«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ Վան Եղիազարյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, պարզել, թե այս կամ այն իրավիճակում իրեն ինչպես կդրսեւորեր երգիչը: Նա պատասխանել է այն հարցերին, թե ում կերպարն է իրեն երբեւէ ոգեշնչել, եւ ինչպես է կարողանում դուրս գալ անելանելի վիճակներից: Վանն անդրադարձել է նաեւ աղջիկ երկրպագուներից շատերին հուզող հարցերի:
-Միշտ հավատացել եք, որ կարող եք…
-Թռչել:
-Ռեինկարնացիա, թե՞ հավիտենական կյանք:
-Ռեինկարնացիա: Հավիտենական կյանքը երեւի ձանձրալի կլիներ:
-Երբ սկսեցիք հետաքրքրվել քաղաքականությամբ, հասկացաք, որ…
-Պետք չէ հետաքրքրվել քաղաքականությամբ: Ամեն մարդ պետք է զբաղվի այն բանով, ինչն իր մոտ լավ է ստացվում: Ամեն դեպքում, պետք է տեղեկացված լինել երկրի անցուդարձից, հարկավոր է քաղաքացիական դիրքորոշում ունենալ:
-Եթե չլինեիք բեմի մարդ, կնախընտրեիք լինել…
-Բեմի ստրուկ (ծիծաղում է): Ես կարող էի լինել ֆուտբոլիստ. փոքր տարիքից ունեցել եմ այդ պոտենցիալը: Կարող էի լինել մարքեթոլոգ. ավարտել եմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: Բայց ամենաշատը բեմի մարդ լինելն է իմ սրտով: Ի դեպ, ինձ առաջարկել են լինել բեմի մարդ, բայց ոչ երգիչ, այլ դերասան: Դեռ չգիտեմ՝ կընդունեմ այդ առաջարկը, թե ոչ: Բայց ամենաշատը ուզեցել եմ կիթառահար լինել, հետագայում ավելացավ նաեւ վոկալը:
-Ո՞ր նկարչին կվստահեիք Ձեր դիմանկարը:
-Լեոնարդո դա Վինչիին:
-Երբ Ձեզ թվում է, որ անելանելի վիճակում եք…
-Վերցնում եմ կիթառն ու սկսում եմ քթիս տակ մի մեղեդի երգել: Հենց այդ անելանելի իրավիճակներից շատերի ժամանակ են երգեր ծնվում: Գրեթե բոլոր այն երգերը, որոնք ցինիկ տեքստեր չունեն, այլ գրված են խորը բառերով, այդպես են կյանքի կոչվել:
-Հաղթում է նա, ով…
-Իրական է, կեղծ չէ, ով գիտի՝ ուր է գնում:
-Ո՞ւմ կերպարն է Ձեզ միշտ ոգեշնչել:
-Ամեն շրջանում ինձ տարբեր կերպարներ են ոգեշնչել, հիմնականում երաժիշտներ: Ամենամեծ ազդեցությունն իմ կյանքում Ջոն Լենոնն է ունեցել, ապա կարելի է նշել Լեոնարդ Քոհենի անունը: Հիմնականում հեղինակ կատարողներն են ինձ հետաքրքրել, քանի որ տեսել եմ, թե ինչպես են նրանք կյանքը վերածել երգի: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ արտիստը հանդես է գալիս սեփական մտքերով, ինքն ապրում է, ինքը գրում է, ինքն էլ ներակայացնում է ապրածը:
-Ի՞նչ կասեք Ձեզ սիրահարված երկրպագուին:
-Պարզապես կգրկեմ նրան:
-Ո՞ր ֆիլմում կցանկանայիք նկարահանվել:
-«Life is beautiful», իտալական ֆիլմ է:
-Ձեզ հիմնականում նախանձում են նրանք, ովքեր…
-Դեռ ինքնահաստատված չեն:
-Երկու հատկություն, որոնցով տղամարդն անպայման պետք է օժտված լինի:
-Հումորի զգացում եւ խիզախություն:
-Ձեր կողքի կինը պետք է լինի մեկը, ով…
-Կհասկանա իմ՝ հինգ րոպեն մեկ փոփոխվող տրամադրության պատճառը:
-Եթե Դուք լինեիք երկրի նախագահը...
-Հրաժարական կտայի:
-Պահ, որ մի ամբողջ կյանք արժեր:
-Հորս հետ անցկացրած ամեն մի վայրկյանը: Նրան վերջերս եմ կորցրել…
-Ձեր բնավորության ամենաուժեղ գիծը համարում եք...
-Կամք ունենալը:
-Երբեք չեք ներում այն մարդուն, որը…
-Դավաճանում է:
-Նկարագրեք՝ ըստ Ձեզ՝ որոնք են հանգստի համար իդեալական պայմանները:
-Մնալ տանը, լինել միայնակ, ձեռքի տակ ունենալ երաժշտական որեւէ գործիք: Հաճախ ստեղծագործելու ընթացքը հենց հանգստանալու ընթացքն է:
-Հակահերոսներից ամենաշատը Ձեզ հետաքրքրում է…
-«American History X» ֆիլմից ռասիստի կերպարը: Իսկապես հետաքրքիր տեսակ է:
-Այս հարցերից ո՞րն ամենաշատը Ձեզ դուր եկավ:
-Դիմանկարի մասին հարցը:
Աննա Բաբաջանյան