ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնյաներից ովքեր հարցաքննության կկանչվեն, և ինչ խնդիր է դրել ՊԵԿ նախագահի առջև Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին բացահայտումների եւ ոլորտային խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

-Պարո՛ն Անանյան, ՊԵԿ-ում անցկացված աուդիտի շրջանակում բացահայտումներ եղա՞ն:

-Ես ներքին աուդիտի վարչության հաշվետվությունը դեռ չեմ ստացել: Ներքին անվտանգության վարչությունն իր ամենօրյա գործառույթն իրականացնում է: Եվ ծառայողական քննություններ կան, որոնք իրականացվում են եւ վերաբերվում են այս կամ այն հարկային կամ մաքսային ծառայողի կոնկրետ վարքագծին առնչվող տեղեկատվության հերքմանը կամ հաստատմանը:

-Իսկ արդյունքների մասին հանրությունը ե՞րբ կտեղեկանա:

-Արդյունքների մասին հանրությանը տեղեկացնելու իրավական պարտականություն մենք չունենք, ուղղակի որդեգրելով թափանցիկ գործելակերպ` այն տեղեկատվությունը, որը մեր կարծիքով հանրային հետաքրքրության առարկա կլինի, մենք դրանք կբացահայտենք:

=ՊԵԿ նախկին նախագահը որեւէ կերպ պատասխանատվություն կրելո՞ւ է` իր աշխատանքի ընթացքում հնարավոր չարաշահումների կամ խնդիրների հետ կապված:

-Մենք չենք թիրախավորում կոնկրետ անձանց: Մենք այդպիսի նպատակադրում չունենք: Եթե որեւէ հարկ վճարողի վարքագծի ուսումնասիրման կամ օրենսդրությամբ սահմանված կարգով մեր գործառույթների իրականացման շրջանակում կտեսնենք, որ այդ հարկ վճարողի վարքագիծը որեւէ անձի` լինի դա պաշտոնատար անձ` ներկա, նախկին թե նախկինից նախկին, եթե նրանց կոնկրետ գործողությունների կամ անգործության հետեւանք է, մենք համապատասխան քայլերը կձեռնարկենք: Ինչ վերաբերում է իմ կոլեգային` Վարդան Հարությունյանին, շատ դեպքերում ես այսօր նաեւ իր կողմից կատարված աշխատանքի բարենպաստ արդյունքները քաղում եմ: Մենք իրականացնում ենք օրենսդրությամբ սահմանված կարգով մեր գործառույթները: Եթե դրա շրջանակում այդպիսի բաներ կբացահայտվեն, համապատասխան քայլերը մենք կիրականացնենք:

-Կնշե՞ք մի քանի հարց, որ Դուք` որպես ՊԵԿ նախագահ, Ձեր առջեւ խնդիր եք դրել` վերացնելու:

-Հարկային ստվերի գոյությունը: Դրա ոլորտային ուսումնասիրություն նախկինում չի կատարվել: Մենք հանրության առջեւ պետք է լինենք շատ ավելի, այսպես ասած, ազնիվ: Չէի ուզի, որ հանրության մոտ այնպիսի տպավորություն լիներ, որ մենք մեր ամենօրյա գործառույթների մի մասը դադարեցրել ենք եւ զբաղվում ենք միայն իրավապահ դաշտի գործառույթներով: Այդպիսի բան չկա: Թերեւս, ամենակարեւորը համակարգային բացթողումների, մեր 20-25 տարվա գործունեության, մեր բոլորիս բացթողումների պատճառները բացահայտելն է: Դա ստվերի գոյությունն է: Կա ստվեր, այո՛, կա ստվեր: Մեր գլխավոր խնդիրը հիմա ստվերի դեմ պայքարի գործիքակազմ առաջարկելն է կառավարությանը:

Մանրամասները`  տեսանյութում

Մերի Մարտիրոսյան, Հվոսեփ Հովսեփյան




Լրահոս