ոչ բարվոք վիճակին: Այնպես չէ որ նոր է անակնկալի եկել»,- լրացրեց գյուղապետը: Ապա նշեց, որ Արարատի մարզպետարանից պահանջել են ներկայացնել նորոգման ենթակա ճանապարհի երկարությունը: «Բայց, դե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա երկարատեւ է, ու ֆինանսներ են անհրաժեշտ»,- նկատեց Նորամարգի գյուղապետը:
Իսկ ահա «Ալ-կա» ընկերության տնօրեն Կարեն Մամիկոնյանը երթուղու շահագործման դադարեցնելու իր պատճառներն ունի: Նշենք, որ «Ալ-կա» ընկերությունը 219 համարի երթուղին սկսել է շահագործել այս տարվա հունվարից:
«Մինչեւ երթուղի բացելը համայնքի ղեկավարներին դիմել եմ ճանապարհների հարցով, ինձ հստակ պատասխան են տվել, որ խնդիր չկա` կնորոգենք, կբարելավենք: Մինչ օրս ոչ մի գործողություն: Ուղիղ մի քանի ամիս մեքենաները շահագործելուց հետո ամբողջությամբ ավիրվեցին: Հետո նոր մեքենաներ մտցրեցի երթուղի, բայց իմ եկամուտը ծախսերս չի ծածկում: Այսինքն` իմ ծախսն ավելի շատ է, քան եկամուտը: Իմ երթուղու մեքենաները փչացել են, ու պատճառը միայն ճանապարհների ոչ սարքին վիճակն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց Կ. Մամիկոնյանը:

Ընկերության ներկայացուցիչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս խնդրով ինքը նամակ է ուղարկել ե՛ւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, ե՛ւ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններ, ե՛ւ մարզպետարանի տրանսպորտի վարչություն: Գործարարի նամակին արձագանքել են միայն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից եւ մարզպետարանի տրանսպորտի վարչությունից:


«Բայց ոչ տրանսպորտի եւ կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Մարզպետարանից զանգեցին, շահագրգռված էին, ամեն ինչ ուզում էին անել, որ երթուղին շարունակի աշխատանքը, բայց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ձայն չկա: Ես ձեզ ինչպես նկարագրեմ, որ պատկերացնեք, թե ինչ վիճակում են հայտնվել իմ մեքենաները. 2009-2010թթ արտադրության մեքենաները այդ ոչ սարքին ճանապարհների պատճառով վերածվել են 2002թ. մեքենաների: Ոչ մի տիպի չենք կարողանում շահագործել: Ես 13 տարի տրանսպորտի բնագավառում եմ աշխատել, բայց այս պայմաններում չի կարող բարգավաճել ոլորտը: Նորմալ ճանապարհ տվեք, ես աշխատեմ, ու ինձանից էլ պահանջեք: Ճանապարհ չկա»,- մտահոգված նկատեց ընկերության ներկայացուցիչը: Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նման անտարբեր կեցվածք է ընդունում: Հուսանք, որ մեր հրապարակումից հետո նախարարությունը ուշքի կգա եւ, ի վերջո, կարձագանքի խնդրին:

Ի դեպ, ընկերության ներկայացուցիչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցի ավարտին մանրամասնեց, որ Ռանչպարից դեպի Արաքս ընթացող ճանապարհին բեռնատարներով 40 տոննա ավազ տեղափոխող մեքենաների շարժի, տեղափոխության արդյունքում է նաեւ ողջ ճանապարհը դարձել «փոսառատ ու սղոցի նման»: Քանի որ ավազը բեռնատարներից թափվում է «ասֆալտին, փոսեր են առաջանում, եւ ճանապարհը դառնում է սղոցված»:
Մինչ այդ արձանագրենք, որ ճանապարհների անբարեկարգ վիճակն առկա է ոչ միայն Արարատի մարզում, այլեւ ողջ հանրապետությունում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս