Ում դեմ են պայքարելու. արտահերթ ընտրություններ առանց ընդդիմության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվելու: Գաղտնիք չէ, որ մեր երկրում վերջին 10-ը տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրություններին մասնակցած հիմնական ուժերի նպատակը եղել է գործող իշխանության տապալումը եւ իշխանության գալը: Հենց այդ նպատակով էլ ընտրություններին մասնակից բոլոր հիմնական ուժերը նախընտրական քարոզչության ժամանակ ոչ միայն իրենց ծրագրերն էին ներկայացնում, այլ նաեւ նշում ՀՀԿ-ի լծից ազատվելու անհրաժեշտության մասին: Ու քանի որ ՀՀԿ-ն այս տարիների իր կառավարմամբ հասցրել էր մարդկանց համբերության բաժակը լցնել, անգամ կեղծ ընդդիմությանը հաջողվում էր քվե ստանալ, էլ չենք ասում իրական ընդդիմության մասին, որի քննադատությունները մարդկանց սրտով էին:

Այժմ կարծես թե իրավիճակն այլ է: Ամեն դեպքում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայելում է ոչ միայն հասարակության, այլ նաեւ ընտրությանը մասնակցել ցանկացող ուժերից շատերի համակրանքը: Եվ այժմ իսկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ստացվում է` առաջիկա ընտրություններում ձեւավորվելիք խորհրդարանում միայն ՀՀԿ-ն կարող է ընդդիմադիր լինել, քանի որ ի վերջո, օրինակ, այժմյան խորհրդարանում գործող ուժերից թե՛ ՀՅԴ-ն, թե՛ «Ծառուկյան» դաշինքը, որ նույնն է, թե ԲՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում են, հետեւաբար կողմ են նրան, կիսում են պատասխանատվություն եւ ընդդիմադիր լինել չեն կարող. նրանք չեն կարող պահանջել իշխանության հրաժարականը եւ հայտարարել, որ իրենք են գալու իշխանության:

Դե իսկ ՀՀԿ-ն էլ` որպես ընդդիմություն, զրոյական վիճակում է. համաժողովրդական շարժմամբ մերժվելուց հետո այս ուժը դեռ երկար տարիներ կմնա քաղաքական լուսանցքում: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ մինչեւ հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրներ հայտնվեն, ենթադրենք, նոր ստեղծվող կուսակցությունների տեսքով: Սակայն քիչ հավանական է, որ այդ ուժերը կկարողանան խորհրդարան անցնել, մանավանդ, երբ նրանց հետեւում կերեւան իրական կուսակցատերերի ականջները:

Հրապարակային հարցազրույցներից եւ դիրքորոշումներից արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմադիր չեն կարող լինել նաեւ ընտրություններին հնարավոր մասնակից արտախորհրդարանական ուժերը, ովքեր ամեն հարցում նաեւ Նիկոլ Փաշինյանին սատարելու խոստում եւ պատրաստակամություն են հայտնել: Իսկ եթե ոմանք իրենց հայտարարեն ընդդիմություն, դա կլինի ձեւական, ուղղակի՝ քաղաքական բազմազանություն ապահովելու համար եւ վերջ: ԵՒ մեծ է հավանականությունը, որ այս անգամ ի վերջո ընթանա գաղափարական պայքար, երբ քաղաքական ուժերը հայտարարեն ոչ թե իշխանությունը վերցնելու, այլ՝ խորհրդարանում ներգրավվածության պարագայում իրենց գաղափարները եւ ծրագրերն առաջ տանելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակից ուժերի ներկայացուցիչներից ճշտել` ինչ օրակարգով են մասնակցելու ընտրություններին եւ ինչ նպատակով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ցանկացած ուժ էլ ընտրություններին մասնակցում է իշխանության գալու նպատակով: «Մենք ինքնանպատակ չենք մասնակցում ընտրություններին: Մենք մեր ծրագրի հաղթանակի համար ենք մասնակցելու ընտրություններին, որպեսզի ժողովուրդը մեզ քվե տա, հավանություն տա, եւ մենք կարողանանք իշխանություն ձեւավորել: Ցանկացած քաղաքական ուժ այդ նպատակն է հետապնդում քաղաքական գործունեություն իրականացնելիս: Մենք որեւէ մեկին ոչ թե ընդդիմանում ենք, այլ ներկայացնում ենք մեր ծրագրերը հանրությանը, վերջինս էլ ում ավելի շատ ձայն կվստահի, նրանք էլ կառավարություն կձեւավորեն, եւ կիրականացնեն իրենց ծրագիրը», – նշեց նա:

Դիտարկմանը` ձգտելու են կառավարություն միայնակ ձեւավորել, թե Նիկոլ Փաշինյանի հետ, նա նշեց. «Դա կախված է տրված քվեներից: Գիտեք որ որեւէ կուսակցություն, եթե ցանկանում է միայնակ ձեւավորի կառավարություն, ապա պետք է ունենա բացարձակ մեծամասնություն, իսկ եթե չի ունենում, գնալու է կոռուպցիոն կառավարման ձեւավորման: Ժողովրդի քվեից պարզ կդառնա, թե որ ուղղությամբ կընթանա կառավարման համակարգը»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարելու են հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման: «Եվ ներկայացնելու ենք մեր ծրագիրը Հայաստանի Հանրապետության զարգացման, որը կնպաստի նաեւ հայկականությունը պահպանելու համար» – նշեց նա: Մարտիրոսյանի խոսքով` այժմ ֆորսմաժորային իրավիճակ է:

«Գործող իշխանությանը, ղեկավարությանը մենք մեր աջակցությունը հայտնում ենք, մեր բերած իշխանությունն է, իսկ մնացածը պարզ կլինի ընտրություններին», – նշեց նա: Մարտիրոսյանը խորհուրդ տվեց չշտապել եւ չեզրակացնել, թե ընտրություններից հետո ընդդիմություն միայն ՀՀԿ-ն կլինի` խորհուրդ տալով սպասել ընտրություններին:

Ամեն դեպքում, առջեւում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, եւ շատ բաներ կախված են ընտրությունների ժամկետից եւ մինչ այդ տեղի ունեցող գործընթացներից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս